Մատչելիության հղումներ

Պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնված ձեռնարկություններից մի քանիսի ապագան դեռեւս անհայտ է


«Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում 100 միլիոն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնված հայաստանյան 5 խոշոր ձեռնակություններից միայն մեկի՝ «Մարս» գործարանի նոր տերն է հայտնի: Դե յուրե Ռուսաստանին անցած մյուս չորս ձեռնակությունները հարցում դեռեւս շատ են անհայտները:

«Մարս» գործարանի բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման են հանձնվել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի մեջ մտնող «Ռադիոէքսպորտ» արտաքին տնտեսական միավորմանը։

Հրազդանի ՋԷԿ-ի հանձնումը ռուսական կողմի կառավարմանը կիրականցվի հավանաբար մինչեւ այս տարեվերջ։ Առանցքային այս օբյեկտի հանձման ձգձգման համար Հայաստանի Էներգետիկայի նախարարության աղբյուրները զուտ տեխնիկական պատճառներ են նշում: Իրականում, սակայն, խնդիրներ կան ռուսական կողմում, որը, ըստ որոշ իրազեկ աղբյուրների, դեռեւս չի կողմնորոշվել, թե ո՞ր կազմակերպության տնօրինմանը հանձնի ՋԷԿ-ը։

Չի բացառվում, որ Հրազդանի ՋԷԿ-ի խնդրի լուծման ձգձգումը պայմանավորված լինի նաեւ Ռուսաստանի ներքաղաքական խնդիրներով՝ այդ երկրի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի պաշտոնանկությամբ կամ ՌԱՈ ԵԷՍ ընկերության նախագահ Անատոլի Չուբայսի հնարավոր պաշտոնանկությամբ, ինչի մասին գրում են որոշ ռուսաստանյան լրատվամիջոցներ։

Ռուսաստանին փոխանցված մյուս հայկական ընկերությունների՝ Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի, Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկության եւ Ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտի ճակատագիրը տակավին անհայտ է։ Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գագիկ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ արդեն ընտրվել է ռուսաստանյան ընկերությունը, որի կառավարմանն է հանձնվելու իր ղեկավարած ինստիտուտը. դա Ռուսաստանի Ավտոմատ սարքավորումների գիտահետազոտական ինստիտուտն է: Սակայն, ինստիտուտի կառավարման պայմանների վերաբերյալ պայմանագիրը դեռեւս կնքված չէ, ու հայտնի էլ չէ, թե երբ կստորագրվի։

Ի տարբերություն իր գործընկերոջ, ժամկետների հարցում ավելի լավատես էր Ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Աթոյանը: Նրա փոխանցմամբ, առաջիկա շաբաթների ընթացքում արդեն Ռուսաստանի պետական գույքի կոմիտեի հետ կստորագրվի ինստիտուտի կառավարման պայմանների վերաբերյալ պայմանագիրը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG