Մատչելիության հղումներ

«Հայոց Եկեղեցու պատմության» դասագրքերի շնորհանդես՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում


Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության, երկուշաբթի օրը Մայր Աթոռում տեղի է ունեցել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի 4-7-րդ դասարանների դասագրքերի շնորհանդեսը։

Դասագրքերը հրատարակվել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ Հայաստանի կառավարության միջեւ մեկ տարի առաջ ստորագրված համաձայնագրի շրջանակներում, ըստ որի անցած սեպտեմբերից «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դասավանդվում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրակրթական դպրոցների 4-5-րդ դասարաններում։ 6-7-րդ դասարանների դասագրքերը դեռեւս փորձնական են։

Շնորհանդեսին ներկա էին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան հայրեր, մտավորականներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հյուրեր։

«Դասագրքերը կազմվել են Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության կրթական ծրագրերի բարեփոխումների կենտրոնի մասնագետների ու Հայ Եկեղեցու մի շարք հոգեւորականների ջանքերով եւ հրատարակվել են ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնի հովանավորությամբ: Դասագրքերի պատրաստման աշխատանքներին իրենց նպաստն են բերել նաեւ Իրմա եւ Սիլվա Տեր-Ստեփանյան քույրերը եւ Հարություն Աղա-Սարգսյանը», - ասված է հաղորդագրությունում:

«Այս գրքերը լոկ կրոնական մի կառույցի պատմություն չէ, որ ներկայացնում են։ Այս գրքերը ներկայացնում են պատմությունը մեր ազգի, մեր մշակույթի, մեր ավանդույթների, մեր սովորույթների, մեր լինելության, մեր գոյության, մեր ինքնության», - գնահատանքի իր խոսքում ասել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

4-րդ դասարանի ձեռնարկները աշակերտներին ծանոթացնում են Հին եւ Նոր կտակարաններին։ 5-րդ դասարանի դասագրքերում ներկայացված են քրիստոնեական եկեղեցու հարանվանությունները, ուղղություններն ու խորհուրդները, ազգային-եկեղեցական տոները։ 6-8 դասարաններում աշակերտները ծանոթանալու են Հայ Եկեղեցու պատմությանը՝ առաքելական ժամանակներից մինչեւ մեր օրերը։


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG