Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, իշխանական վերնախավում կոալիցիայի կազմն ընդլայնելու որոշում է կայացվել. դրա մաս են դառնալու նաեւ «Ժողպատգամավոր» խումբը եւ ՄԱԿ-ը (Միացյալ աշխատանքային կուսակցություն): «Սա ենթադրում է, որ կոալիցիայի երկու նոր սուբյեկտները նույնպես նախարարական պորտֆելներ են ստանալու»« - կանխագծում է «Հայկական ժամանակ»-ը: - «ՄԱԿ-ին եւ «Ժողպատգամավորին» երկուական նախարարական պորտֆելներ են տրվելու: Այս խնդրի լուծման համար Հանրապետական կուսակցությունը ստիպված է լինելու հրաժարվել երկու, իսկ ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիր»-ը՝ մեկական նախարարական պորտֆելից»: «Սկզբնական շրջանում Դաշնակցությունն ու «Օրինաց երկիր»-ը կդիմադրեն այս ծրագրին, ընդհուպ կսպառնան դուրս գալ կոալիցիայից: Սպառնալիքը, սակայն, լուրջ ազդեցություն չի ունենա, քանի որ ՀՀԿ-ն, «Ժողպատգամավորը» եւ ՄԱԿ-ը առանց ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկիր»-ի էլ կարող են խորհրդարանական մեծամասնություն ձեւավորել», - նշում է «Հայկական ժամանակ»-ը: Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Ես միանշանակ դրական եմ համարում այն մոտեցումը, որ թե՛ «Ժողպատգամավորը», թե՛ ՄԱԿ-ը մաս կազմեն կոալիցիոն կառավարության: Եվ ես դա ոչ միայն կողջունեմ, այլեւ ամեն գնով կնպաստեմ, որ դա կայանա»: «Կոնկրետ այս պահին ես նման հիմքեր չեմ տեսնում, բայց եւ չեմ բացառում, որ նման բան հնարավոր է», - իր հերթին արձագանքել է Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: «Դաշնակցական եւ օրինացերկրական առաջին դեմքերի հետ զրույցների տպավորությունն այնպիսին էր, որ նրանք խիստ դեմ կլինեն կոալիցիոն կառավարության ներսում որեւէ փոփոխության», - փոխանցում է թղթակիցը: «Ժողպատգամավոր» խմբի նախագահ Կարեն Կարապետյանն էլ առայժմ ասում է, որ ինքը չափազանց պահպանողական մարդ է, ուստի «անիմաստ է համարում մինչեւ ջուրը տեսնելը՝ բոբիկանալը»:

Պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ասել է. - «Առայժն ես գոհ եմ կոալիցիոն կառավարության աշխատանքից: Երեք կուսակցությունների կողմից նշանակված նախարարները բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները: Քաղաքական ուժերի կոալիցիան մեր քաղաքական մշակույթի նոր բաղկացուցիչ է, եւ մենք հույս ունենք հետագայում այն խորացնել ու պահպանել»: Անդրադառնալով հարցին, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն ու Դաշնակցությունը երբեմն իրենց այնպես են պահում, կարծես անմասն են գործադիր իշխանության աշխատանքին, Անդրանիկ Մարգարյանը նշում է. - «Նման դեպքերը շատ չեն: Դա կապված է փորձի պակասի հետ: Եկող տարի, վստահ եմ, նման դրսեւորումներ չեն լինի»:

Երեկ խորհրդարանում հարկային օրինափոխություններին առնչվող քվեարկություններում «կողմ» էին քվեարկել անգամ այն գործարար պատգամավորները, որոնք շուրջ երեք շաբաթ անդադար քննադատում էին այդ փոփոխությունները: «Իրոք որ, բիզնեսի վրա կառավարության ազդեցության լծակներն անսպառ են», - բխեցնում է «Հայկական ժամանակ» թերթը՝ նաեւ արձանագրելով. - «Դրանք ոչ թե քվեարկություններ էին, այլ վիրտուոզ դաշնակահարություն: Յուրաքանչյուր պատգամավոր սեղմում էր այնքան կոճակ, որքան կհասցներ 10 վայրկյանի ընթացքում»: «Ազգ» թերթի մեկնաբանը այսօր գրում է. - «Որ խորհրդարանում պատգամավորները քվեարկում են նաեւ մյուսների փոխարեն, իհարկե, նորություն չէ։ Որ ուրիշի փոխարեն կոճակ սեղմելը կատարվում է բացահայտ, նույնպես նորություն չէ Հայաստանի քաղաքական կյանքում։ Սակայն, երբ անամոթությունը հասնում է այնտեղ, որ կարող են պնդել 63 պատգամավորի փոխարեն հենց լուսատախտակի վրա գրանցված թվով երեսփոխանների ներկայություն, պարզ է, որ այս գումարման Ազգային ժողովն էլ մյուսների նման ժողովրդավարության եւ իրավական արժեքների հետ որեւէ կապ չունի»։

Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքից «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) նախագահ Հրանտ Խաչատրյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցարզրույցում պատկերավորում է. - «Իշխանությունների կողմից քաշված է կտրուկ սահմանագիծ... Դու կա՛մ բարիկադի այս կողմում ես, կա՛մ այն, հստակ պետք է կողմնորոշվես: Որովհետեւ բարիկադի վրա կանգնողներին երկու կողմից էլ հարվածում են: Ըստ այդմ՝ քաղաքական կոնյունկտուրայի առումով «Արդարությունը», ինչպես նաեւ ընդդիմության մյուս թեւը ներկայացնող «Ազգային միաբանությունը», անկախ միմյանց նկատմամբ համակրանքից կամ հակակրանքից, ուղղակի պարտադրված են լինել բարիկադի այն կողմում, որը քննադատում է իշխանություններին»: «Համոզված ենք, որ արտաքին եւ ներքին քաղաքական իրավիճակի փոքրիկ բարենպաստ փոփոխության դեպքում անգամ կարելի է հիմքեր ստեղծել իրական իշխանափոխության համար: Դաշինքում հիմնական բանավեճերն այն հարցերի շուրջ են, թե ինչպե՞ս, ի՞նչ ձեւերով, ի՞նչ չափի քաղաքական ակտիվություն դրսեւորել», - կիսվում է Հրանտ Խաչատրյանը: - «Ժամկետից շուտ իշխանափոխությունը Հայաստանում, միեւնույն է, անխուսափելի է: Դրա շուրջ են ծավալվելու հիմնական ներքաղաքական զարգացումները գալիք տարում»:

Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, «Առավոտ» թերթում անդրադառնալով Ղարաբաղի հարցը հանրաքվեի միջոցով լուծելու հարցադրմանը, մասնավորապես ասում է. - «Եթե իսկապես որոշվի, որ հարցը պետք է հանրաքվեի դրվի, եւ եթե ամբողջ հասարակությունը գտնի, որ հանրաքվե պետք չէ, ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը, եթե կարելի է ուղղակի ասել, որ մենք մեր հանրաքվեն արդեն իրականացրել ենք եւ ընտրել ենք հանրապետության նախագահ, էլի ընդունելի տարբերակ է: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցի լուծմանը, դա հայ սպային չպետք է հետաքրքրի», - սահմանում է պաշտպանության փոխանախարարը: - «Մեզ հետաքրքրում է մի բան՝ մենք պետք է ունենանք մարտունակ բանակ եւ մեր մարտունակությամբ պետք է կարողանանք պահել այսօրվա իրավիճակը, որպեսզի Ադրբեջանի ղեկավարության մտքով չանցնի Ղարաբաղի հարցը լուծել զենքի կամ պատերազմական գործողությունների վերսկսման ճանապարհով»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG