Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Օրերս բրիտանական հայտնի «Էկոնոմիստ» ամսագիրն իր կանխատեսումներն էր հրապարակել Հայաստանի հեռանկարի թեմայով: Անդրադառնալով դրան, «Առավոտ» թերթը ի մի է բերում. - «Ըստ բրիտանական փորձագետների, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը 2005-2005 թվականներին դարձյալ լարված կլինի: Նախ՝ որովհետեւ ժողովրդավարական բոլոր նորմերը խախտած ընտրությունները է'լ ավելի են բեւեռացրել իշխանությունների ու ընդդիմության հարաբերությունները: Բայց «Էկոնոմիստ»-ի կանխատեսումը ընդդիմության հարցում այնքան էլ մխիթարական չէ. նոր նախագահական ընտրություններ անցկացնելու համար նրանք չեն կարող հույս դնել ո'չ արտաքին, ո'չ ներքին աջակցության վրա»: Ընդհանուր առմամբ, բրիտանացի փորձագետները գոնե մեզ՝ հայերիս համար Ամերիկա չհայտնագործեցին. - «Այն, որ ընդդիմությունը ակնառու հաջողություններ չի արձանագրելու, իսկ կառավարությունը նույնն է մնալու անգամ կոալիցիայի փլուզման դեպքում, ակնհայտ է Հայաստանի ցանկացած քաղաքացու... Սակայն մեզնից յուրաքանչյուրը հոգու խորքում ուզում էր հուսալ, որ մեզ մոտ քաղաքական ճահիճը այնքան խորը չէ, ընդդիմությունն ու իշխանությունը այնքան ապաշնորհ չեն, ինչքան մեզ է թվում»:

«Փոքրիկ Հայաստանը վերածվելու է մի մեծ հողամասի, որի գոյությունը աշխարհաքաղաքական խաղի մասնակիցները կարող են եւ չնկատել», - այսպիսի վտանգավոր հեռանկար է տեսնում «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը՝ եթե Հայաստանը արագ չտրամադրվի կարգավորելու հարաբերությունները իր անմիջական հարեւանների հետ: Մատնանշվում է, որ Բաքու - Ջեյհան նավթամուղից հետո երկրորդ մեծ հարվածը Հայաստանին կարող է դառնալ վրաց-թուրքական երկաթուղու կառուցումը: Դա, ըստ էության, կհանգեցնի Մեղրու աշխարհաքաղաքական նշանակության կորստի: «Հայկական ժամանակ»-ում այսօր նաեւ ընդգծվում է. «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին տրված հայաստանյան ձեռնարկություններում ոչինչ չի արվում, թեեւ համաձայնագիրը կնքելիս ռուսական կողմը հավաստիացնում էր այդ ձեռնարկություններում խոշոր ներդրումների, պատվերների, աշխատատեղերի բացման մասին:

Բացի այդ, հակառակ նախնական հավաստիացումներին, ռուսական կողմը ավելացրել է Հայկական ատոմակայանին վաճառվող միջուկային վառելիքի գինը: «Այբ-Ֆե» թերթի վերլուծությամբ, Ռուսաստանը, վստահաբար, հայերիս օգտագործելու է Վրաստանի ու վրացական նոր իշխանությունների դեմ: «Ջավախահայության անհնազանդությունը վրաց իշխանությունների դեմ այս պահին Ռուսաստանի համար դեպքերի ամենացանկալի շարունակությունը կհանդիսանա, քանի որ այդ կերպ ռուսները ոչ միայն կստանան վերջնականապես պառակտված Վրաստան, այլեւ կունենան թշնամական ուժերի կողմից բոլորեքյան պաշարված Հայաստան, որը բնականաբար ու վերջնականապես կդառնա Ռուսաստանի կամակատարն ու ձեռնասունը», - գնահատում է «Այբ-Ֆե»-ն:

Ըստ «Իրավունք» թերթի, Ռուսաստանի նախագահ Պուտինը դժգոհ է մնացել Ռոբերտ Քոչարյանի՝ ղարաբաղյան կարգավորման տարբերակը հանրաքվեի դնելու գաղափարից. - «Ռուսաստանը ձգտում է արագացնել հարցի լուծումը»: «Ղարաբաղյան հարցի մոտալուտ հանգուցալուծմանն ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն էլ չեն կարող էական ազդեցություն չթողնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա», - ուրվագծվում է «Իրավունք»-ում: - «Կարգավորման տարբերակի վերաբերյալ դիրքորոշումների հիման վրա հնարավոր են ցանկացած վերադասավորումներ իշխանական դաշտում՝ ընդհուպ մինչեւ արտահերթ նախագահական ընտրություններ»:

«Սահմանների բացումով ավելի շատ հետաքրքրված են արտաքին ուժեր՝ երրորդ կողմը, եւ ոչ Թուրքիան եւ Հայաստանը», - ասում է Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Երկիր» թերթում ներկայացվող հարցազրույցում: - «Գիտենք, որ մեր երկիրը շատ զգայուն վիճակում է եւ չի կարող բավարարվել հաղորդակցական կապերով, որոնցով այսօր օժտված է: Դա անդրադառնում է երկրի տնտեսության, քաղաքական ճկունության եւ քաղաքական ծրագրերի իրականացման գործի վրա: Դա գիտակցելով հանդերձ, միաժամանակ պետք է խոստովանել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ազգային անվտանգության հարց է եւ պետք է այդ տեսակետից քննարկվի»: Ընդհանուր առմամբ, Հրանտ Մարգարյանի գնահատականով, Հայաստանում կա «դրական մթնոլորտ, զարգացման միտում, հույս ու տեղաշարժ»: Բայց դա միայն հարցի մի կողմն է. - «Մյուս կողմում առկա է 50 տոկոսից ավելի աղքատություն, 60 տոկոսի չափ գնահատվող ստվերային տնտեսություն: Այնպես որ, մի պարագայում դա կարող է հույս ներշնչել, ոգեւորություն ու դրական մթնոլորտ ստեղծել, մյուս առումով՝ կարող է ընդվզումի պատճառ դառնալ»:

«Ամերիկացիների խոսքը կա՝ եթե հարեւանս վատ է ապրում, դա ինձ համար պրոբլեմ է», - «Հայոց աշխարհ» թերթում ուղղորդում է այսօր Սոս Սարգսյանը: - «Հիմա մեր հայ հարուստները պետք է հասկանան, որ եթե իր հարեւանը վատ է ապրում, դա իրենց պրոբլեմն է»: Միեւնույն ժամանակ, Սոս Սարգսյանը մնում է այն կարծիքին, որ մենք իրավունք չունենք նմանվելու մեկ այլ ազգի, որովհետեւ մեր ազգային խնդիրները ուրիշ են: Մեր խորհրդարանն էլ, օրինակ, հենց այս տեսակ պիտի լինի՝ դեռ այդքա'ն կարող ենք...


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG