Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հերթական այցելության առանձնահատկությունն այն է, որ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են լինել նաեւ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Այսօր քաղաքական շրջանակներին շատ է հետաքրքրում, թե արդյո՞ք համանախագահներն իրենց հետ նոր առաջարկներ են բերում», - առանձնացնում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Դիվանագիտական աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս անգամ համանախագահները հակամարտող կողմերի հետ բանավոր քննարկելու են նոր առաջարկների դրույթները, եւ այդ քննարկումների արդյունքում էլ ձեւավորվելու է առաջարկների նոր փաթեթ»: «Համանախագահների այցի նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ղարաբաղյան թեմայով փակ լսումներ կազմակերպելը որոշ պատգամավորներ համարում են խիստ կանխամտածված: Նրանց կարծիքով, Քոչարյանը, արտգործնախարար Օսկանյանի միջոցով, հերթական անգամ ուզում էր զոնդաժ անել հասարակությանը՝ հրաշալի իմանալով, որ մեր խորհրդարանում փակ բան մնալ չի կարող, եւ հենց հաջորդ օրը փակ նիստի ողջ նյութերը հայտնվելու են մամուլում... Օսկանյանը փորձել է առայժմ պատգամավորներին նախապատրաստել, որ համանախագահների առաջարկները, ըստ ամենայնի, լինելու են փուլային», - շեշտադրում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը՝ արձագանքներից էլ բխեցնելով, թե հիմա քաղաքական ուժերը նույնքան վճռական չեն, ինչպես 1997-ին»:

Ըստ «Ազգ» թերթի, օրերս Նիդեռլանդների Մաաստրիխտ քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարների հանդիպման շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելով Մինսկի խմբի համանախագահներին, ենթադրաբար, ծանոթացել են ղարաբաղյան կարգավորման նոր գաղափարներին կամ, այսպես կոչված, բանավոր առաջարկություններին, որոնց բովանդակությանը պաշտոնական Ստեփանակերտը հնարավորություն կունենա ծանոթանալու գալիք կիրակի օրը։ «Ազգ»-ի անդրադարձի ենթավերնագիր է դարձել համանախագահներից ամերիկացի Ռուդոլֆ Փերինայի արտահայտությունը՝ «Եթե կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում գտնելու հույս, ապա հենց հիմա է պահը»: ԼՂՀ արտգործնախարարությունից «Ազգ»-ի թղթակցին ասեն են, որ Փերինայի այս ձեւակերպումը համապատասխանում է իրավիճակին, քանի որ անցնող տարվա բանակցային գործընթացը դանդաղեցնող ներքաղաքական զարգացումները արդեն ավարտվել են: Բայց՝ անհրաժեշտ պայման է նաեւ կողմերի քաղաքական կամքի եւ կառուցողական մոտեցման առկայությունը, ինչը, սակայն, դատելով Ադրբեջանի նոր ղեկավարության վերջին հայտարարություններից, բացակայում է:

«Իրավունք» թերթի մատուցմամբ, Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի խորհրդավոր հանդիպումը, ինչպես նաեւ Քոչարյանի այցը Բրյուսել եւ հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ամենասերտ առնչությունն ունեն ղարաբաղյան կարգավորման հետ: «Ամենամոտ ժամանակներս Քոչարյանին եւ Ալիեւին ներկայացվելու է կարգավորման շատ որոշակի տարբերակ: Պատահական չէ եւ այն, որ այժմ հրապարակավ քննարկվում է ղարաբաղյան կարգավորման հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու խնդիրը», - մատնանշում է «Իրավունք»-ը՝ կապակցելով. - «Ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի համար հանրաքվե անցկացնելը միակ ձեւն է պահպանելու ստատուս քվոն եւ հետաձգելու կարգավորման բուն՝ ոչ հայանպաստ տարբերակը: Չպետք է բացառել եւ, որ գրեթե վերջնագրային տարբերակով Հայաստանին ներկայացվող կարգավորման սխեմայից խուսափելու համար կգործարկվի Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի եւ նրան հուսալի իրավահաջորդով փոխարինելու սխեման»: Թերթի մեկնաբանի հայացքով, բավականին հավանական է այն իրավիճակը, որ «գրեթե բոլոր իշխանական ուժերը ձգտեն Քոչարյանի հետ պատասխանատվություն չկիսել կարգավորման կասկածելի տարբերակների համար, եւ այդ առումով չպետք է բացառել 1998-ի սցենարի կրկնությունը»:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը երեկվանից «Հայոց աշխարհ» թերթում շարունակում է ուրվագծել մի սցենար, թե ինչ կարող էին նկատի ունենալ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ՝ ասելով, որ եթե չհաջողվի իշխանափոխություն իրականացնել վստահության հանրաքվեի ճանապարհով, առաջ կգնան «հայկական տարբերակով». - «Բոլորովին չի բացառվում հետեւյալը. եթե, ասենք, չկա Սերժ Սարգսյանը, ապա գործող նախագահի դիրքերը շատ կթուլանան: Եթե չկա Ռոբերտ Քոչարյանը, ապա Սերժ Սարգսյանը հազիվ թե դիմի ինչ-որ անկանխատեսելի գործողությունների: Այսինքն՝ երկուսից մեկի կամ միաժամանակ երկուսի չլինելու պարագայում իշխանափոխության խնդիրը սկզբունքորեն լուծված է: Կարծում եմ՝ սա ամենահավանական սցենարն է, որին կարող են դիմել», - ասում է Գառնիկ Իսագուլյանը: - «Եթե նույնիսկ ընդդիմադիր դաշտում մեկ-երկուսի մեջ ամրապնդվի այդ միտքը, ժամանակի ընթացքում գաղափարից կարող է վերածվել գործողության»:

«Ցանկացած լավ նախաձեռնություն, բարեփոխում հայրենի իշխանությունները այնպես են մատուցում հասարակությանը, կարծես դա շնորհ է՝ ժողովրդին տրվող եւ ոչ երբեք իրենց պարզ պարտականությունը, որի համար էլ ստանձնել են տվյալ պաշտոնները», - վրդովվում է այսօր «Երկիր» թերթի մեկնաբանը: - «Աշխատավարձի ցանկացած բարձրացում դիտվում է նվիրատվություն, թեեւ երբեք չի խոսվում այն մասին, որ աշխատողին տրվող գումարի եւ նրա աշխատանքից ստացած շահույթի հարաբերակցությունը կարելի է բնորոշել միայն մեկ բառով՝ շահագործում: Քանզի «երկրում փող չկա, որպեսզի կտրուկ բարձրանան աշխատավարձերը» չինովնիկական հերթական բառակապակցություն-պատասխանը վերաբերում է միայն շարքային քաղաքացուն եւ ոչ երբեք առանձնաշնորհյալներին, որոնց թիվը համառորեն ավելանում է: Որեւէ չինովնիկ, իշխանավոր չի էլ ուզում պատասխան տալ, թե, օրինակ, ինչու կարելի է նոր ծառայողական մեքենաներ ձեռք բերելու մրցավազք սկսել մեր պաշտոնյաների շրջանում, այլ ոչ թե այդ գումարը որեւէ սոցիալական ծրագրի համար ներդնել»:

«Առավոտ» թերթի առաջին էջին այսօր «Դաժան սոսկանքի տեսարան» վերնագրի տակ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի լուսանկարն է, ով, իր ծառայողական թանկարժեք ավտոմեքենայի հետ կապված հարցումներին արձագանքելով, լրագրողին ասել է. - «Դուք հասարակական կարծիք ապահովեք՝ ես նաղդ մայկա-տռուսիկով գործի գնացող եմ: Մետրոյո՞վ կգնամ, հեծանիվո՞վ՝ ինչպես ուզում եք: Ուղղակի, որ ինձ այդպես տեսնեն՝ թող դեմս չկտրեն, հարցեր չտան, որ գործից չուշանամ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG