Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ինչ աստիճանի պետք է չսիրել սեփական երկիրը, որպեսզի ցանկանալ ցնցումներ միայն մեկ նպատակի համար՝ միգուցե այդ ցնցումների արդյունքում գալ իշխանության», - երեկ զարմանում էր նախագահ Քոչարյանը Հանրային հեռուստատեսության հարցազրույցում: Մամուլում այսօր ներկայացվող նրա այդ գնահատականներից առանձնանում է նաեւ հետեւյալը. - «Զուգահեռ անցկացնել Վրաստանի հետ անհեթեթություն է, քանի որ Հայաստանում ընտրությունների արդյունքի վերաբերյալ կասկածներ չկային... Իզուր է ընդդիմությունը այսօր ափսոսանք հայտնում, որ ավելի ակտիվ ու վճռական չէր ընտրություններից հետո, քանի որ իրենք շանս չունեին՝ այլ իրավիճակ եւ այլ պատկեր էր մեզ մոտ: Իրենք պետք է ճիշտ հակառակը՝ ուրախ լինեն, որ չեն դիմել անօրինական քայլերի, քանի որ դրան դիմողների վիճակը այսօր տխուր կլիներ» («Հայաստանի Հանրապետություն»): Այս հարցազրույցով Ռոբերտ Քոչարյանը հավաստիացրեց նաեւ, թե էլեկտրաէներգիան առաջիկայում չի թանկանալու, գազի սակագինն էլ դժվար թե փոխվի: Սրա կողքին «Հայկական ժամանակ» թերթն այսօր բերում է «Հայռուսգազարդ»-ի արձագանքը, որ իրենք պնդելու են գազի սակագնի ավելացումը:

Վրաստանյան դեպքերն առիթ դարձան, որ հայաստանյան ընդդիմության դաշտի մի քանի գործիչներ ներողություն խնդրեն ժողովրդից՝ 2003-ի նախագահական ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերից հետո նրա քվեին տեր չկանգնելու համար: Այս թեմայով զրույցում Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) քարտուղար Գրիգոր Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ում ասում է. - «Մենք ճիշտ ենք եղել ե՛ւ այն ժամանակ, ճիշտ ճանապարհով ենք գնում նաեւ այսօր: Եւ թող որեւէ մեկը հանկարծ կասկած չունենա՝ այդ ճանապարհով էլ մենք գալու ենք իշխանության: Այնպես որ, Ստեփան Դեմիրճյանը ներողություն խնդրելու պարզապես որեւէ պատճառ չունի»: «Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ 2003-ի փետրվարին Հայաստանում հնարավոր էր անել այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում՝ չարաչար սխալվում է», - շարունակում է Գրիգոր Հարությունյանը: - «Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ 26 տարի երկիրը ղեկավարած Շեւարդնաձեն կգնար արյունահեղության՝ չարաչար սխալվում է: Բայց եթե որեւէ մեկը մտածում է, որ Քոչարյանը չէր գնա արյունահեղության, այստեղ եւս չարաչար սխալվում է»: Այսուհանդերձ, ՀԺԿ քարտուղարը վստահ է, թե Ռոբերտ Քոչարյանը հեռանալու է սահմանված ժամկետից շուտ:

Օրերս Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում արտաքին գործերի նախարար Օսկանյանը որոշակի պարզաբանումներ տվեց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ: Մասնավորապես՝ ներկայացրեց Մեղրիի տարբերակի էությունը, բայց, ինչպես «Այբ-Ֆե»-ի հարցազրույցում ասում է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ «Վարդան Օսկանյանը մինչեւ վերջ անկեղծ չի եղել»: «Ներկայացված է այն մասը, որը այս պահին հայանպաստ է՝ Ղարաբաղը լինելու է անկախ: Ուղղակի ներկայացնում են մի մասը, որպեսզի պատգամավորները պատրաստ լինեն եւ դառնան գործարքի մասնակից», - ասել է Հարությունյանը: - «Ինչ կարգավիճակով կլինի Մեղրին՝ նույն կարգավիճակով կլինի նաեւ Լաչինը: Այստեղ է բանակցությունների մեխը... Այսօրվա իշխանությունների «հեռատես» քաղաքականության արդյունքում կանգնած ենք ընտրության առջեւ՝ կամ համաձայնում ենք թողնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, կամ կորցնում ենք Մեղրին: Այս վիճակից Ռոբերտ Քոչարյանը երկու ելք ունի. կամ պետք է փորձի հետաձգել բանակցությունները, կամ ինչ-ինչ ճանապարհներով փորձի անցկացնել Մեղրիի տարբերակը»: «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով, արտաքին ազդակները՝ Ղարաբաղյան հիմնահարցը, վրաստանյան իրադարձությունները, իսկ վաղը՝ հնարավոր է նաեւ ռուսաստանյան ընտրությունների արդյունքները, հայրենի ընդդիմության համար դարձել ու դառնում են «պարապ վախտի խաղալիքի» նման մի բան, որովհետեւ մի կողմից՝ երկրի քաղաքական ու տնտեսական իրավիճակն է բավականին կայուն, իսկ մյուս կողմից էլ ընդդիմությունն ինքը սեփական անելիքները պատկերացնում է ոչ թե ամենօրյա քրտնաջան աշխատանքի ու պայքարի, այլ ամեն գնով շտապ իշխանափոխության հասնելու հարթության վրա:

«Բթացել եմ՝ տարոսը ձեզ» վերնագրի տակ «Առավոտ» թերթն անդրադառնում է. - «Լոտոներից փրկություն չկա։ Ո՛չ տանը, ո՛չ փողոցում։ Փողոցներում իրենց պոտենցիալ տերերին սպասող մեքենաներն են, տանը անդադար «Տարա՜ն, տարա՜ն» ու «Տարոսը ձեզ» ազդարարող հեռուստացույցը։ Սրան տեղի են տալիս սոցիալ-տնտեսական իրավիճակից առանց այդ էլ քայքայված նյարդերն, ու մարդիկ իրենց վերջին 300 դրամով գնում են «երջանկության տոմսակը»։ Որը որպես կանոն, երջանիկ չի լինում... Մի քանի անհատ հարստացան այս «տարա՜ն, տարա՜ն»-ներից՝ հիմարացնելով մարդկանց», - բանաձեւում է «Առավոտ»-ը: Նույն առումով արվեստաբան Հենրիկ Իգիթյանն էլ «Հայոց աշխարհ» թերթում ասում է. - «Դուք տեսե՞լ եք, որ «Ջիպ» քշողը լոտո խաղա: Ես էլ չեմ տեսել: Ու չենք էլ տեսնի: Տեսե՞լ եք, որ իսկապես կիրթ մարդը լոտո խաղա: Ասածս թող վիրավորական չընկալվի, բայց լոտո խաղում է ժողովրդի այն շերտը, որը վերջին ունեցածն է դնում: Մյուս երկրներում վիճակախաղն անկյալ մարդու զբաղմունք է, այլ ոչ թե վերջին հույս, ինչպիսին մեզ մոտ է: Ինչո՞ւ է այդպես, որովհետեւ ժողովրդի վիճակն է ծանր: Հետեւաբար՝ նախ այդ մասին է պետք մտածել», - ընդգծում է Հենրիկ Իգիթյանը: Որեւէ սպասելիք չունենալով ասպարեզում եղած ընդդիմությունից, նա միաժամանակ լուրջ դժգոհություններ ունի. - «Երբ որ տեսնում ես, թե ոնց են մամայի բալաները, որ իրենց կյանքում քրտնած ու անձամբ կոպեկ աշխատած չկան, Երեւանի փողոցներում մեքենա քշում՝ ո՞վ է պետավտեսուչին բանի տեղ դնում: Ո՞վ է մարդո՛ւն բանի տեղ դնում: Մեր երկրի ապագա ղեկավարներն են: Ցավոք, այն կիրթ երեխաները չեն կարող ղեկավար դառնալ, որովհետեւ նրանք չունեն մեջք, միջոցներ եւ որովհետեւ կիրթ են: Իսկ այդ լակոտները, որոնք կարող են տեսուչներին մեքենայի տակ գցել, ոնց ուզեն քշեն, կդառնան: Ուզում եմ ասել՝ օրենքը չի գործում: Իհարկե, պիտի դժգոհի ժողովուրդը: Ավելի ճիշտ՝ մեր երկրում օրենքը գործում է միայն խեղճերի վրա: Երկրիս հզորների, նրանց ազգուտակի վրա չի գործում: Բայց պետության մեջ պետք է այնպիսի օրենք գործի, որ չլինի թե մեկը խժռում-լափում է, իսկ մյուսը սովից հացի փշրանքն է հավաքում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG