Մատչելիության հղումներ

«Արդարություն» խմբակցության պատգամավորները հերքում են, թե առկա են ներդաշինքային տարաձայնություններ


Հինգշաբթի օրը խորհրդարանական ճեպազրույցներում «Արդարություն» խմբակցության անդամ, ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանի՝ այս շաբաթ ավելի վաղ արած հայտարարությունը, թե անցած նախագահական ընտրություններում Ստեփան Դեմիրճյանը «ձեռնտու» թեկնածու էր Ռոբերտ Քոչարյանի համար, անդրադարձան ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանական կոալիցիան ներկայացնող պատգամավորներ:

Վազգեն Մանուկյանը ասել էր նաեւ, թե եթե ինքը լիներ ընդդիմության միասնական թեկնածուն, Դաշնակցությունը հազիվ թե նույն ոգեւորությամբ պաշտպաներ Ռոբերտ Քոչարյանին: 1996 թվականի նախագահական ընտրություններում, հիշեցնենք, Դաշնակցությունը աջակցում էր Վազգեն Մանուկյանին՝ ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի:

«Որպես քաղաքականությամբ զբաղվող մարդ, ես ընդհանրապես «եթե»-ներով ոչ մի բան չեմ կառուցում», - ասաց Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը: - «Դաշնակցության դիրքորոշումը հիմնավորված էր, այդ դիրքորոշումը հստակ արտահայտված էր 1998 թվականից սկսյալ»:

«Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը, անդրադառնալով հարցին, ասաց. - «Վազգեն Մանուկյանի հետ չեմ հանդիպել եւ չեմ կարծում, որ ինքը բառացի դա է ասել»: Հարությունյանը ներկայացրեց իր կարծիքը, թե Ստեփան Դեմիրճյանը երբեք ձեռնտու թեկնածու չի եղել իշխանությունների համար եւ «հիմա էլ ձեռնտու չէ»:

Իսկ առարկությանը, թե Վազգեն Մանուկյանը չի հերքել մամուլում հրապարակավածը եւ դա արդյոք չի՞ նշանակում, որ «Արդարություն» դաշինքում ծայր են առնում ինչ-ինչ տարաձայնություններ, Հարությունյանը հակադարձեց. - «Վերջին գործընթացները ցույց տվեցին, որ դաշինքում անհրաժշետության դեպքում ընդհանուր հայտարարի գալիս են ցանկացած հարցի շուրջ»:

«Դաշինքում որեւէ պրոբլեմ չկա», - իր հերթին հավաստիացրեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը՝ անցնելով այլ հարցի: Նա «քաղաքական հաշվեհարդար» որակեց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության վերագրանցման մերժումը արդարադատության նախարարության կողմից:


Մեկ տարի առաջ ուժի մեջ մտած «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջով վերագրանցվող կուսակցություններից առայժմ միակը, որի վերագրանցումը մերժվել է 116-ամյա Հնչակյան կուսակցությունն է:

Կոշտ ձeuակերպումներով խոսեցին այդ մասին նաեւ «Ազգային միաբանություն» խմբակցության ներկայացուցիչներ Գագիկ Կոստանդյանն ու Ալեքսան Կարապետյանը:

Ավելի զուսպ էին կառավարող կոալիցիան ներկայացնող խորհրդարանականները, ովքեր ասացին, թե կցանկանային մինչեւ կարծիք հայտնելը ծանոթանալ Հնչակյան կուսակցության վերագրանցումը մերժող փաստաթղթի իրավական հիմքերին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG