Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ» թերթում օրվա հարցն է՝ «Ինչպե՞ս եք գնահատում մարդու իրավունքների վիճակը Հայաստանում»: Ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը ասում է. - «Վիճակը շատ վատ է մեր երկրում, քանի որ հայ մարդը չգիտի օրենքները, չգիտի իր իրավունքներն ու պարտականությունները: Սա պետության մեղքն է, որ օրենքները չի մատուցում ժողովրդին, եւ քաղաքացու մեղքը, քանի որ հայերս յոլա գնալու խնդիր ենք լուծում, փոխանակ արժանապատիվ կյանքի ձգտենք»: «Մարդու իրավունքների մասին մեր ընկալումները խիստ քաղաքականացվեցին, ինչի հետեւանքով մոռացության տրվեցին մարդու բարեկեցիկ կյանքի, ստեղծագործելու, առողջ միջավայրում ապրելու իրավունքները», - գնահատում է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: - «Մինչդեռ Արեւմուտքը մեզ պարտադրում է մակերեսային իրավունքներ, մեր դեպքում չկարեւորելով մարդու հիմնական, խորքային իրավունքների պաշտպանությունը: Այս առումով մեր իրավունքներն, իրոք, ոտնահարված են»: Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանն էլ առանձնացնում է. - «Մենք նոր ենք սկսում մտածել մարդու իրավունքների պաշտպանության մասին եւ տարօրինակ իներցիայով այն ներկայացնում ենք սեռական կամ կրոնական իրավունքների ոտնահարման տեսքով: Մինչդեռ որակյալ ուսում, կենցաղային ծառայություններ ստանալու եւ այս կարգի իրավունքների պաշտպանություն չենք հետապնդում»: «Եթե դիտարկենք արդարադատության համակարգը, ապա վիճակն ահավոր է», - իր տեսանկյունից նշում է փաստաբան Ռուբեն Ռշտունին: - «Կարող եմ ասել, որ այդ համակարգը անարդարադատության համակարգ է: Իսկ ընդհանուր առմամբ, կամաց-կամաց առաջ ենք գնում»:

Ազգային ժողովի վերահսկողական ծառայությունը այսօր ստուգումներ է սկսում Հայաստանի կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեում: «Հայկական ժամանակ» թերթի ընդգծմամբ՝ «Մաքսայինում ստուգումներ անելու փաստը տարօրինակ է այնքանով, որ այդ գերատեսչության ղեկավար Արմեն Ավետիսյանը համարվում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հոգեզավակը, եւ այս փաստը նրան հնարավորություն է տալիս դասվելու հանրապետության այն պաշտոնյաների շարքը, որոնց ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ կարելի է: Այս փաստը, սակայն, նյարդայնացնում է պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կառլոս Պետրոսյանին: Արմեն Ավետիսյանի դեմ պայքարելու նրա բոլոր փորձերը մինչ վերջերս արժանանում էին Սերժ Սարգսյանի հակազդեցությանը, եւ Պետրոսյանը, չնայած գործադրած ջանքերին, չէր կարողանում Քոչարյանին ապացուցել, որ Արմեն Ավետիսյանը լուրջ չարաշահումներ է թույլ տալիս», - ուրվագծում է «Հայկական ժամանակ»-ը: - «Հիմա Մաքսայինի տնօրենի «գործերը բացահայտելու» հարցում Ազգային ժողովի նախագահն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրենը որոշել են մեկտեղել ջանքերը: Նման դաշինքի ձեւավորմանը, թերեւս, օգնել է այն հանգամանքը, որ Կառլոս Պետրոսյանի եղբորորդին՝ պատգամավոր Խաչիկ Պետրոսյանը «Օրինաց երկիր» խմբակցության անդամ է... Արդյո՞ք նրանց գործողությունները համաձայնեցված են Ռոբերտ Քոչարյանի հետ: Անկախ ամեն ինչից, Քոչարյանի դիրքորոշումը պարզ կդառնա, երբ ԱԺ վերահսկիչ պալատը Մաքսայինում լուրջ խախտումներ հայտնաբերի կամ չհայտնաբերի», - բազմակետ է դնում «Հայկական ժամանակ»-ը:

«Մեղրիով Ադրբեջան - Նախիջեւան միջանցքի հեռանկարը գրգռում ու զայրացնում է ոչ թե ողնուծուծով հակաթուրք ու թուրքատյաց Դաշնակցությանը, այլ՝ ընդդիմությանը», - տարակուսում է այսօր «Այբ-Ֆե» թերթի մեկնաբանը՝ շեշտադրելով. - «Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ հայաստանյան քաղաքական դաշտում միանգամայն բացակայում է գաղափարականությունը, եւ, որպես օրենք, այդ նույն դաշտում իշխում է անձնական շահն ու պատեհապաշտությունը: Պատկերացրեք, թե ինչ աղմուկ կբարձրացներ նույն Դաշնակցությունը, եթե Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ակնարկ անգամ հնչեր Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ տալու մասին... Իսկ հիմա բանը հասել է այնտեղ, որ նույն դաշնակցականներն ու հանրապետականները սկսել են հրապարակավ համաձայնել ազատագրված տարածքները վերադարձնելու հեռանկարին: Սա, պարզվում է, հինգ-վեց տարի առաջ էր պարտվողական լուծում, իսկ այժմ նորմալ է»: Այս առումով «Այբ-Ֆե»-ում մեջբերված է մասնավորապես Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ Գալուստ Սահակյանի միտքը. - «Շրջակա տարածքները, որոնք ԼՂՀ-ի համար պաշտպանական, անվտանգության ապահովման ու ռազմավարական նշանակություն ունեն, իրոք կարող են լինել բանակցությունների առարկա: Բայց, այս ամենից առաջ, նախ պետք է ճշգրտել Արցախի կարգավիճակը»:

«Առավոտ»-ի թղթակիցը Թբիլիսիից փոխանցում է. - «Վրաստանում իշխանության եկած նոր սերնդի ժողովրդավարների գլխավոր խնդիրն է շատ սեղմ ժամկետներում ոչ միայն ուղղել սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, այլեւ արմատախիլ անել ցեցի պես տնտեսությունը կերած կոռուպցիան... Այստեղ էլ հայաստանյան իշխանությունների հետ բավականին մեծ նմանություններ կան: Սակայն ընդհանուր առմամբ տպավորությունն այն է, որ նոր իշխանությունը իրավիճակն առայժմ չի վերահսկում: Եթե համեմատելու լինենք Հայաստանի եւ Վրաստանի մայրաքաղաքները, ապա տարբերությունն, անշուշտ, հօգուտ Հայաստանի կլինի», - գրում է թղթակիցը: - «Թբիլիսիի փողոցները շատ ավելի կեղտոտ են, քան Հայաստանի մայրաքաղաքի փողոցները, այստեղ ավելի շատ են մուրացկանները՝ ամեն քայլափոխի։ Առաջինը, ինչ տպավորվեց՝ զբոսաշրջիկներին զգուշացնում են, որ երեկոյան 7-ից հետո քաղաք չի կարելի դուրս գալ, որովհետեւ դա համարվում է բավական վտանգավոր»։

«Վրաստանում հետընտրական հակահայկական հիստերիան շարունակվում է», - ուշադրություն է հրավիրում այսօր «Ազգ» թերթի մեկնաբանը: - «Վրաստանի պետանվտանգության նախարարության արտաքին հետախուզության ղեկավար Իոսելիանին Թբիլիսիում լույս տեսնող հայատյաց «Ջորջիան թայմս» թերթին տված հարցազրույցում չի բացառել, որ Հայաստանը կարող է շահագրգռված լինել Վրաստանում շիկացնելու իրավիճակը»։ Այս նորանոր դրսեւորումներից մեկնաբանը ընդհանրացրել է. - «Նմանօրինակ հայտարարությունները կաթիլ առ կաթիլ նստվածք են թողնում շարքային վրացու եւ շարքային հայի հոգեբանության մեջ, եւ եթե այսօր Վրաստանում կան որոշակի հակահայկական տրամադրություններ, ապա դրանք արդյունք են վերջին մի քանի տարիների, հատկապես վերջին մեկ տարվա վրացական մամուլի եւ քաղաքական գործիչների հակահայ հայտարարությունների»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG