Մատչելիության հղումներ

Բյուջեի նախագիծը ներկայացվեց Ազգային ժողովին


Չորեքշաբթի օրը՝ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի վերջին նիստին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը օրենսդիրների դատին ներկայացրին 2004 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Ակնհայտ է, որ չի խախտվի վերջին տարիների ավանդույթը, երբ խորհրդարանը պետական բյուջեն քննարկում ու հաստատում է արտահերթ նստաշրջաններում:

Պատգամավորներին ներկայացնելով նախագիծը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց, թե այս տարվա բյուջեի համեմատ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում եկամուտները 17 միլիարդ 700 միլիոն դրամով պակաս են սահմանված՝ կազմելով ընդհանուր առմամբ մոտ 269 միլիարդ դրամ։ Դրա պատճառը արտաքին վարկերի եւ դրամաշնորհների թերստացումն է։ Արտաքին աղբյուրներից մոտ 53 միլիարդ դրամով պակաս եկամուտներ կստացվեն։ Ըստ այդմ էլ՝ այս տարվա բյուջեի համեմատ ծախսերը պակաս կլինեն մոտ 24 միլիարդ դրամով՝ կազմելով 311 միլիարդ դրամ։

Մարգարյանը, այդուհանդերձ, օրենսդիրներին վստահեցրեց, թե հաջորդ տարվա բյուջեն սոցիալական ուղղվածություն կունենա։ Պետական ծախսերի մեկ երրորդից ավելին՝ ավելի ստույգ 106,5 միլիարդ դրամ կուղղվի սոցիալական ոլորտին՝ կրթությանը, առողջապահությանը եւ սոցիալական ապահովությանը։ Ընդ որում, կրթության ծախսերը կավելանան 23 տոկոսով, առողջապահության ծախսերը՝ մոտ 15 տոկոսով, սոցիալական ապահովության ծախսերը՝ մոտ 25 տոկոսով։ Մասնավորապես, ընտանեկան նպաստները կաճեն 2000 դրամով, ուսուցիչների աշխատավարձերը կկրկնապատկվեն՝ հասնելով 30 հազար 565 դրամի, բուժաշխատողների աշխատավարձերը կհասնեն 33,5 հազար դրամի։

Ազգային ժողովը, ի դեպ, այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքը, որով երկրում նվազագույն աշխատավարձը ներկայում գործող 5000 դրամից հասցվեց 13000 դրամի։ Սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանի փոխանցմամբ, այս օրենդրական փոփոխությունից կօգտվի միայն պետական ծառայության համակարգում աշխատող շուրջ 35000 մարդ, ում միջին աշխատավարձը ներկայում 7000-8000 դրամ է։

Իհարկե, դժվար է միանշանակ ասել, թե պետական գանձարանից աշխատավարձեր ու նպաստներ ստացող մարդկանց եկամուտների որոշակի աճը կփոխհատուցի՞ արդեն իսկ թափ առնող սպառողական գների, ինչպես նաեւ հունվարի մեկից՝ ջրի, բնական գազի, հեռախոսային խոսակցությունների, հնարավոր է նաեւ տրանսպորտի սակագների թռիչքը։

Վերջին ամիսներին հացի գների անշեղ աճը կարծես փոխանցվել է նաեւ մյուս սննդատեսակներին։ 50 տոկոսով թանկացել է ալյուրը, կարագի կիլոգրամը թանկացել է 100-150 դրամով, հավի մսի կիլոգրամը 200-300 դրամով: 40-60 դրամով թանկացել է ձավարեղենը, մոտ 20 տոկոսով թանկացել է ձուն։ Ակնհայտ է, որ եթե թանկացումների այս շղթան զարգացում ստանա, ապա բյուջեում դրված եկամուտների չնչին հավելաճերը արագորեն կարժեզրկվեն՝ մեծացնելով սոցիալական լարվածությունը։

Նման անցանկալի հեռանկարին վարչապետն այսօր բառացիորեն այսպես արձագանքեց. - «Համաշխարհային գներից կապված տեղի են ունենում որոշակի փոփոխություններ: Կառավարությունը իր դիրքորոշումը արտահայտում է սոցիալապես անապահով խավերին տրվող թոշակների, նպաստների կրտվածքով, որը 2004 թվականում ներառված է»:

Հաջորդ տարվա բյուջեի կատարումը բավականին բարդ է լինելու՝ եթե նկատի առնենք, որ կառավարությունը այս տարվա համեմատ 35 միլիարդ դրամի հավելյալ հարկեր պետք է հավաքի՝ հիմնականում ստվերային տնտեսության կրճատման հաշվին։ Այդ նպատակով բյուջեի նախագծին կից կառավարությունը պատրաստվում է Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ մտցնել հարկային վարչարարությունը խստացող օրենդրական փոփոխությունների մի ծավալուն փաթեթ, որի շուրջ գործարարների լոբբիստական կազմակերպությունների հետ կառավարությունը դեռեւս վերջնական համաձայնության չի եկել: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ մինչեւ արտահերթ նիստը վերջնական համաձայնությունը կկայանա:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG