Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նայելով քաղաքական դաշտի վերջին անցուդարձերին, «Առավոտ» թերթը խտացրել է. - «Մեր իշխանություններն էլ նույն կառուցվածքն ունեն, ինչ ընդդիմությունը: Վերջինս ունի, օրինակ, արմատական ներկայացուցիչ, ինչպիսին է Արամ Զավենի Սարգսյանը եւ ավելի կառուցողական, որպիսին Ստեփան Դեմիրճյանն է: Հիմա էլ հայտնվեցին ամենակառուցողականները՝ ի դեմս Լյուդմիլա Հարությունյանի: Իշխանական ճամբարում նույն պատկերն է. հանրապետականները, ինչ խոսք, հենց ամենաարմատական իշխանամետ ուժն են: Իսկ Դաշնակցությունն ու, առավել եւս, «Օրինաց երկիր»-ը կառուցողական իշխանամետներն են: «Օրինաց երկիր»-ն էլ պայքարում է ոչ թե իշխանության դեմ, այլ կոալիցիայի մյուս անդամների դեմ՝ հանուն լուսավոր ապագայի: Նույն կառուցողական ձեւով Դաշնակցությունը տակառ է գլորում ՀՀԿ-ի եւ «Օրինաց երկիր»-ի վրա: Կարճ ասած, եթե մի ընդհանուր հայացք ձգենք, ապա կառուցողական ընդդիմությունը նույնն է, ինչ կառուցողական իշխանությունը: Այնպես որ, վաղուց ժամանակն է, որ կառուցողական ընդդիմությունն ու կառուցողական իշխանությունը միավորվեն ու մի մեծ կառուցողական ուժ դառնան՝ չմոլորեցնելու համար քաղաքական ուժերի դասավորությունից առանց այդ էլ գլուխ չհանող հասարակությանը», - բխեցնում է «Առավոտ»-ը:

«Օրինաց երկիր» կուսակցության վերջին համագումարի ժամանակ հնչած ելույթների ընդդիմադիր պաթոսին կնախանձեին իրենց արմատական ընդդիմադիր համարող քաղաքական գործիչներն անգամ», - անդրադառնում է այսօր «Առավոտ»-ի մեկնաբանը: - «Կոալիցիայի ներսում այդ համագումարից հետո առկա լարվածությունը ավելի է խորացել: Ըստ ամենայնի, կոալիցիոն անհանդուրժողականությունը կարող է սրվել 2004-ի բյուջեի քննարկման ժամանակ: Չի բացառվում, որ խորհրդարանում ձեւավորվի նոր մեծամասնություն՝ հանձինս «Ժողպատգավոր»-ի, «Օրինաց երկիր»-ի, Դաշնակցության, նաեւ ՀՀԿ-ի այն մասի, որ գտնվում է պաշտպանության նախարարի ազդեցության ներքո»: Հանրապետական կուսակցության խորհրդի եւ Ազգային ժողովի խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում այսօր ասում է. - «Օրինաց երկիր»-ի համագումարում բավական անհասկանալի, եթե չասենք անընդունելի, մտքեր են այնտեղ արտահայտվել: Մասնավորապես, երբ կառավարությանը մաս կազմելով, հրապարակայնորեն քննադատում են նույն կառավարությանը՝ միաժամանակ ինչ-որ տեղ ցեխ շպրտելով կոալիցիայի գործընկերների վրա... «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարը նշել էր, թե այսօր ինչի ձեռք ենք տալիս, գարշահոտություն է գալիս: Այդ դեպքում թերեւս ճիշտ կլիներ, որ պատասխան տրվեր հետեւյալ հարցին. ձեռք տալուց հետո գարշահոտությունը քչացա՞վ, թե՞ ավելացավ», - հակադարձում է հանրապետական պատգամավորը:

«Իրավունք» թերթի ուրվագծմամբ, կոալիցիոն անհարթություններին նպաստող գործոնները շատանում են, եւ միաժամանակ սաստկանում է կոալիցիային ուղղված քննադատությունը, այդ թվում եւ նախագահի նստավայրից նրա բոստանը նետվող քարերի քանակը: Վերջին հաշվով, կոալիցիայի լինել-չլինելու հարցում կրկին վերջնական նշանակություն է ունենալու վարչապետի դիրքորոշումը. եթե նրան ձեռնտու լինի երկարաձգել կոալիցիայի գոյությունը, ապա դրա համար քայլեր կձեռնարկվեն, իսկ դրա հակառակ պարագայում կոալիցիան կարող է կազմաքանդվել չափազանց արագ», - կարծում է մեկնաբանը: Այստեղ նաեւ առանձնացված է. - «Ներիշխանական բավականին լուրջ պրոբլեմներ է առաջացնում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը... Իշխանության նախագահական թեւի ներկայացուցիչները կուլուարներում Գալուստ Սահակյանի մասին արտահայտվում են ատելությամբ, եւ խոսակցություններ կան, որ կբարձրացվի ՀՀԿ խմբակցության ղեկավարի փոփոխության խնդիրը»:

Իսկ Գալուստ Սահակյանը այսօր արդեն «Այբ-Ֆե» թերթի հարցազրույցում շարունակում է պնդել. - «Եթե իշխանությունը չխանգարեր՝ Արման Սահակյանը կդառնար Աջափնյակի թաղապետ: Ընտրություններն անցան բռնարարքներով, բռնություններով, այսինքն խնդիր կար, որ Արման Սահակյանը պիտի չանցներ»; Այսու, ըստ ՀԿԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի, «եկել է մի պահ, որ Հայաստանը զարգացման պրոցեսում պետք է ուշադրություն դարձնի, որ բանիմաց մարդիկ կարողանան չինովնիկական խույրը իրենց վրա վերցնել»:

«Մինչ փոխնախարարական հայեցողական պաշտոնները մեջ-մեջ անելը, կոալիցիայի ուժերը կուրծք էին ծեծում, որ իրենց ուզածը ոչ թե պաշտոնն ու տվյալ ոլորտի նախարարի վրա «նադզոր» սահմանելն է, այլ իրենց պրոֆեսիոնալ, մասնագետ կադրերով նախարարությունները սնուցելն ու հայրենիքին ծառայելը: Հիմա արդեն փաստացի օրինակներով կարող ենք տեսնել մտքի ինչ տիտանների են կուսակցությունները ուղարկել կառավարություն». - այս շրջանակում «Հայկական ժամանակ» թերթը բացել է մի քանիսի կենսագրականը. - «Բնապահպանության փոխնախարար է նշանակվել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Մաթիլյանը: Նրա մասին հայտնի է միայն, որ նա դաշնակցական է, նախորդ խորհրդարանում չի արտաբերել որեւէ բառ եւ 1995-1998-ականներին աշխատել է որպես գործիչ: Սա, սակայն, նրա կենսագրության միակ առանձնահատկությունը չէ: Բացի «գործիչ» աշխատելուց, նա նաեւ տիրապետում է գերմաներենին՝ բառարանով... «Օրինաց երկիր» կուսակցությունը իր կադրային հարուստ բանկից էներգետիկայի փոխնախարար է առաջադրել իր անդամ Արտակ Դավթյանին: Վերջինիս կենսագրության ամենահիշարժան դրվագն այն է, որ նա եղել է ծանրամարտի մարզիչ: Ինչ վերաբերում է կապի եւ տրանսպորտի փոխնախարար, ՀՅԴ անդամ, Դավիթ Երիցյանին, ըստ պաշտոնական կենսագրության, վերջինս ժամանակին եղել է Աշտարակի շրջանի Ուջան գյուղի սովխոզի չորանոցի պահակը, այնուհետեւ դարձել է Ուջանի գրադարանի վարիչ, սակայն, դրանից հետո, ինչ-ինչ պատճառներով նրա պաշտոնն իջեցվել է, ու նա մի քանի տարի եղել է Ուջանի դպրոցի հնոցապանը»: «Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է, որ բոլորովին վերջերս էլ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանն ասում էր, թե փոխնախարարների առաջադրումը կատարվել է բարդ ուսումնասիրությունների եւ հետազոտությունների արդյունքում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG