Մատչելիության հղումներ

Ջիվան Գասպարյանը 70 տարեկան է


«Թեքեյան» մշակութային միությունում ուրբաթ օրը հայ արվեստագետները ջերմությամբ նշեցին աշխարհահռչակ երաժիշտ, հայկական դուդուկը ամբողջ աշխարհին պատվով ու հպարտությամբ ներկայացրած դուդուկահար Ջիվան Գասպարյանի 70-ամյակը:

Ջիվան Գասպարյանը՝ պահպանելով լավագույն հայ դուդուկահարների՝ Լեւոն Մադոյանի եւ Վաչե Հովսեփյանի ավանդույթները, կարողացավ զուտ հայկական երաժշտական գործիքը ճանաչելի ու սիրելի դարձնել ամբողջ աշխարհում՝ ընդհուպ մինչեւ «Երազների ֆաբրիկա» Հոլիվուդում, ուր վերջին տարիներին նկարահանված բազմաթիվ կինոնկարներուն հնչում է նրա հոգեթով դուդուկը:

«Դուդուկը ինձ համար իմ կյանքում առաջնահերթ է. մնացածը դուդուկից հետո են ինձ համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ջիվան Գասպարյանը:

Վարպետի կարծիքով, դուդուկը առաջին հերթին իր մելամաղձոտ եւ գեղեցիկ տեմբրով է հրապուրում օտարերկրացիներին: «Եթե լավ էլ նվագում ես, նույնիսկ քար մարդը անհնարին է, որ չլսի», - շարունակեց նա:

Ջիվան Գասպարյանի վաստակը դուդուկը տարածման գործում դժվար է գերագնահատել: Մեծապես նրա ջանքերով երկու տարի առաջ Հայաստանում՝ Երեւանում եւ Գյումրիում, անցկացվեց դուդուկի առաջին միջազգային փառատոնը, որին մասնակցեցին ամենատարբեր ազգությունների դուդուկահարներ:

Վարպետի համոզմամբ, սակայն, դուդուկը խիստ ազգային գործիք է: «Այնտեղ [արտասահմանում] սովորում են, ուզում են լավ նվագել: Բայց դուդուկի հայի համար է... Հնարավոր չէ, որ ֆրանսիացին այնպես դուդուկ նվագի, ինչպես Վաչե Հովսեփյանը կամ Լեւոն Մադոյանը»:

Մեծանուն վարպետին այսօր հանձնվեց «Թեքեյան» միության պարգեւը՝ ադամանդակուռ շքանշան:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG