Մատչելիության հղումներ

Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում՝ վերադարձնելու «Լինսի» հիմնադրամի տրամադրած վարկերը


Տարեվերջին ավարտվում են «Լինսի» հիմնադրամի օժանդակությամբ Հայաստանում իրագործվող վիթխարածավալ դրամաշնորհային ծրագրերը։ Դրանց վրա ծախսված 155 միլիոն դոլարը նվիրատվություն էր։ Սակայն «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրագործված մեկ այլ ծրագիր էլ կա, որի շրջանակներում տրված 20 միլիոն դոլար վարկը կառավարությունը պետք է վերադարձնի մինչեւ տարեվերջ:

Խոսքը փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծրագրի մասին է։ Դատելով սնանկացած մի շարք բանկերի նախկին ղեկավարների նկատմամբ սկսված քրեական հետապնդումներից, այդ ծրագրով «Լինսի» տված գումարների որոշակի մասի մարման հետ կապված լուրջ խնդիրներ կան։

1998ի ամռանը «Լինսի» հիմնադրամի հետ կառավարության կնքած պայմանագիրը նախատեսում էր վարկային այդ ծրագրին հատկացնել 100 միլիոն դոլար անտոկոս վարկ՝ 6 տարի ժամկետով: Վարկերը՝ առնվազն 100 հազար եւ առավելագույնը 1 միլիոն դոլար, պետք է առավելագույնը 15 տոկոսով հասնեին գործարարին։

Սակայն պայմանագրի ստորագրումից երեք տարի անց պարզ դարձավ, որ այն շատ դանդաղ է ընթանում, հատկապես՝ վարկերի տեղաբաշխման խիստ բյուրոկրատացված մեխանիզմների պատճառով։ Այդ ընթացքում հնարավոր եղավ հայաստանյան 12 մասնավոր բանկերի միջոցով տեղաբաշխել ընդամենը 20 միլիոն դոլար։ Ուստի 2000 թվականին պայմանագիրը վերանայվեց եւ մնացած 80 միլիոն դոլարը վերաուղղվեց դրամաշնորհային ծրագրերին, հիմնականում՝ ճանապարհաշինությանը։

Մինչդեռ, «Լինսի» գումարներից վարկեր տված բանկերից 7-ն այժմ չկան՝ լուծարվել են կամ սնանկ են ճանաչվել։ Դրանց միջոցով առնվազն 10 միլիոն դոլարի վարկեր են տրվել, ծրագրի ժամկետն ավարտվել է, ու, ինչպես պարզվում է, դրանց մի մասը ետ չի վերադարձվել։

Ըստ «Լինսի» հիմնադրամի փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Ռոբերտ Հարությունյանի, այս պահի դրությամբ չվերադարձված գումարները կազմում են 2 միլիարդ 600 միլիոն դրամ կամ շուրջ 4,5 միլիոն դոլար։ Գրասենյակի տնօրենն ասաց, որ «Լինսի» գումարների վերադարձի հետ խնդիրներ ունեն հատկապես սնանկացած բանկերը:

Հարությունյանի փոխանցմամբ, «Լինսի» ծրագրերով ընդհանուր առմամբ 49 բիզնես-ծրագրեր են վարկավորվել։ Գումարների 70 տոկոսը ստացել են սննդի եւ թեթեւ արդյունաբերության ընկերություները, 18 տոկոսը՝ գյուղատնտեսությունը, 12 տոկոսը՝ ծառայությունների ոլորտը։ Այդ վարկերով ընդհանուր առմամբ 3200 նոր աշխատատեղեր են ստեղծվել, որոնք, ի տարբերություն «Լինսի» հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերով ստեղծված աշխատատեղերի, մնայուն են եւ ապահովում են բարձր եկամուտներ։

Իսկ վարկը, բնականաբար, պետք է վերադարձվի։ Ռոբերտ Հարությունյանի փոխանցմամբ, սնանկացած կամ լուծարված բանկերի տված վարկերի ետ ստանալու իրավունքը հատուկ պայմանագրերով փոխանցվել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը։ Բնականաբար, վերջինս էլ, օգտագործելով պետական լծակները (տվյալ դեպքում՝ ուժային), փորձում է ետ բերել գումարները։

Ուժային կառույցների ուշադրության կենտրոնում հայտնվել են հատկապես սնանկացած «Արդշինբանկ»-ի եւ «Կրեդիտ-Երեւան» բանկի նախկին ղեկավարները։ Գլխավոր դատախազությունից այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ «Արդշինբանկ»-ի նախկին ղեկավար Լեւոն Ֆարմանյանի նկատմամբ պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով մեղադրանք է հարուցված։ Ֆարմանյանը ձերբակալված է։ Ոստիկանության ծառայության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանի փոխանցմամբ, սնանկացած «Կրեդիտ-Երեւան» բանկի նախագահ Մարտին Հովհաննիսյանի գործի վերաբերյալ նյութերը եւս ուղարկվել են գլխավոր դատախազություն։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG