Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը առաջարկում է երկու տեսակի այլընտրանքային ծառայություն՝ զինվորական եւ աշխատանքային


Ազգային ժողովը աշնանային նստաշրջանի վերջին նիստում քննարկել ու քվեարկել է «Այլընտրանքային ծառայության մասին» օրինագիծը, որի ընդունումը Եվրախորհրդին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորություններից է: Օրինագծի դրույթների մի մասը խորհրդարանն ընդունել է երկրորդ ընթերցմամբ, իսկ մի խումբ դրույթներ՝ միայն առաջին ընթերցմամբ:

Այս հարցում Հայաստանի իշխանությունների եւ Եվրախորհդրի միջեւ ակնհայտ տարաձայնություններ կային: Հայաստանի օրենսդիրները այլընտրանքային ծառայությունը տեսնում էին որպես զինվորական ծառայություն՝ սովորական զինծառայողներից մեկ տարով ավելի ծառայության ժամկետով: Եվրախորհուրդի փորձագետները, սակայն, պնդում էին, որպեսզի «խելամիտ ժամկետներ» սահմանվեն այլընտրանքային քաղաքացիական եւ ոչ թե զինվորական ծառայության համար:

Կատարված 50 առաջարկներից խորհրդարանն ընդունել է նրանք, որոնց ներգրավումը օրենքում Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի խոսքերով՝ «մեր ազգային անվտանգության իմաստով հակասություններ եւ պրոբլեմներ չէր ստեղծում»:

Օրենքն ամբողջությամբ ընդունվելուց հետո մեր երկրի զորակոչային տարիք ունեցող քաղաքացիներին կառաջարկվի երեք տիպի ծառայություն. պարտադիր՝ 24 ամիս ժամկետով, այլընտրանքային զինվորական (առանց զենք կրելու)՝ 36 ամիս, եւ այլընտրանքային աշխատանքային՝ 42 ամիս:

Այլընտրանքային աշխատանքային ծառայությունը ենթադրում է 42 ամիս սեւագործ բանվորի, հավաքարարի, այլ բարձր որակավորում չպահանջող աշխատանք: Այստեղ, ըստ Վահան Հովհաննիսյանի, առաջանում է վերահսկողության խնդիր:

«Որ նա իսկապես ավլի փողոցները 42 ամիս, այլ ոչ թե ինչ-որ չինովնիկի կաշառք տա ու ազատվի», - հարց սրեց Հովհաննիսյանը: - «Հենց սա պետք է կառավարությունը վերահսկի եւ գտնի հստակ ձեւ»:

Առայժմ չկան հաշվարկներ, թե ծառայության այլընտրանքային ձեւերից որքան զինակոչին կցանկանա օգտվել: Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ «տասնյակների հարց է ընդամենը»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG