Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթն այսօր էլ պնդում է, թե Միացյալ աշխատավորական կուսակցությունում (ՄԱԿ) եւ «Ժողպատգամավոր» խմբում արդեն իսկ քննարկումներ են ընթանում, թե այդ ուժերի՝ իշխանական կոալիցիայում ընդգրկվելու պարագայում ովքեր են գործուղվելու կառավարություն: Մյուս կողմից, Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթում «Կիսում են կոալիցիայի կաշին» վերնագրի տակ մատուցված է. - «Այս խաղի մեջ շատ հեշտ է ներքաշել ոմանց, ովքեր միայն ու միայն երազում են նախարար ունենալ, կոալիցիա կազմել, եւ դրան հաջորդով բարեկեցությունը, սեփական մեծամեծ խնդիրների լուծումը այլեւս ժամանակի ու ցանկության հարց կարող է դառնալ: Պարզունակ վերադասավորումների ինժեներները հստակ պատկերացնում են, որ կարեւորը մեկ-երկու շշուկ հրապարակ նետելն է, հետո ամեն ինչ կընթանա ինքնաբերաբար՝ չինովնիկից մինչեւ այս ողջ բաժանումների հետ որեւէ առնչություն չունեցող շրջանակների համար»: «Երկիր»-ի շեշտադրմամբ՝ կոալիցիայի վերախմբագրման այդպիսի ընթացքը կարող է տանել միայն ցնցման, եւ «դրան հաջորդող քննադատությունը այլեւս ուղղված կլինի նախագահին ու եւս մեկ երկու հոգու»:

«Դաշնակցությունը երկրում տեղի ունեցած եւ տեղի ունեցող զարգացումների եւ քաղաքական իրադարձությունների վերաբերյալ ունի եւս մեկ դիրքորոշում, որը սկզբունքորեն տարբերվում է այն տեսակետերից, որը պաշտոնապես ներկայացնում են ՀՅԴ ղեկավարները», - մատնանշում է այսօր «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը՝ վկայակոչելով ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի վերջին՝ 2003-ի հոկտեմբերի համարի խմբագրականը: Դրանում մասնավորապես նշված է. - «Հայաստանի մեջ գործող քաղաքական ուժերն իրենց էությամբ այսօր ներկայանում են հիմնականում երկու խմբավորումներով. ժողովրդից ծնված եւ նրա իղձերն իրագործելու առաքելություն ստանձնած ուժեր, որի ամենահարազատ եւ միակ գործուն ներկայացուցիչը ՀՅԴ-ն է, եւ անհատ անձնավորության շուրջ տնտեսական թե այլ շահակցական նպատակներով առաջացած քաղաքական ուժեր, որոնք, ըստ էության, իրենց ձեռքն են կենտրոնացրել երկրի իշխանական լծակները եւ, իբր այդպիսին, նաեւ պետական քաղաքականություն են մշակում՝ սեփական տնտեսական շահերը մեկնակետ ունենալով... Այսօր Հայաստանում տիրում է շահակցական, կլանային համակարգ, որը պայմանավորում է իշխանության վերարտադրության մեխանիզմները»: Մեկնաբանը բխեցնում է, թե այսօրինակ երկակի գնահատականներով Դաշնակցությունը փաստորեն «սպասում է հարմար պահի Հայաստանում իշխանությունը վերցնելու համար»:

«Իրավունք» թերթի մեկնաբանի դիտարկմամբ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շարունակում է ապացուցել իր քաղաքական կենսունակությունն ու ճկունությունը. - «Նրա դիրքերի ապահովման ուղղություններից մեկն է դարձրել ՄԱԿ-ի եւ «Ժողպատգամավորի» հետ համաձայնության գալը, թեկուզեւ կոալիցիայի ընդլայնման գնով: Ապահովագրության մյուս ուղղությունն այն էր, որ Գալուստ Սահակյանը մի խումբ հանրապետական պատգամավորների հետ ցուցադրաբար եկել էր վերաքննիչ դատարան՝ Արմեն Սարգսյանի դատավարությանը... Ըստ էության, վարչապետը փոխզիջման եզրեր գտավ իշխանամետ մյուս ուժերի հետ՝ միաժամանակ Ռոբերտ Քոչարյանին մեկ անգամ եւս հիշեցնելով, որ ցանկության դեպքում կարող է ցանկացած պահի գործնական հարաբերություններ հաստատել նաեւ ընդդիմության հետ»: «Իրավունք»-ի մեկնաբանի կարծիքով, այս ընթացքով 2004-ի առաջին կեսում վարչապետափոխության հավանականությունը դարձել է աննշան:

«Իշխանության լեգիտիմության հարցի քաղաքակիրթ լուծման ձեւը վստահության հանրաքվեի անցկացումն է», - շաբաթ օրը հանրահավաքում հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը: «Իրոք, դա հարցի լուծման ամենաքաղաքակիրթ տարբերակն է, որը, սակայն, կարող է շատ անցանկալի հետեւանքներ ունենալ հենց ընդդիմության համար», - անդրադառնում է այսօր «Առավոտ» թերթը: - «Այն, որ հանրաքվեն կանցնի մեզ հայտնի բոլոր ընտրությունների սցենարով, կարող ենք չկասկածել... Հայաստանի բնակչության 99 տոկոսը կքվեարկի Քոչարյանի հանդեպ ունեցած իր անվերապահ վստահության եւ ակնածանքի օգտին»: Բայց ինչո՞վ պիտի դրանից հետո զբաղվի ընդդիմությունը. չէ՞որ բանավիճել իշխանության հետ ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ՝ ներկայիս ընդդիմության համար բացարձակապես անիմաստ է. «Արդարություն» դաշինքն ու «Ազգային միաբանություն»-ը իշխանության հետ այդ հարցերում գաղափարական տարաձայնություններ չունեն»:

«Հայոց աշխարհ» թերթի ընդգծումներով, Հայաստանը Վրաստանից ընդօրինակելու բան բացարձակապես չունի, եւ մեր որոշ ընդդիմադիրների շարունակվող զուգահեռումները լիովին անհեթեթ են: Այստեղ մասնավորապես հարց է ձեւակերպված. - «Ինչո՞վ են մեր հարեւանները տարբերվում խաղաղօվկիանոսյան կղզիների աբորիգեններից, եթե իրենց երկրի ղեկավարին փոխում են, որպեսզի վերականգնեն ամերիկյան ընդհատված օգնություններն ու ծրագրերը՝ ստանալու համար եւս մի քանի տարի չաշխատելու եւ ուրիշի հաշվին ապրելու հնարավորություն: Իրականում հենց սա է վրացական «վարդերի հեղափոխության» խորքային պատճառը՝ բուն շարժիչ ուժը եւ ոչ թե ժողովրդավարության հասնելու, առավել եւս՝ տնտեսապես տարածաշրջանի ամենաբարգավաճ երկիրը դառնալու ցանկությունը»« - վստահեցնում է «Հայոց աշխարհ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG