Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այբ-Ֆե»-ի մեկնաբանի հայացքով, «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունն ավարտվեց այնպիսի ելքով, որին դատավարության մասնակիցների եւ դահլիճում ներկաների մեծ մասը չէր սպասում. - «Մոտ 3 տարի տեւած դատավարության ընթացքում առաջին անգամ Նաիրի Հունանյանին թույլ չտրվեց խոսել... Միգուցե Հունանյանը էական ոչինչ էլ չասեր, միգուցե հրապարակեր այնպիսի փաստեր, որոնք Հայաստանում ամեն ինչ կշրջեին գլխիվայր: Նաիրի Հունանյանին լռեցրին, իսկ ենթադրությունները կշարունակվեն»: «Դատավարությունը ցույց տվեց, որ այն ուղղորդված ու պատվիրված է... Իշխանություններն ամեն ինչ արեցին գործը կոծկելու համար», - նույն թերթում ընդգծում է Ստեփան Դեմիրճյանը:

«Առավոտ» թերթի հարցազրույցում անդրադառնալով զուգահեռաբար ավարտված «Հոկտեմբերի 27»-ի եւ Տիգրան Նաղդալյանի սպանության գործի դատավարություններին, ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը նշում է. - «Մենք գտնում ենք, որ այս երկու պրոցեսները ուղղորդվել են մեկ կենտրոնից: Ամենայն հավանականությամբ՝ նախագահի նստավայրից...Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի վճիռ կկայացնեն դատավորները, դրանք լինելու են քաղաքական որոշումներ: Մենք գտնում ենք, որ երկու հանցագործություններն էլ բացահայտված չեն, եւ կազմակերպիչները պատասխանատվության չեն ենթարկվել այս փուլում»: Ասելով, թե արդարադատությունը չիրականացվեց եւ այս դատավարությունները եւս մի սեւ բիծ թողեցին Հայաստանի պատմության մեջ, Բազեյանը շեշտադրում է. - «27»-ի եւ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարությունները վերանայման կարիք ունեն: Մենք գտնում ենք, որ այդ գործով նոր դատաքննություններ են սկսվելու»:

«Հայոց աշխարհ»-ի մեկնաբանի կարծիքով, անցած երեք տարիների ընթացքում արմատական-յունոշեւախառը բլոկի դրսեւորած գործելակերպի պատճառով հասարակության աչքում դատավարությունն աստիճանաբար կորցրեց իր հնչեղությունն ու նշանակությունը: «Վաղուց արդեն հասարակության համար դատավարությունը նույնն էր, ինչ առավոտյան սուրճ խմելը, երթուղային նստելը կամ ցանկացած ալիքով «Եղանակի տեսություն» դիտելը», - գրում է մեկնաբանը, ըստ որի հանրությունը ճիշտ ժամանակին հասկացավ, թե «ինչն-ինչոց է եւ իր համար առանձնացնելով 99-ի բուն ողբերգությունը, արմատական բանակին թողեց մեն-մենակ՝ սեփական ամբաստանությունների ու խարդավանքների սարդոստայնում»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը, տարաձայնություններ փնտրելով ՀԺԿ եւ «Հանրապետություն» կուսակցությունների միջեւ, նկատում է. - «Խոսքն այստեց մեծ հաշվով ոչ թե «Հոկտեմբերի 27»-ի գործի մասին է, այլ դրանից բխող կամ բխեցվելիք գործողությունների... «Հանրապետություն»-ը ըստ էության հաստատում է, որ չի պատրաստվում նահանջել սուր տեխնոլոգիաներով իշխանափոխության ձգտելու իր մտադրությունից՝ նույնիսկ եթե դա հանգեցնում է ՀԺԿ-ի հետ հակասության: ՀԺԿ-ն, իր հերթին, առավելապես, ի դեմս իր առաջնորդի, «Հոկտեմբերի 27»-ի համատեքստում զգացնել է տալիս, որ չի պատրաստվում այդ կամ այլ պատրվակով ծայրահեղ գործողությունների դիմել: «Հոկտեմբերի 27»-ի շուրջ ստեղծված այս իրավիճակը հենց այն պայմանական կետն է, որից այն կողմ ճաք է տալիս ՀԺԿ - «Հանրապետություն» համագործակցությունը», - ձեւակերպում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը:

«Քաղաքական դաշտը գնալով ծիվծիվանում է», - «Հայկական ժամանակ»-ում բնորոշում է Գալուստ Սահակյանը: Թերթն իր հերթին հիշեցնում է, որ «Ծիվո»-ն Աջափնյակի թաղապետ Արծրուն Խաչատրյանի մականունն է: «Ես շարունակելու եմ պայքարել քաղաքական ծիվծիվների դեմ եւ նրանց խորհուրդ կտամ չփորձել ՀՀԿ-ում ավելորդ «խաղեր» տալ», - զգուշացնում է Գալուստ Սահակյանը՝ չբացառելով, որ ՀՀԿ խմբակցությունում կգտնվեն պատգամավորներ, որոնք կներքաշվեն ինչ-ինչ ուժերի կողմից իր դեմ հրահրվող ինտրիգների մեջ: Թերթի փոխանցմամբ, ՀՀԿ խորհրդի անդամներից մեկը հավաստիացրել է, որ Հանրապետական խմբակցությունում «ինչ-որ խմորումներ են հասունանում, եւ Գալուստ Սահակյանի հայտարարություններն ընդամենը դետալ են առաջիկայում սպասվող իրադարձությունների»:

«Գոլոս Արմենիի»-ին հիշեցնում է, որ նախագահի հրամանագրով Աջափնյակի ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի պաշտոնը բարձրացվել է. նա նշանակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ: «Այսինքն՝ նախագահը գոհ է Աջափնյակի ընտրությունների արդյունքից», -ակնարկում է թերթը՝ հետեւությունները թողնելով ընթերցողին:

«Եթե մինչեւ 2003թ. նոյեմբերի 17ը կուսակցությունները վերագրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնեն պետական ռեգիստրին, ապա, օրենքի համաձայն, սկիզբ կառնի նրանց լուծարման գործընթացը», - արձանագրում է «Հայոց աշխարհ»-ը՝ գտնելով, որ «գործողության մեջ դնելով «Կուսակցությունների մասին» օրենքը, պետությունն ինքը շահագրգռություն է դրսեւորում կազմակերպությունների միավորման ու խոշորացման հարցում։ «Սակայն դրանով պետությունը փոխում է միայն մեզանում հաստատված քաղաքական խաղի արտաքին կանոնները, բայց նրա էությունը, դժբախտաբար մնում է նույնը», - գրում է մեկնաբանը: - «Նպատակը նույնն է՝ քաղաքականության միջոցով անձնական եւ խմբակային խնդիրների լուծումը»։

«Եթե Վրաստանում ընդդիմությանը հաջողվի պաշտոնանկ անել նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին, Հայաստանում նմանատիպ գործընթացներ նույնպես կարող են սկսվել», - «Հայկական ժամանակ»-ում կանխատեսում է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: - «Իսկ եթե վրացական ընդդիմությունն անհաջողության մատնվի, դա հայկական ընդդիմության հետագա գործերի վրա որեւէ կերպ չի ազդի»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG