Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկում է խստացնել հարկային վարչարարությունը


Կառավարությունը Ազգային ժողով է ուղարկել 2004 թվականի բյուջեի նախագծին կապակցված հարկային փոփոխությունների մի փաթեթ, որով առաջարկվում է էապես խստացնել հարկային վարչարարությունը:
Խոսքն առաջին հերթին «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին է։

Իրենց շահույթներն ու գերշահույթները երեւան հանելուց խուսափող գործարարները առավելագույնս օգտվում են «Շահութահարկի մասին» օրենքի բոլոր սողանցքներից։ Բավական է հաշվապահական աճպարարության միջոցով չարած ծախսն իբրեւ նվազեցում մտցնել գնի մեջ ու կպարզվի, որ ընկերությունը ոչ թե շահույթ է ստացել, այլ վնաս կրել։ Այս ճանապարհով տարեցտարի մեր շուկայում դիրքեր ունեցող խոշոր ընկերությունները շահույթի փոխարեն կեղծ վնաս ցույց տալով, ոչ միայն չեն սնանկանում-լուծարվում, այլ ընդլայնում են իրենց տիրույթները։

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ, ընկերությունների այդ երկակի հաշվապահությունը ավելի քան տեսանելի է. - «Կազմակերպությունները, օգտվելով լիբերալ հարկային դաշտից, հայտարարագրում են հարկային վնասներ, որոնք մասամբ օբյեկտիվ են, բայց մենք համոզված ենք նաեւ, որ այդտեղ կա նաեւ հարկումից խուսափելու ակնհայտ դրսեւորում»:

Հարկային պետական ծառայության՝ այս տարվա ամռանը հրապարակած ցուցակների համադրումը ցույց է տալիս, որ Հայաստանի առավել խոշոր 450 ընկերությունների կողմից չվճարված հարկերը անցնում են 60 միլիարդ դրամից, իսկ անցյալ տարվա արդյունքներով, ավելի քան 1000 ընկերությունների ցույց տված վնասները գերազանցում են 200 միլիարդ դրամը։

Հաջորդ տարվա բյուջեում չեն լինելու նախորդ տարիների արտաքին վարկերն ու դրամաշնորհները, իսկ ծախսերը լրջորեն կրճատել չի կարելի։ Այդ պատճառով կառավարությունը ստիպված է հարկ հավաքել նաեւ «յուրայիններից»։ Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ, առաջարկված փոփոխության համաձայն, անկախ նրանից, ընկերությունը շահույթ թե վնաս է ցույց տվել, հարկային ծառայությունը համարելու է, որ այդ ընկերության շահութաբերությունը 5 տոկոսից պակաս չէ:

Փոփոխություններ են նախատեսվում նաեւ «Եկամտահարկի մասին» օրենքում: Հարկի դրույքաչափը չի փոխվելու, մինչդեռ, հաշվետվությունների կարգը կփոխվի. հաջորդ տարվանից գործատուները պետք է ավելի մանրամասն հաշվետվություններ տան իրենց աշխատողների վերաբերյալ:

«Այսօր գործատուները քաղաքացիների ստացած եկամուտների մասին կատարում են համախմբված հայտարարագրում, այսինքն՝ մեկ տողով», - բացատրեց Խաչատրյանը - «Նախատեսվում է, որ հարկային մարմիններին պետք է տրամադրվեն անվանական տեղեկություններ, ինչը հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացում ունենալ, թե հայտարարագրվող աշխատավարձի չափերը որքանով են համապատասխանում իրականությանը»:

Թեեւ, կառավարության առաջարկած փոփոխությունները հարկային դրույքաչափերի բարձրացում չեն նախատեսում, կարելի է, այնուամենայնիվ, ենթադրել, որ դրանց կիրառման հետեւանքով ստվերային եկամուտների բացահայտումը ոչ միայն կավելացնի պետական բյուջեի եկամուտները, այլեւ զգալիորեն կբարձրացնի սպառողական ապրանքների գները։ Այդ ուղղությամբ կգործեն, հավանաբար, նաեւ որոշ ապրանքներից գանձվող հաստատագրված վճարների բարձրացումը։ Մասնավորապես, նախատեսվում է գազալցման կայանների մեկ խողովակի հաշվով հաստատագրված վճարը ներկայիս 1 միլիոն դրամից դարձնել 1,5 միլիոն դրամ։

Անցյալ անգամ, երբ հերթական անգամ բարձրացվեց գազի հաստատագրված վճարը, պաշտոնյաները վստահեցնում էին, թե մեքենաների սպառած գազի սակագինը կբարձրացնա ընդամենը 3-4 տոկոսով, մինչդեռ գազը թանկացավ 30 տոկոսով։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG