Մատչելիության հղումներ

«Ա1+»-ը հերթական անգամ մասնակցելու է մրցույթի


Հեռուսատատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մրցույթի է դրել դեցիմետրային մեկ կապուղի: Դեկտեմբերի 24-ին կայանալիք մրցույթին կրկին մասնակցելու է «Ա1+» հեռուստաընկերությունը, թեեւ հեռուստաընկերության ղեկավարը վստահ է, որ իրենք կրկին պարտություն են կրելու:

«Անպայման կմասնակցենք մրցույթին, անպայման կպարտվենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը՝ բացատրելով. - «Որովհետեւ արդեն կանխորոշված է: Որովհետեւ արդեն պատրաստ են դոֆինատիպ եւ շարմատիպ [«Դոֆին»-ը եւ «Շարմ»-ը նախորդ մրցույթներում «Ա1+»-ի մրցակից հեռուստաընկերություններ են] ձեռնարկություններ, որոնք պայքարի մեջ են մտնելու: Դրանք պետք է պայքարեն «Ա1+»-ի դեմ եւ հաղթեն»:

Մովսեսյանը Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի կողմից մրցույթների անցկացումը «խաղ» որակելով, ասաց, թե պարզապես վերհիշել են այդ «հին խաղը եւ նորից խաղալու են»: «Այդպես էլ լինելու է: Եվ այդ մթնոլորտը անպատժելիության, որում իրենք հիմա գոյատեւում են անվերջ չի կարող լինել: Պատիժ կրելու են եւ շատ լուրջ պատիժեն են կրելու: Դա ես խոստանում եմ», - ավելացրեց նա:

Մրցույթի դրված կապուղին ներկայումս տնօրինում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանի՝ 1986 թվականին ստեղծած «Արտ-13» հեռուստաընկերությունը: Այսօր Շահսուվարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «Արտ 13»-ը մրցույթին չի մասնակցելու, քանի որ «հեռուստատեսությունը քաղաքականություն է» եւ ինչ էլ հաղորդվի իր անվան հետ է կապվելու: Մինչդեռ ինքը «ուսադիրներ է կրում եւ չի զբաղվում քաղաքականությամբ»:

2002-ի ապրիլից վեր, երբ «Ա1+»-ը զրկվեց իր զբաղեցրած կապուղուց,
բազմաթիվ մեկնաբանություններ հնչեցին, թե նախագահ Քոչարյանի կողմից նշանակվող Հեռուստառադիոյի հանձնաժողովի ընդունած այդ որոշումը քաղաքական էր, քանի որ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին եթերից զրկվեց ընդդիմադիր գործիչներին առավել հաճախ եթեր տրամադրող հեռուստաընկերությունը: Դրանից հետո «Ա1+»-ը մասնակցել է վեց մրցույթի եւ վեցում էլ պարտվել է:

Մեսրոպ Մովսեսյանի խոսքերով, Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովը «կրիմինալ» հանձնաժողով է», որը օրենքը խախտելով աշխատում է «Ա1+»-ի դեմ: Նա ավելացրեց, որ շուտով իրենք «սենսացիոն հայտարարություն» կանեն:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG