Մատչելիության հղումներ

Գեղամյանը քննադատում է ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը


«Ազգային միաբանություն» կուսակցության՝ ուրբաթ օրը տեղի ունեցած համագումարում, կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը կրկին խիստ քննադատության ենթարկեց ինչպես հայաստանյան ներկա իշխանություններին, այնպես էլ ընդդիմությանը:

Իր ելույթը սկսելով սեփական կուսակցության սխալների վերլուծությունից, Արտաշես Գեղամյանը ասաց. - «Սխալները, անշուշտ, դաշնակցին հավատալու սխալներ էին»: Իսկ ամբողջ անցած տարվա սխալների վերլուծության ընդհանուր եզրակացությունն այն է, որ Արտաշես Գեղամյանին եւ «Ազգային միաբանության»-ը հալածել են թե' ընտրություններից առաջ, թե' բուն ընտրությունների ընթացքում ու թե' դրանիցի հետո, հալածել են թե' իշխանությունները, թե' ընդդիմադիր դաշնակիցները:

Գեղամյանը պատմեց, թե նախագահական ընտրությունների քվեարկության նախորդ օրը գրեթե բոլոր մարզերում 150 հազար թռուցիկ էր բաժանվել, թե Արտաշես Գեղամյանը հանել է իր թեկնածությունը:

«Սկզբից միամիտներս կարծեցինք, որ իշխանությունների դավադրությունն է: Ավաղ՝ համոզվեցինք, որ ոչ», - ասաց նա՝ հավելելով, որ դա «ուխտադրուժ դաշնակիցներն» են եղել: Գեղամյանը ակնհայտորեն նկատի ունի «Արդարություն» դաշինքը:

«Ազգային միաբանության» առաջնորդը հատկապես վրդովված էր, որ կուսակցության առաջադրած համաճգնաժամային ծրագիրը «Արդարություն» դաշինքի հետ բանակցային սեղանին այդպես էլ անարձագանք մնաց:

«Եվ ոչ թե անպտուղ զանազան հանրահավաքների շուրջ, որից հետո, երբ գործողության ծրագիր հրապարակ չեն բերում, ժողովուրդը խորը հիասթափություն եւ հուսալքություն է ապրում», - «Արդարություն» դաշինքի հետընտրական հանրահավաքներին անդրադարձավ Գեղամյանը:

Այս ամենը, «Ազգային միաբանության» առաջնորդի խոսքերով, ստիպում է կուսակցությանը միաբանվել ցանկացած քաղաքական ուժի հետ՝ հանուն ամենամեծ գաղափարի, որ դրված է ժողովրդի առաջ՝ հանուն իշխանափոխության:

Այս վերջին հայտարարությունը հատկապես ուղղված էր ընդդիմադիր բոլոր կուսակցություններին, որոնք Գեղամյանի խոսքերով, իրեն «պիտակներ էին կպցնում», թե ինքը «կեղծ ընդդիմություն» է:
«Սաղ աշխարհի առաջ ասացի գող-ավազակ են, իշխանությունը զավթել են, էլի ասում են, թե կեղծ ընդդիմություն է», - դժգոհեց նա:

Իշխանությունների քննադատությանը Գեղամյանը անդրադարձավ երկրի տնտեսության մասին խոսելիս: Նրա խոսքերով, թմբկահարում են, թե իբրեւ երկնիշ տնտեսայկան աճ կա: «Բոլորից շատ ուրախացողը մենք կլինեինք, բայց ինչպես ուրախանանք, երբ չկա այդպիսի բան», - ասաց Գեղամյանը: - «Ինչքան ջրի երեսին տնտեսություն կա, դրանից երկուսուկես անգամ ավելի ստվերում է: Ինչպե՞ս է ստացվում մի բուռ Հայաստանում, որ այդքան թալանում ու գողանում են, եւ այս երկիրն էլ, պետությունն էլ բացարձակապես անտեղյակ է... Գողացողը իրենք են»:

Իսկ հիմա, ըստ Գեղամյանի՝ ժողովրդի ուշադրությունը շեղելու համար, իշխանությունները խոսում են կոռուպցիայի, կաշառառության դեմ պայքարի մասին, օրենքի նախագծեր են բերում Ազգայի ժողով: Այդ ամենը, «Ազգային միաբանության» առաջնորդի բնորոշմամբ, ծիծաղելի է. - «Գլխավոր կաշառակերի քավորը Ռոբերտ
Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են: Քավորներին անաֆեմայի ենթարկեք՝ կաշառքը կվերանա Հայաստանի Հանրապետությունում»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG