Մատչելիության հղումներ

Դատարանում մթնոլորտն ավելի ու ավելի է լարվում


Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, ուր «Հոկտեմբերի 27»-ի դատավարության եզրափակիչ փուլում երեկվանից իրենց գնահատականներն ու վերաբերմունքը դատավարության ընթացքի վերաբերյալ դատարանում հնչեցնելու իրավունք են ստացել տուժողները, նրանց իրավահաջորդների եւ ներկայացուցիչները, մթնոլորտը ավելի ու ավելի է լարվում:

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր բորոր ելույթ ունեցողներն անխտիր իրենց դժգոհությունը հայտնեցին դատավարության ընթացքից եւ մեղադրողների պահանջած պատժաչափերից:

Հնչած ելույթներից, այդուհանդերձ, հստակ դարձավ, որ տուժողներն էլ երկու բանակի են բաժանված: Եթե դատավճռի հարցում բոլորն էլ միակարծիք էին՝ պահանջելով դատարանից մահապատժի դատապարտել բոլոր ամբաստանյալներին, ապա դատավարության ընթացքի, դրա ձգձգման պատճառների, հնարավոր կազմակերպիչների ու պատվիրատուների մասին հակասական կարծիքներ հնչեցին:

Դատարանի միջանցքներում նույնիսկ լուրեր էին պտտվում, որ որոշ տուժողների հորդորել են ներկայանալ, հատկապես նրանց, ովքեր իրենց ելույթներում պահանջում էին արագ ավարտել դատավարությունը՝ հայտարարելով, թե այս գործով դատարանն այլեւս անելիք չունի: 1999 թվականին կապի նախարար Ռուբեն Տոնոյանը, օրինակ, կոչ էր անում նրանց, ովքեր կասկածներ եւ ինչ-որ փաստեր ունեն պատվիրատուների մասով, «բերեն ներկայացնեն դատարան եւ ոչ թե անտեղի ձգձգեն դատավարությունը»:

«Ձգձգում են այս նստած ընկերները», - նկատի ունենալով մյուս տուժողներից եւ նրանց իրավահաջորդներից ոմանց, ասաց Տոնոյանը: - «Բացարձակապես բան չկա: Բան ունեն ասելու, նյութ ունեն ներկայացնելու՝ թող ներկայացնեն... Բայց չէ՞ որ հանցագործները սրանք են», - ասաց նա՝ մահապատիժ պահանջելով ոչ միայն ամբաստանյալների, այլեւ նրանց հարազատների համար:

Ամբաստանյալների մահապատիժը պահանջեցին նաեւ «Արդարություն» դաշինքից Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Ծատուրյանը, Ստեփան Զաքարյանը, զոհվածների հարազատները:

«Ահաբեկչությունն ամբողջությամբ քաղաքական էր, եւ դրան քաղաքական գնահատական պետք է տալ», - ասաց Ծատուրյանը:

«Դատարանը մի շարք հարցերի պատասխաններ չտվեց: Ինչպես 99-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում, այնպես էլ այսօր ներքին համոզմունք կա, որ սրանք [ամբաստանյալները] մենակ չեն եղել», - իր ելույթում ասաց Ստեփան Զաքարյանը: - «Սրանք բութ գործիք էին ուրիշների ձեռքում: Եվ այն, թե ում ձեռքում էին գործիք՝ որ մինչեւ այսօր չի բացահայտվել, դա է տխուր»:

Զաքարյանի կարծիքով, դատավարության թերությունն այն էր, որ դատարանը խուսափեց բացահայտել ճշմարտությունը, որ թույլ չտվեց հարցաքննել կարեւոր վկաներին:

Ազգային ժողովում զոհված Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Միքայել Քոթանյանի, Յուրի Բախշյանի ու Արմենակ Արմենակյանի հարազատները նույնպես իրենց դժգոհությունները հայտնեցին դատավարության ընթացքից, պատժաչափի վերաբերյալ մեղադրողների առաջարկից:

Իսկ Յուրի Բախշյանի այրին ներկայացրեց իր գրավոր ճառը, որի տակ ստորագրել էին 6 զոհվածների հարազատները: Անահիտ Բախշյանը նույնպես պնդեց, որ դեռ 99-ի հոկտեմբերի 31-ին համոզված էր, որ ահաբեկիչների հետեւում ինչ-որ ուժեր են եղել, եւ այսօր էլ այդ կասկածները չեն վերացել:

«ՀՀ նախագահի կողմից տրված երաշխիքներն արդարադատությունը կատարեց հարյուր տոկոսով: Իսկ ժողովրդին ու անձամբ մեր ընտանիքներին նախագահի կողմից տրված երաշխիքը՝ ամեն գնով ահաբեկչությունը բացահայտելու մասին, արդարադատությունը թաղեց, ինչով նպաստեց մեր պետության հետագա հեղինակազրկմանը», - ասաց Անահիտ Բախշյանը:

Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը ամբաստանյալների, տուժողների եւ հարցաքննված վկաների ցուցմուքներից մեջբերումներ անելով ու դրանք համադրելով, փորձեց ապացուցել, որ ահաբեկչությունն ուղղված էր հենց «Միասնություն» դաշինքի դեմ, գործել է կազմակերպված խումբ, որն Ազգային ժողով է մտել մեկ նպատակով՝ սպանել Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին:

Սարգսյանի իրավական գնահատականն այն էր, որ դատաքննությունը թերի է անցկացվել, հանցագործությունն ամբողջությամբ եւ լիարժեք բացահայտված չէ:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG