Մատչելիության հղումներ

ԱԺ անդամ գործարարների վերաբերմունքը հարկային փոփոխությունների նկատմամբ միանշանակ չէ


Դատելով խորհրդարանում ներկայացված գործարար շրջանակների արձագանքից, բյուջեին կապակցված հարկային փոփոխությունների փաթեթի շուրջ դեռեւս վերջնական համաձայնություն չկա։ Մինչդեռ 13 օրինագծերից բաղկացած ու հարկերին առնչվող գրեթե բոլոր օրենքներում նախատեսվող փոփոխությունները, ընդունման ու կիրառման դեպքում հավակնում են պետական բյուջեի մուտքերը լրացուցիչ ավելացնել ընդամենը 3 միլիարդ դրամով:

Հարկահավաքին առնչվող վարչարարական միջոցառումների խստացման դեպքում այդ մուտքերը կաճեն եւս 5 միլիարդ դրամով։ Արդյունքում, պետական պաշտոնյաների խոսքերով, եկամուտների ստվերային շրջանառությունը կնվազի 8 միլիարդ դրամով, եւ համապատասխան չափով կաճեն պետության եկամուտները։

Խորհրդարանական գործարարների վերաբերմունքը առաջարկած հարկային փոփոխություների փաթեթի նկատմամբ միանշանակ չէ: Խոսքը առաջին հերթին «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխության մասին է, որով նախատեսվում է, որ 5 տոկոսից պակաս շահութաբերություն արձանագրող գործարարը պետք է իր ստացած հասույթի 1 տոկոսի չափով շահութահարկ մուծի բյուջե։

Ազգային ժողովի պատգամավոր, «ՍԻԼ կոնցեռն»-ի Խաչատուր Սուքիասյանի համոզմամբ, սա ընդամենը մասնակի լուծում է եւ չի վերաբերում ընդհանրապես հարկ չվճարող գործարարներին:

«Նորից այն կազմակերպություններն են վճարելու, որոնք մաքսիմում իրենց շրջանառությունը ցույց են տալիս», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սուքիասյանը: - «Այն կազմակերպությունների համար, որոնք ցույց չեն տալիս, պարզ է, որ [առաջարկվող փոփոխությունը] ավելի բարենպաստ է»:

Կառավարությունը, մինչդեռ, վստահեցնում է, որ հարկային փոփոխությունների փաթեթը հավակնում է լրջորեն ավելացնել պետական բյուջեի եկամուտները: Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) իր գնահատականի մեջ ավելի հեռուն է գնում՝ ասելով, թե հարկային փոփոխությունների փաթեթը խստացնում է հարկային վարչարարությունը միմայն անբարեխիղճ հարկատուների նկատմամբ։

Մինչդեռ Խաչատուր Սուքիասյանի համոզմամբ, հարկային փոփոխությունների փաթեթը ամենեւին չի լուծում հարկային ստվերի արմատական կրճատման խնդիրը:

«Եթե [կազմակերպությունը ] ընդհանրապես չփաստաթղթավորված գործունեություն է ծավալում, ամբողջապես ստվերում է գտնվում, ապա նրա խնդիրը չի լուծում», - ասաց Սուքիասյանը:

Պատգամավորի համոզմամբ, առաջարկված փաթեթը,սակայն, որոշակի դրական կողմեր էլ ունի։ Ասենք, «Եկամտահարկի մասին» օրենքում առաջարկված փոփոխությամբ, վարձու աշխատողների թվաքանակի եւ նրանց տրվող աշխատավարձերի թերհայտարարագրման համար նախատեսված է պատասխանատվություն տուգանքի տեսքով՝ յուրաքանչյուր չգրանցված աշխատողի համար՝ 25 հազար դրամի չափով։ «ՍԻԼ կոնցեռն»-ի նախագահը կարծում է, որ հարկային փոփոխությունների փաթեթում շահեկան են նաեւ լուծումները, որոնց միջոցով հնարավոր կլինի հավասար մրցակցության պայմաններ ապահովել բոլոր գործարարների համար:

Ազգային ժողովի մեկ այլ գործարար պատգամավոր՝ Երեւանի Աղի կոմբինատի սեփականատեր Արեգ Ղուկասյանը համոզված է, որ կառավարության առաջարկած հարկային փոփոխությունները մշակվել են՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը:

«Այսօրվա վիճակով գտնվել է մի լուծում, որը թույլ կտա ստվերում գտնվող ձեռնակություններին ինչ-որ չափով բերել դաշտ», - ասաց նա՝ ընդունելով, որ որոշման մեջ կան «բաց տեղեր»: - «Բայց այս պահին դա միակ ճիշտ լուծումն է»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG