Մատչելիության հղումներ

Հայաստանը ակնկալում է Ճապոնիայի օգնությամբ վերակառուցել Երեւանի ՋԷԿ-ը


Ինչպես չորեքշաբթի օրը հայտարարեց Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնի տնօրենը, Հայաստանի կառավարությունը հույս ունի Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկի 140 միլիոն դոլար արտոնյալ վարկի շնորհիվ գերարդիական ջերմակենտրոնի վերածել Երեւանի հնացած ՋԷԿ-ը:

Մոտ 165 միլիոն դոլար արժեցող այդ ներդրումային ծրագրի մնացած 25 միլիոն դոլարը, ըստ մշակված նախագծի, կազմելու է կառավարության ներդրումը՝ հիմնականում ներկայիս ՋԷԿ-ի՝ գործածության համար դեռեւս պիտանի սարքավորումների տեսքով։

Ջերմաէլեկտրակենտրոնի գործադիր տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանի խոսքերով, առանց լուրջ ներդրումային նախագծերի ՋԷԿ-ը ներկա վիճակով աշխատեցնելը ոչ միայն տնտեսապես արդարացված չէ, այլեւ որոշակի վտանգ է պարունակում։ Այստեղ արտադրված հոսանքի կիլովատտ/ժամի ինքնարժեքը 18,5 դրամ է:

«Գործող էլեկտրակայանը շատ հին է, աշխատում է արդեն 40 տարուց ավելի եւ լիովին սպառել է իր աշխատանքային ռեսուրսը», - ասաց Հովակիմյանը՝ ավելացնելով նաեւ, որ շատ ցածր է հուսալիության մակարդակը:

ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրով նախատեսվում է 3 տարվա ընթացքում կառուցել 230 մեգավատտ դրվածքային հզորությամբ շոգեգազային կոմբինացված ցիկլով աշխատող մեկ էներգաբլոկ, որի արտադրած էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտը կարժենա ընդամենը 7- 8 դրամ, կատարված ներդրումները հաշվի առնելու դեպքում՝ մինչեւ 10 դրամ։

ՋԷԿ-ի վերակառուցման արդյունքում միայն բնական գազի վրա Հայաստանը տարեկան կտնտեսի 19,5 միլիոն դոլար, քանի որ կրկնակի կպակասի վառելիքի տեսակարար ծախսը, ինչպես նաեւ 2,5 անգամ կպակասեն մթնոլորտային վտանգավոր արտանետումները, որոնք այժմ մի քանի անգամ գերազանցում են թույլատրելի նվազագույն նորմերը։

Երեւանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագիրը համատեղ մշակվել են ճապոնական ՏԵՊՍԿՈ ընկերության եւ ՋԷԿի մասնագետները։ Դրանց հետո նախագիծը փոխանցել է ճապոնիայի Միջազգային համագործակցության բանկի փորձագետներին։ Այդ բանկի տնօրենների խորհրդի հավանությանն արժանանալուց հետո նախագիծը կներկայացվի Ճապոնիայի կառավարության հաստատմանը։

Հովհաննիսյանը ակնկալում է, որ հաջորդ տարվա ընթացքում նախագծի վերաբերյալ դրական որոշում կկայացվի, կկնքվի միջպետական պայմանագիր եւ մրցութային կարգով կընտրվի շինարարարության գլխավոր կապալառուն։

Եթե նախագծով սահմանված ֆինանսավորման ժամկետները պահպանվեն, ապա հիմնովին վերակառուցված ՋԷԿ-ը, ըստ Հովհաննիսյանի, շարք կմտնի 2008 թվականին։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG