Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան. «Վրաստանի իրավիճակը կարող է կրկնվել Հայաստանում»


Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանի կարծիքով, եթե Հայաստանում արտահերթ ընտրություններ չլինեն, ապա հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող է ստեղծվել այսօրվա Վրաստանում տիրող իրավիճակը: Վրաստանում, մինչդեռ, առճակատումը հասել է գագաթնակետին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում ստեղծված իրավիճակին, Քոչարյանը ասաց, թե քաղաքական առումով հարեւան երկրի իրավիճակը Հայաստանում ստեղծված իրավիճակից տարբերվում է հետեւյալ գործոնով. Հայաստանում ընտրությունների ընթացքում իշխանական թեւում կար մեկ անձի ծառայելու խնդիր, ինչը միավորել էր քաղաքական ուժերին: Իսկ Վրաստանում բոլորի համար ակնհայտ է, որ Էդուարդ Շեւարդնաձեն երկրի ապագա նախագահը չէ:

«Այս պահին արդեն Վրաստանի նախագահի պաշտոնը թափուր է», - ասաց Քոչարյանը՝ շարունակելով. - «Հետեւաբար Վրաստանում այս ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել եւ շարունակվում է ուժերի ստուգարք. ամեն մեկը հայտ է ներկայացնում նախագահ դառնալու համար»:

Նրա խոսքերով, Հայաստանում կարող է այդպիսի իրավիճակ ստեղծվել, եթե ամեն ինչ սահուն շարունակվի եւ չլինեն արտահերթ ընտրություններ: «Այդ դեպքում մյուս խորհրդարանական ընտրություններում, որոնք լինելու են նախագահականից մեկ տարի առաջ, մեզանում կլինի Վրաստանի իրավիճակը, որը, իմ գնահատականով, խիստ վտանգավոր է երկրի համար»:

Շավարշ Քոչարյանը պարզապես հրաժարվեց համամետել հայաստանյան ու վրաստանյան ընտրությունները՝ ասելով, թե երեք հարեւան երկրներում էլ այդ առումով «գլուխ գովելու բան չկա»:

Վրաստանում, մինչդեռ, իրադարձությունները շաբաթ օրվա երկրորդ կեսին սրագույն զարգացումներ ստացան: Նախագահ Էդվարդ Շեւարդնաձեն երկրում արտակարգ դրություն հայտարարեց այն բանից հետո, երբ նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստի բացման ժամանակ ընդդիմության աջակիցները ներխուժեցին նիստերի դահլիճ:

Նսիտերի դահլիճից արդեն նախկին պատգամավոր, ընդդիմադիր «Բուջանաձե - ժողովրդավարներ» դաշինքի անդամ Մելիք Ռայիսյանը «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասաց. - «Մենք մեր օրինական պահանջները առաջ քաշեցինք, որ անցած ընտրությունները լրիվ խախտումներով են անցել, եւ նախագահը պարտավոր է չճանաչել այդ ընտրությունների արդյունքները: Նախագահը, ըստ իր սովորության, անտեսեց Վրաստանի ժողովրդի ձայնը եւ այսօր ժամը չորսին նշանակեց խորհրդարանի առաջին նիստը: Ըստ Սահմանադրության, եթե առաջին նիստը կայանա եւ ընտրվի նախագահ, խորհրդարանը իրավունք կունենա չորս տարի գործել: Բայց նիստը բացվելուց անմիջապես հետո ընդդիմության անդամները Միշա Սահակաշվիլու գլխավորությամբ ներս մտան»:

Շարունակելով՝ Ռայիսյանը պատմեց, որ երբ ընդդիմադիրները պահանջեցին իրենց խոսելու հնարավորություն տալ, նրանց ուղղվեցին վիրավորանքներ ու ծեծկռտուք սկսվեց: «Ժողովուրդը կատաղած դռները ջարդեց, ներս լցվեց դահլիճ: Մեր հարգարժան նախագահին թիկնապահները շենքից փախցրին: Դրանից հետո Միշա Սահակաշվիլին հայտարարեց, որ նախագահը իրոք հնարավորություն չունի իր պարտականությունները կատարելու, այդ պատճառով հին խորհրդարանը պետք է իր լիազորությունները երկարացնի ու ժողովրդին ու պետությունը այս ճգնաժամից հանի»:

Շեւարդնաձեն, մինչդեռ, դահլիճից դուրս գալուց հետո հայտարարեց, որ մտադիր չէ հրաժարական տալ:

Նախագահ Շեւարդնաձեի մամլո ծառայությանը տարածել է պաշտոնական հայտարարություն, որում ասված է. - «Ժամը 17-ին, երբ նախագահ Շեւարդնաձեն բացման խոսքով հանդես էր գալիս խորհրդարանում, Միքայել Սահակաշվիլին զինված մարդկանց ուղեկցությամբ ներխուժեց նիստերի դահլիճ: Նախագահի վրա կատարված հարձակման արդյունքում զոհեր չկան: Նախագահը ողջ է»:

Ընդդիմությունը, բնականաբար, կատարվածը համարում է «թավշյա հեղափոխություն»:


Շաքե Ավոյան, Երեւան եւ Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG