Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ»-ը, վերլուծելով Մինսկի խմբի համանախագահների այցելության ձգձգման հավանական պատճառները, եզրակացնում է, թե հիմնահարցի նոր սառեցումը կրկին դառնում է չարիքներից փոքրագույնը փաստորեն բոլորի համար: «Խնդրի սառեցումը, ըստ էության, ավելի ճշգրիտ փոխզիջում է երկու ժողովուրդների միջեւ խաղաղության եւ երկու երկրների ներքաղաքական կայունության պահպանման առումով, քան որեւէ արհեստածին փաստաթղթի ստորագրումը, որը կարող է խախտել ներկա փխրուն կայունությունն ու հավասարակշռությունը ե՛ւ տարածաշրջանային, ե՛ւ ներքաղաքական հարթության վրա: Այստեղ է ասված՝ եթե չեն կարողանում հոնքը շինել, պետք է ձեռք չտան աչքին», - ընդգծված է «Հայոց աշխարհ»-ում:

«Այս անգամ միջնորդները խիստ հետեւողական են լինելու կողմերին համոզելու գործում», - հավաստի աղբյուրներ վկայակոչելով, գրում է «Առավոտ»-ը: - «Մեզ հասած տեղեկատվության մեջ պնդվում է, թե պետք է հստակ գիտակցվի, որ կարգավորման գինը որեւէ կողմի ուզածի առնվազն 50 տոկոսն է: Այս համատեքստում բերվում է Հայաստանին ճանապարհային կոմունիկացիաներ տրամադրելու օրինակը: Դրա համար, ըստ նույն աղբյուրի, պետք է Ադրբեջանին վերադարձվի 7 շրջաններից առնվազն 4-ը»: «Առավոտ»-ի մատուցմամբ, շոշափվում է նաեւ բանակցությունների առաջիկա փուլում Լեռնային Ղարաբաղի՝ իբրեւ ինքնուրույն բանակցող կողմի հանդես գալու թեման. - «Այս առումով կրկնվում է այդ հարցի շուրջ ԵԱՀԿ միջնորդների դիրքորոշումը: Այն է՝ հակամարտության մեջ ներքաշված են 4 շահագրգիռ կողմեր՝ Ադրբեջանը, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի հայերը եւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները, ուստի պետք է հաշվի առնվեն բոլոր թվարկված կողմերի շահերը»:

«Այսօրվա ներքաղաքական իրավիճակը, ըստ իս, կարելի է համեմատել վառոդի տակառի հետ, որը միշտ էլ կարող է պայթել», - «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում ասում է «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը՝ անդրադառնալով «ինչո՞ւ չի կայանում թեժ աշունը» հարցադրմանը: - «Ես այս առումով հոռետես եմ: Աստված տա՝ սխալվեմ, բայց պայթյուն է լինելու»:

«Հայկական ժամանակ»-ի ձեւակերպմամբ՝ «փոխնախարարները կնշանակվեն փաթեթով»: Թերթի տեղեկություններով, կոալիցիոն համաձայնության արդյունքում 6 փոխնախարարի տեղ կտրվի «Օրինաց երկիր»-ին, 5-ը՝ Դաշնակցությանը, 11-ը՝ Հանրապետական կուսակցությանը, 2-ական փոխմարզպետի պաշտոն կստանան «Օրինաց երկիր»-ը եւ Դաշնակցությունը: Կոալիցիայի ներսում համաձայնեցված բոլոր թեկնածուները վարչապետի որոշմամբ կնշանակվեն մեկ օրում: ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Հայկական ժամանակ»-ում հաստատում է, որ բոլոր ոլորտների թեկնածուներն արդեն իսկ ներկայացված են, եւ մնում է միայն վարչապետի որոշումը: Թերթի տեղեկություններով, որոշումն ուշանում է, քանզի «ՀՅԴ-ն ու «Օրինաց երկիր»-ը ուզում են, որ իրենց փոխնախարարը լուրջ լծակներ ունենա տվյալ ոլորտում, մինչդեռ հանրապետական նախարարները կարծես մտադիր են կոալիցիայի անդամ իրենց տեղակալին պահել «քյասիբ ազգականի» կարգավիճակում»: «Կոնկրետ թեկնածուների անուններ պարզել չհաջողվեց», - գրում է «Հայկական ժամանակ»-ը, - «քանզի կոալիցիայի ուժերն այն կարծիքին են, որ եթե որեւէ թեկնածուի անուն ընկնի մամուլ, ապա ընդամենը մի քանի ժամում, հենց իրենց դաշնակիցների հրահրմամբ, մամուլը կսկսի պեղել անգամ վերջիններիս պապուպապի գերեզմանն, ու գործը կտապալվի»:

«Հավանական փոխնախարարների դերում ժամանակ առ ժամանակ այնպիսի անուններ են նշվում, որ սարսափած բռնում ես գլուխդ կամ հակառակը՝ ծիծաղում ու ընկալում շուրջդ տեղի ունեցողը որպես ապրիլմեկյան կատակ», - թեման շարունակում է «Հայոց աշխարհ»-ը՝ գնահատելով. - «Ողջ այդ քաշկռտուքը, շրշյունները, գզվռտոցն ու խտղտանքը, մանր խաղերն ու խոշոր խաղագումարները. ողջ այդ իրարանցումը զբաղեցնում է ամբողջ ժամանակն ու մտքերը, եւ նույնիսկ մեկ վայրկյան չի մնում որեւէ այլ բանի՝ այդ թվում նաեւ պետական կարեւորության գործերի մասին մտածելու համար»։

«Առավոտ»-ի մեկնաբանը «կիսաճշմարտություն» է որակում այն պնդումը, թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների իրական հեղինակը Եվրախորհուրդն է: «Եվրախորհրդի փորձաքննական վերլուծության առաջարկած ոչ բոլոր փոփոխություններն են տեղ գտել այս նախագծում: Ազգային ժողովը ընտրովի վերաբերմունք է ցուցաբերել եզրակացության հանդեպ», - բացահայտում է «Առավոտ»-ը: - «Եվ դրանցից ամենակարեւորը հետեւյալն է: Եվրախորհրդի փորձագետն ուշադրություն է դարձրել հատկապես Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ձեւավորման կարգին եւ նշել, թե պետք է վարել դրանց անդամներին նշանակելու այնպիսի քաղաքականություն, որ այդ մարմիններն ազատ լինեն քաղաքական ազդեցությունններից: Ըդնսմին, նաեւ նշել է, որ Ազգային հանձնաժողովի անդամների համար այդ աշխատանքը պետք է լինի իրենց հիմնականը... Այս դիտողությունը օրինագծի հեղինակները հաշվի չեն առել եւ չեն ներառել նախագծում»:

«Ազգայի ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը մտադրություն էր հայտնել գնելու «ԱԼՄ» հեռուստաընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը, նաեւ հայտարարել, թե ինքը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել հեռուստաընկերության նախագահ Տիգրան Կարապետովիչի հետ, որ այցելի եւ ծանոթանա հեռուստաընկերության տեխնիկական հնարավորություններին», - հիշեցնում է «Այբ-Ֆե» թերթը, որի թղթակցի հետ զրույցում Տիգրան Կարապետյանը հերքել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները. - «Այդպիսի բան չկա, ոչ ոք ինձանից բան չի գնել: Ես վաճառելու բան չունեմ ու ոչ էլ պատրաստվում եմ վաճառելու բան ունենալ»: Թերթը փորձել է պարզաբանումներ ստանալ նաեւ Գագիկ Ծառուկյանից, սակայն նրա հետ հաջողվել է զրուցել «վարորդի միջնորդությամբ»: «Նա ասաց, որ ինքը ոչ թե գնել է, այլ գնելու մտադրություն ունի: Ինքն ասում է՝ ես ասել եմ՝ հնարավոր է առնեմ: Ասում է՝ չեմ ասել, թե առել եմ: Ասաց՝ մտքիս կա առնեմ, բայց կառնեմ, թե չեմ առնի, չգիտեմ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG