Մատչելիության հղումներ

Քննարկվել են Հայաստան- Վրաստան հարաբերությունները


Օրերս Վրաստանի մայրաքաղաքում «Հարավային Կովկասի անվտանգություն» հասարակական հաստատության նախաձեռնությամբ անցկացված Հայաստան - Վրաստան հարաբերություններին նվիրված քննարկումներում մեծ տեղ է հատկացվել վիրահայության խնդիրներին:

Հայաստանից քննարկումներին մասնակցել են Ազգայի ժողովի ընդիմադիր պատգամավորներից Շավարշ Քոչարյանը եւ վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանը:

Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցի հենց սկզբում «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը կտրականապես հերքեց հայաստանյան մամուլում հայտնված տեղեկատվությունը, թե ինքը Թբիլիսիում ասել է, թե Ռուսաստանը որոշ խմբավորումների միջոցով փորձում է Ջավախքում անջատողական տրամադրություններ սերմանել եւ, որ այդ գաղափարի կողմնակիցներ կան նաեւ Հայաստանում:

«Վրաստանում որեւէ գործակալության, որեւէ լրագրողի ես ոչ մի հարցազրույց չեմ տվել», - հայտարարեց նա՝ ներվրաստանյան իրավիճակի մասին խոսելիս էլ շեշտելով. - «Իմ գնահատականը նա է, որ տվյալ պարագայում կլիներ կոպիտ սխալ, եթե հայությանը հրահրեին կտրուկ քայլերի»:

Քոչարյանի փոխանցմամբ, տեղի ունեցած քննարկումները, որին վրացական կողմը ներկայացել է խորհրդարանի փոխխոսնակի մակարդակով, հիմնականում ծավալվել են 4 թեմաների շուրջ՝ արտաքին, գեոպոլիտիկ ազդեցությունները, ներտարածաշրջանային գործոնները, երկկողմ հարաբերությունները եւ հայության վիճակը Վրաստանում: Այս վերջին հարցը քննարկումների ընթացքում դարձել է ամենածավալունը:

Առաջին հերթին արձանագրվել է, որ չնայած Վրաստանում հոծ հայ համայնքի առկայությունը, բավարար չափով չի ապահովվում նրա մասնակցությունը Վրաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքին:

«Արձանագրվեցին փաստեր, որոնք խոսում են հենց խտրականության մասին», - ասաց Շավարշ Քոչարյանը՝ ավելացնելով, որ ընդունվել է կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Ջավախքում, ի տարբերություն Վրաստանի մյուս շրջանների, չի իրականացվում հողի սեփականաշնորհում: Վրաստանի քաղաքացի ջավախքահայերը ունեն սոսկ իրենց մշակած հողը վարձակալելու իրավունք: Ջավախքում կամայական մոտեցմամբ են ձեւավորվում համայնքները. վրացական յուրաքանչյուր գյուղի տրվում է առանձին համայնքի կարգավիճակ, իսկ հայկական մի քանի գյուղերից միասին է կազմվում մեկ համայնք, ինչը կանխորոշում է հայերի սահմանափակ նեկայությունը ընտրովի մարմիններում:

Հայկական կողմը խոսել է նաեւ Հայաստան- Վրաստան սահմանին կատարվող թալանի մասին, ինչը վնասում է երկու երկրների հարաբերություններին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG