Մատչելիության հղումներ

Հայաստանը մշտական ներկայացուցչություն կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում


Ինչպես չորեքշաբթի օրը հայտարարել է աշխատանքային այցով Բելգիայում գտնվող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանը մշտական ներկայացուցչություն կունենա ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում:

Հայաստանի նախագահը այդ մասին հայտարարեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսում: Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, դա մեծապես կնպաստի Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը: Հայաստանի նախագահը ավելացրեց նաեւ, որ, իր ունեցած տեղեկություններով, ՆԱՏՕ-ն մտադիր է ներկայացուցչություն ունենալ Հարավային Կովկասում:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանն է դարձել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ամենահուսալի գործընկերը, Ջորջ Ռոբերտսոնը դիվանագիտորեն պատասխանեց, թե ՆԱՏՕ-ն տարբերություն չի դնում իր գործընկերների միջեւ, աշխատում է բոլորի հետ, քանի որ «այսօր կա ընդհանուր թշնամի՝ ահաբեկությունը», եւ այդ չարիքին համատեղ ջանքերով վերջ տալուն ուղղված պայքարը շատ ավելի է կարեւորվում, քան առանձին պետության հետ հարաբերությունների որակը:

Ջորջ Ռոբերտսոնը լրագրողներին ասաց նաեւ, որ Հայաստանի նախագահի հետ զրույցի ընթացքում իրենք անդրադարձել են մի շարք կարեւոր հարցերի, այդ թվում՝ Կովկասը ահաբեկության դեմ պայքարում ներգրավելու խնդրին:

Նախագահ Քոչարյանը, իր հերթն, ասաց, որ անդրադարձել են երկու տարի առաջ Բրյուսել կատարած իր այցի ընթացքում ընդունված ծրագրերի կատարմանը, տարածաշրջանային ընդհանուր հարցերի, այդ թվում՝ Վրաստանի իրավիճակին:

Հայաստանի նախագահի խոսնակ Աշոտ Քոչարյանի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը չորեքշաբթի օրը ունեցել է եւս երկու հանդիպում՝ Բելգիայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Քրոյի եւ Էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար տիկին Ռիա Կամպերի հետ:


Արմեն Զաքարյան, Բրյուսել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG