Մատչելիության հղումներ

Բաքվում տեղի ունեցավ Հեյդար Ալիեւի հուղարկավորությունը


Ադրբեջանի մայրաքաղաքում երկուշաբթի օրը տեղի ունեցավ այդ երկրի երկարամյա ղեկավար, այդ երկիրը ավելի քան երեք տասնամյակ գլխավորած Հեյդար Ալիեւի հուղարկավորությունը: 80-ամյա Ալիեւի մահվան մասին հաղորդվել էր ուրբաթ երեկոյան, նրա մարմինը Քլիվլենդից, որտեղ նա բուժվում էր վերջին ամիսներին, Բաքու էր տեղափոխվել կիրակի առավոտյան:

Հարյուր հազարավոր մարդիկ են մարդ են Բաքվում մասնակցել Ալիեւի հուղարկավորությանը: Աշխարհի 50 երկրների ղեկավար ներկայացուցիչներ եկել էին Բաքու՝ վերջին հրաժեշտը տալու խորհրդային, ապա անկախ Ադրբեջանի ղեկավարին:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր էր ուղարկել Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւին: Ըստ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի, հեռագրում Ռոբերտ Քոչարյանը «իր անկեղծ ցավակցությունն է հայտնել նրա հոր` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի մահվան կապակցությամբ»:

Հայաստանի քաաքական ուժերը ընդհանուր առմամբ դրական են գրահատում Հեյդար Ալիեւի հետխորհրդային շրջանի գործունեությունը:

«Բնական է, որ նա [Հեյդար Ալիեւը] միջազգային մակարդակի քաղաքական գործիչ էր, որը, փաստորեն, իր ժողովրդի, իր պետության համար կատարեց մեծ դրական աշխատանք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց իշխանական կոալիցիայի կուսակցություններից Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը:

Մկրտչյանի խոսքերով, որպես խոշոր քաղաքական գործիչ Ալիեւը հասկացավ «առճակատման եւ անկայունության քայքայիչ նշանակությունը մեր տարածաշրջանի համար»:

«Խաղաղ բանակցությունների վրա շեշտադրում կատարելը նաեւ տարածաշրջանային մասշտաբով ունեցավ որոշակի դրական ներգործություն այն իմաստով, որ նա կարողացավ Հայաստանի պարզած ձեռքը վերցնել եւ տեղափոխել կոնֆլիկտը խաղաղ բանակություններով լուծելու փուլ», - ասաց Լեւոն Մկրտչյանը:

Կոալիցիայի ամենամեծ ուժի՝ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերով, Հեյդար Ալիեւը իր ամբողջ գործունեության ընթացքում «համենայն դեպս, հարեւան երկրների հետ մեծ լարվածություններ չստեղծեց»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտութանն ու դրա կարգավորման գործընթացին, ապա Սահակյանը չի կարծում, թե հրադադարի պահպանումը կապված էր միայն Հեյդար Ալիեւի հետ. դա ավելի ծավալուն խնդիր է:

«Ես կարծում եմ, որ բանակցային պրոցեսն այնպիսին է, որն ունի իր սկզբունքները, եւ այս սկզբունքների մշակման գործում, կարծում եմ, որպես հավասարակշռված, փորձառու քաղաքական գործիչ, մեծ դեր ուներ նաեւ Ալիեւը», - ասաց Գալուստ Սահակյանը՝ ավելացնելով. - «Կարծում եմ, որ Ալիեւի հեռանալը այնքան էլ նպաստավոր չէր մեր հետագա բանակցությունների համար»:

Իշանությունը որդուն փոխանցելու՝ ավագ Ալիեւի մտածած ու հետեւողականորեն իրականացված ծրագիրը Սահակյանի կարծիքով, «անբնական պրոցես էր»:

«Հեյդար Ալիեւի գործառույթների մեջ վերջին տարիներին, հիմնականում այդ [իշխանությունը որդուն փոխանցելու] խնդիրն էր դրված», - ասաց նա: - «Դա ժողովրդավարական բնույթին երբեք հարիր գործընթաց չէ»:

Հեյդար Ալիեւի հետ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շուրջ երկու տասնյակ շոշափելի արդյունքի չբերած հանդիպումներ է ունեցել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Անցած շաբաթ Ժնեւում Քոչարյանը առաջին անգամ հանդիպում ունեցավ Իլհամ Ալիեւի հետ: Երկու նախագահներն էլ գոհ էին հանդիպման արդյունքներից:


Հրաչ Մելումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG