Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը բարձրացնում է Հայաստանի առեւտրային կարգավիճակը


Նոյեմբերի 20-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է մի բանաձեւ, որով բարձրացրել է Հայաստանի կարգավիճակը իբրեւ ԱՄՆ-ի առեւտրային գործընկեր: Բանաձեւը մշտական նորմալ առեւտրական հարաբերությունների կարգավիճակ է շնորհում Հայաստանին ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Բանաձեւն ընդունվել է հիմնականում առանց խոչընդոտների՝ Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովը ղեկավարող կոնգրեսականներ Ֆրենկ Փալլոնի եւ Ջո Նոլլենբերգի ջանքերի շնորհիվ: ԱՄՆ-ի Սենատը բանաձեւը կքննարկի հաջորդ շաբաթ:

Բանաձեւի ընդունումից հետո Ջո Նոլլենբերգը ասել է. - «Այս տարի ավելի վաղ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելը ազատ շուկայական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ մեծ ջանքեր գործադրած այդ հպարտ երկրի համար հույժ կարեւոր իրադարձություն էր: Անդամակցության շահեկանությունը, սակայն, լիարժեքորեն չի կարող գիտակցվել, քանի դեռ Հայաստանին չի շնորհվել մշտական նորմալ առեւտրական հարաբերությունների կարգավիճակ: Բանաձեւի հաստատումը շոշափելի օգուտ կբերի Հայաստանին եւ էլ ավելի կսերտացնի մեր երկու երկրների հարաբերությունները: Ես կոչ եմ անում Սենատին հաստատել այս բանաձեւը»:

Ֆրենկ Փալլոնը, իր հերթին, հույս հայտնեց, թե բանաձեւը «կօգնի թեթեւացնել տասը տարի շարունակ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող կրկնակի շրջափակման ճնշումը Հայաստանի վրա»: Համաշխարհային բանկի գնահատմամբ, այդ շրջափակման հետեւանքով Հայաստանը տարեկան կորցնում է 720 մլն դոլար:

«Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում եւ մեր գոհունակությունը երկու կոնգրեսականներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանը:

Նրա խոսքերով, բանաձեւի ընդունումը մեծ քարոզչական նշանակություն ունի. - «Սա այն կարգավիճակն է, որը նաեւ մասնավոր բիզնեսին է տրամադրում ավելի ակտիվ հարաբերություններ հաստատելու հնարավորություններ: Երկրորդը՝ Համաշխարհային առեւտրի կազմակերխությանն անդամակցելուց հետո ԱՄՆ-ի հետ մեր առեւտրական հարաբերությունները չէին կարող լինել այսքան խորը եւ լրիվ, եթե այս բանաձեւը չընդունվեր: Մեծ հնարավորություններ են բացվում նաեւ հետագայում ազատ առեւտրի ռեժիմի մասին մտածելու առումով»:


Լիզ Ֆուլլեր եւ Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG