Մատչելիության հղումներ

Կազմակերպիչները գոհ են հեռուստամարաթոնի արդյունքներից


Երեքշաբթի երեկոյան Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում անցկացված «Ազգային գրականությանը՝ազգային պաշտպանություն» խորագրով հեռուստամարաթոնի ընթացքում է հանգանակվել է ավելի քան 100 հազար դոլար:

Ըստ կազմակերպիչների, մարաթոնը ցանկալի արդյունքներ է տվել ոչ միայն դրամահավաքի, այլեւ տարբեր խավերի ներկայացուցիչներին միավորելու առումով: «Գրական թերթ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանի խոսքերով, Հայաստանի հեռավոր մարզերից դպրոցահասակ երեխաների ներդրած հազարական դրամը որեւէ կերպ չէր զիջում գործարարների ներդրած հազարավոր դոլարներին:

«Նշանակում է՝ ոչ միայն մեկենասությունը ապագա ունի Հայաստանում, այլեւ հայ գրողը՝ ընթերցող», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խոդիկյանը:

Հավաքվածի ճշգրիտ գումարի մասին դեռ վաղ է խոսել, քանի որ հանգանակությունը դեռ շարունակվում է: Գրական հիմնադրամի գործադիր տնօրեն Նելլի Շահնազարյանի խոսքերով, անցած ամիս Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ներդրած մայր գումարը՝ 100 հազար դոլար, հեռուստամարաթոնի ընթացքում կրկնապատկվել է: Վերջնական արդյունքները կամփոփվեն 10-օրյա ժամկետում, ինչից հետո բոլոր նվիրատուների անունները կհրապարակվեն «Գրական թերթ»-ում:

Շահնազարյանի խոսքերով, նվիրաբերված գումարը շատ ավելի մեծ կլիներ, եթե հեռուստամարաթոնի ընթացքում նշվող հանրային հեռուստաընկերության հեռախոսահամարները գործեին: «Դրանք անհասկանալի պատճառներով չէին աշխատում», - ասաց Նելլի Շահնազարյանը՝ ավելացնելով, որ անդադար գործել են միայն Գրողների միության հեռախոսահամարները, որոնք, սակայն, չէին նշվում հեռուստատեսությամբ:

Հայաստանցի գործարարներից խոշոր նվիրատուներից են Հրանտ Վարդանյանը («Գրանդ հոլդինգ»)՝ 3 միլիոն դրամ, Գագիկ Ծառուկյանը («Մուլտի գրուփ»)՝ 5 միլիոն դրամ, Միխայիլ Բաղդասարովը՝ 5 հազար ԱՄՆ դոլար: Սփյուռքահայ մեծահարուստ Վահագն Հովնանյանը նախապես նվիրաբերել էր 5 հազար դոլար, սակայն հեռուստաեթերով թյուրամացաբար հայտարարվել էր 50 հազար դոլարի մասին, եւ «Հովնանյան» հիմնադրամը գրողներին չհիասթափեցնելու նպատակով որոշել է տրամադրել 25 հազար դոլար:

«Այս մարաթոնը մեր ժողովրդի մեջ վերարծարծեց հետաքրքրությունը Գրողների միության եւ գրականության ճակատագրի հանդեպ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց գրականագետ Ազատ Եղիազարյանը: - «Ես երեկ համոզվեցի, որ մեր ժողովրդի մեջ դեռ չի մեռել սերը գրականության, մշակույթի հանդեպ»:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG