Մատչելիության հղումներ

Գազի սակագինը կարող է բարձրանալ 2004-ի փետրվարի 1-ից


Մենաշնորհային դաշտում ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների սահմանման լիազորությամբ օժտված Բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի խոսքերով, արդեն գալիք տարվա փետրվարից կլինեն որոշ սակագների թանկացումներ:

«Հունվարի 1-ից որեւէ թանկացում որեւէ բնագավառում մենք չենք ունենալու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Ռոբերտ Նազարյանը՝ դրական պատասխան տալով հարցին, թե թանկացումները տեղի ունենան փետրվարից:

Հանձնաժողովը արդեն սակագները բարձրացնելու հիմնավորումներով հայտեր է ստացել գազի, ջրի մատակարար ընկերություններից, ինչպես նաեւ՝ մեծածախ սակագնի բարձրացման հայտ՝ Մեծամորի ատոմակայանից:

«Հայռուսգազարդ» ընկերությունը ներկայացրած հայտով պահանջում է մատակարարվող բնական գազի 80 ԱՄՆ դոլար միջին սակագինը դարձնել 95 դոլար (1000 խորանարդ մետրի համար): Այս հայտի առնչությամբ հանձնաժողովի որոշումը հայտնի կդառնա մինչեւ դեկտեմբերի 25-ը, այդուհանդերձ, Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանին հավաստիացրեց, թե՝ «հաստատ չի լինելու 95»:

Որքան էլ քիչ թանկանա գազի սակագինը՝ եթե հաշվի առնենք նաեւ, որ մեծածախ սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել նաեւ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը մատակարարող Մեծամորի ատոմակայանը, էլեկտրաէներգիայի արդեն իսկ բարձր սակագնի բարձրացումը, կարծես թե, անխուսափելի է դառնում՝ թեկուզեւ ոչ տարեսկզբից:

Ինչ վերաբերում է ջրի սակագնի գրեթե կրկնակի բարձրացմանը, ապա Նազարյանի խոսքերով, հանձնաժողովն այստեղ կօգտագործի որոշում ընդունելու համար իրեն օրենքով վերապահված ամբողջ ժամկետը (90 օր):

«Մեր որոշումները միշտ դժգոհության առիթ են տալու ինչպես սպառողների, այնպես էլ ծառայություններ մատուցող ընկերությունների մոտ», - ասաց Նազարյանը՝ փաստարկելով. - «Որովհետեւ մենք կոչված ենք այնպիսի հավասարակշռված սակագնային քաղաքականություն վարել, որ հավասարաչափ դժգոհ մնան երկու կողմերը միաժամանակ»:

Պատասխանելով սակագների հնարավոր բարձրացման հետեւանքով հնարավոր սոցիալական դժգոհության հնարավոր դրսեւորումներին վերաբերող հարցին, Ռոբերտ Նազարյանը ասաց. - «Թե կառաջացնե՞ն դրանք [հանձնաժողովի որոշումները] սոցիալական խնդիրներ առանձին խմբերի մոտ, մեր հասարակության առանձին անդամներ ի վիճակի կլինե՞ն վճարել, սա հանձնաժողովի խնդիրը լինել չի կարող եւ պետք էլ չէ, որ հանձնաժողովը այս հարցում իր միջամտությունը բերի»:

Դա, Նազարյանի համոզմամբ, կառավարության խնդիրն է, որը պետք է մտածի, թե ինչպիսի քաղաքականություն վարի այդ բնագավառներում:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG