Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երեկ Թուրքիայում տեղի ունեցածը գալիս է լրացուցիչ անգամ փաստելու, որ միջազգային ահաբեկչության մասին հնչեցվող տագնապը քարոզչական հնարք չէ, ինչպես հաճախ փորձ է արվում ներկայացնել, այլ՝ 21-րդ դարում քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող ամենաահեղ վտանգներից մեկի նկատմամբ բնական հակազդեցություն», - ընդգծում է այսօր «Առավոտ» թերթը: - «Պարզ է դառնում նաեւ, որ աշխարհի մի շարք երկրներում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մասին միջազգային ահաբեկիչների սպառնալիքները դատարկ խոսքեր չեն եւ հետեւողականորեն կյանքի են կոչվում»: «Առավոտ»-ը, ի դեպ, նաեւ ակնարկում է. - «Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունն արդեն իսկ պաշտոնապես դատապարտել են ԱՊՀ մի շարք հանրապետություններ: Հայաստանը դրանց թվում չէ»:

«Խորհրդարանում վերջին եռօրյայում Սահմանադրական դատարանի անդամի թեկնածության քննարկման ժամանակ տարբեր հայտարարություններ անողների, ելույթ ունեցողների շարքում հայտնվեցին մարդիկ, ովքեր անցան ռուբիկոնը», - դատապարտում է այսօր «Երկիր» թերթի խմբագրականը: - «Հերթական անգամ նրանք քաղաքական բանավեճը, քաղաքական պայքարը տեղափոխեցին տեղային՝ հայաստանցի-ղարաբաղցի արհեստական բաժանման դաշտ»: «Երկիր»-ի պատկերավորմամբ, անցնելով ռուբիկոնը՝ նրանք հռչակեցին, որ Հայաստանում եւս կա այն հինգերորդ շարասյունը, որ պատրաստ է ուս-ուսի տված ադրբեջանական քարոզչամեքենայի հետ, արդեն մեր երկրի բարձրագույն ամբիոնից հանդես գալ նույն այն թեզերով, որոնցով տարբեր միջազգային ատյաններում խոսում են Բաքվի պատվիրակները. - «Անցնելով ռուբիկոնը՝ նրանք միացան մի ժամանակ այդ նույն ամբիոնից «պատերազմի հանցագործներ» մեղադրանքը հռչակող Վանո Սիրադեղյանին... Այդ մարդիկ նահանջի տեղ չպետք է ունենան: Այսուհետեւ նրանք պետք է իմանան իրենց տեղը՝ մեկուսացվածի, հեռացվածի, անկյուն նետվածի տեղը»:

Վերջերս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե կան մարդիկ, ովքեր ծագումով ղարաբաղցիների միջոցով դարձել են քաղաքական գործիչ, մտել խորհրդարան, իսկ այսօր կծում են ղարաբաղցիների ձեռքը: «Այս թափանցիկ ակնարկը կարծես վերաբերում էր «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանին», - նշել է «Իրավունք» թերթը եւ մեկնաբանության համար դիմել վերջինիս: Իսկ Արտաշես Գեղամյանը մասնավորապես ընդգծում է. - «Քարոզարշավի ժամանակ «Ազգային միաբանություն»-ից պահանջվեցին հսկայական ջանքեր, որ բնակչությանը բացատրվեր, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ իրենց կողմից ղեկավարվող կլանը որեւէ կապ չունեն ղարաբաղյան հպարտ ժողովրդի հետ: Գուցե մենք մի քանի տասնյակ ընտրող կորցրեցինք, բայց խիղճներս հանգիստ է»:

Շաբաթվա զարգացումները ամփոփելով «Դանդաղ ընթացք՝ դեպի ոստիկանապետություն» վերնագրի տակ, «Իրավունք»-ը առանձնացրել է. - «Քանի որ երկրում առկա է միտումը, որ այս կամ այն ֆինանսաքաղաքական խմբի շահերը պաշտպանելու համար միշտ առկա է նորանոր ուժային կառույցների ստեղծման հեռանկարը, ուստի ընդհանուր ուղղվածությունը դառնում է ոստիկանապետությանը բնորոշ մոդելին ավելի ու ավելի մոտենալը, երբ ավելի ու ավելի են շատանում մարդիկ, ովքեր զուտ սեփական սուբյեկտիվ գնահատականից ելնելով, կարող են գաղտնալսել ցանկացած քաղաքացու, հետեւել նրա տեղաշարժերին, կատարել ակնհայտ կամ գաղտնի խուզարկություններ եւ պահել գործակալական ցանց... Հայաստանը կլանային երկրից դառնում է կլանային-ոստիկանական»: «Ընդհանուր առմամբ՝ համակարգը Հայաստանում կոնսերվացվում է՝ ստանալով ավելի ու ավելի փայլուն արտաքին եվրոպական լաքապատում, իսկ համակարգի ներսում շարունակվում է դրա լծակներին տիրանալուն ուղղված պայքարը: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նման պայմաններում նրան սպառնում է հավերժ ընդդիմություն մնալու ոչ այնքան հաճելի հեռանկարը», - ի մի է բերել «Իրավունք»-ի մեկնաբանը:

«Կովկասյան վագրին» թունավորումներով կամ թանկացումներով չես վախեցնի: Կույր, քոռ, քաչալ ու հիմար են բոլոր նրանք, ովքեր չեն տեսնում մեր երկրի տնտեսական աճը», - հեգնում է այսօր «Այբ-Ֆե» թերթը: - «Այդ աճի ապացույցներից է, թերեւս, այն, որ խորհրդարանի ընտրություններից առաջ հացի գործարանները 1 կգ ալյուրը գնում էին 120 դրամով, իսկ այժմ վճարում են 240 դրամ: Սա, հիրավի, աճի աննախադեպ ցուցանիշ է»: «Ինչո՞ւ է հաջորդ տարվա տնտեսական աճի տեմպը նվազեցված մինչեւ 6 տոկոս: Մենք արդեն բավարար զարգացման ենք հասել, որ ժամանակն է կրճատելո՞ւ դրա տեմպերը». «Այբ-Ֆե»-ի այս հարցին Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանել է. - «Այո, բայց մենք չենք կրճատում, այլ նորմալ հունի մեջ ենք ընկնում»: Քիչ անց, սակայն, Սահակյանը ասում է. - «Մենք առայժմ չենք հասել զարգացման այնպիսի մակարդակի, որ հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչ սպառման ամբողջ զամբյուղի իրական տերը դառնա»:

«Վերջին 6 ամսվա ընթացքում սա հացի երկրորդ թանկացումն էր... Տրանսպորտն է թանկացել, ջուրն է թանկանալու, հոսանքը։ Ի՞նչ է մտածում պետությունը սոցիալական լարվածության այս միանգամայն իրական ազդակի դրդապատճառների ու հետեւանքների մասին: Հացի խնդիրը արդեն ոչ թե պարենային անվտանգության, այլ պարենային ահաբեկչության կերպարանք է ստանում: Պետության միջամտությունը ո՞րն է լինելու այս պահին», - հարցեր է դնում «Ազգ» թերթի մեկնաբանը:

Կոռուպցիայի կանխարգելման հասարակական կենտրոնի նախագահ Ստեփան Ծաղիկյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է. - «Երբեք մի՛ կարծեք, որ ժողովուրդը, հասարակությունը, անկախ իրենց տրվող պիտակներից, համբերությամբ այս ամենը տանելու է: Իշխանությունը պետք է գիտակցի, որ կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ քայլեր չանելով, կարող է հասարակության մեջ սոցիալական լուրջ բախումների նախադրյալներ ստեղծել»: Ժողովուրդը ցանկանում է կոնկրետ պաշտոնյա-կոռուպցիոների տեսնել վանդակաճաղերի հետեւում, իսկ ընդունված հակակոռուպցիոն ռազմավարության ամենակարեւոր թերությունը, ըստ Ծաղիկյանի, այն է, որ «կոնկրետ, իրատեսական չէ, իրականացման առումով թույլ փաստաթուղթ է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG