Մատչելիության հղումներ

Հերթական 700 դրամով բարձրացվեցին կենսաթոշակները


Կառավարությունն այսօր հերթական անգամ բարձրացրեց ծերության կենսաթոշակները. 2004 թվականի հունվարի 1- ից աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա դիմաց տրվող հավելումը ներկայիս 120 դրամի փոխարեն կկազմի 140 դրամ:

«Այս ավելացման արդյունքում հունվարի 1-ից հիմնադրամը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է վերցնում իր վրա 4 միլիարդ 200 միլիոն դրամի չափով», - նիստից հետո լրագրողներին ասաց Կենսաթոշակային ապահովագրության պետական հիմնադրամի գործադիր տնօրեն Ֆրունզիկ Մուշեղյանը։

Այս փոփոխությամբ երկրում միջին կենսաթոշակը ներկայիս 7600 դրամից կհասնի 8300 դրամի: Միջին հաշվով կենսաթոշակները հերթական անգամ կաճեն 700-800 դրամով։

Մուշեղյանի փոխանցմամբ, 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների փաստացի թիվը Հայաստանում եղել է 548 հազար, մինչդեռ, այս պահի դրությամբ կենսաթոշակ են ստանում ընդամենը 490 հազար կենսաթոշակառու:

«Խիստ նվազումը կատարվել է ուսումնասիրությունների, ստուգումների, վարչարարության ավելացման, հասցեական վճարումները ապահովելու նպատակով», - բացատրեց Մուշեղյանը:

Հարցին, թե որքան կլինի միջին կենսաթոշակը, ասենք, հաջորդ տարեվերջին, Մուշեղյանը պատասխանեց, թե բացի ապահովադիրների, այսինքն՝ հիմնադրամին սոցիալական վճար մուծողների ընթացիկ վճարումներից, կենսաթոշակի ավելացման աղբյուր կարող է լինել հիմնադրամին՝ նախկինում կուտակված պարտքերի գանձումը։ Օրինակ, այս տարվա ընթացքում 45 միլիարդ դրամ պարտքից 5 միլիարդը հնարավոր է եղել գանձել: «Այդ աշխատանքը հաջորդ տարվա ընթացքում կշարունակվի», - հավաստեց հիմնադրամի գործադիր տնօրենը։

«Հիմնադրամի մուտքերի ավելացումը պայմանավորված է նաեւ ստվերային աշխատուժի հայտնաբերմամբ», - հայտարարեց Ֆրունզիկ Մուշեղյանը: - «2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ սոցիալական վճարներ կատարողների թիվը հանրապետությունում եղել է 265 հազար մարդ: Այս պահին մենք ունենք 410 հազար ակտիվ վճարողներ»:

Ակնհայտ է, որ սա էլ շատ քիչ է. որեւէ նորմալ երկրում յուրաքանչյուր կենսաթոշակառուին առնվազն երեք աշխատող է բաժին ընկնում, մինչդեռ Հայաստանում մեկ թոշակառուին մեկ աշխատող էլ չի հասնում։ Սա պայմանավորված է հիմնականում նրանով, որ դեռեւս մեծ քանակի չգրանցված կամ թաքուն վաստակներ ունեցող եւ սոցապ վճարներ չփոխանցող աշխատողներ կամ գործատուներ կան։ Նաեւ այս պատճառով է այսքան ցածր կենսաթոշակը։

Այդուհանդերձ, կենսաթոշակային հիմնադրամի գործադիր տնօրենը վստահեցնում է, որ հաջորդ տարվա ընթացքում նույնպես կենսաթոշակները կաճեն: «Եթե աճի այս տեմպերը պահպանվեց, ապա համոզված եմ, որ [հաջորդ] տարվա ընթացքում առնվազն երկու անգամ եւս կլինի կենսաթոշակների ավելացում»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG