Մատչելիության հղումներ

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները դժգոհ են Հայաստանի իշխանությունների վերաբերմունքից


Մինչ կառավարության նիստում հինգշաբթի օրը քննարկվում էր ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող մշտական վարչություն ստեղծելու հարցը, Ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ ու Եվրախորհրդի աջակցությամբ կազմակերպված սեմինարում, որը կազմակերպիչների մտահղացմամբ պետք է նվիրված լիներ կրոնական հարցերին, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները դժգոհություն հնչեցրին իրենց նկատմամբ հայաստանյան իշխանությունների վերաբերմունքից:

Սեմինարի սկզբում, որին մասնակցում էին Հայաստանում բնակվող գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունների՝ հույների, ասորիների, եզդիների, քրդերի, գերմանացիների, հրեաների, ուկրաինացիների եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ, ամեն ինչ հարթ ու խաղաղ էր ընթանում, ելույթները դուրս չէին գալիս սեմինարի թեմայի շրջանակներից:

Ամենամեծ հայանքի՝ եզդիների ներկայացուցիչ Հասան Հասանյանը իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի իշխանություններին, շեշտեց, որ ոչ մի պրոբլեմ չունեն, գոհ են:

«Փառք Աստծո, ապրում ենք այնպիսի մի ժողովրդի հետո, որոնք քրիստոնյա են: Քրիստոնյաները հալածող ժողովուրդ չեն եւ թույլ են տալիս, որ մյուս ազգերն էլ ունենան իրենց հավատքը», - իր ելույթում ասաց Հասանյանը:

Սեմինարի թեմայից մասնակիցները շեղվեցին ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արամազդ Զաքարյանի ելույթից հետո, ով ասաց, թե ոչ ժողովրդակավարական երկրներում իրավազուրկ են ինչպես բնիկները, այնպես էլ ազգային փոքրամասնությունները: Իսկ իշխանական Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Վազգեն Խաչիկյանն էլ ասաց, թե «ջերմոցային պայմաններ» ազգային փոքրամասնությունների համար չեն ստեղծվելու:

Դա հարուցեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների վրդովմունքը: «Ազգային ժողովում հնարավոր չէ ճանապարհ բացել, որպեսզի այլ ազգը անցնի: Գոնե գործադիր իշխանությունում ճանապարհ բացեք», - ասաց եզդիների մեկ այլ ներկայացուցիչ: - «Դժբախտաբար, դուք արդեն փորփրեցիք ուրիշ վերքեր, որոնք մեզ մտատանջում են տարիների ընթացքում: Չնայած մենք գիտենք, որ դրան չենք էլ հասնելու, քանի որ այսպիսի ընտրություններ են անցնում եւ այսպիսի նախագահներ են ընտրվում: Մենք երբեք Ազգային ժողովում տեղ չենք ունենա եւ փառք Աստծո՝ չենք էլ ցանկանում»:

Հայաստանում հրեական համայնքի ներկայացուցիչ Ռիմա Վարժապետյանի վրդովմունքը դրսեւորվեց Երեւանում եւ Սեւանում 1930-ական թվականներին հրեաներից «խլված» սինագոգների տարածքները հետ վերադարձնելու պահանջով:

«Կներեք, բայց մեր նկատմամբ ձեւավորվում է շատ վիրավորական եւ նվաստացուցիչ վերաբերմունք», - ասաց Վարժապետյանը:

Ուկրաինական համայնքը ներկայանող Օլգա Պարխոմենկոն էլ լիովին համաձայնեց, որ իրենց իրավունքները անտեսվում են: Խոսելով կառավարությունում ստեղծվող՝ Ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող վարչության մասին, Պարխոմենկոն ասաց. - «Ո՞վ գիտի, ինչ մարմին է լինելու: Մեզ հետ խորհրդակցե՞լ են: Մեր կարծիքը՝ եթե լսեն են, հաշվի առնելո՞ւ են: Ոչ մի բան մենք չգիտենք»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG