Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի փորձագետներն ու հայ օրենսդիրները տարաձայնություններ ունեն այլընտրանքային զինծառայության շուրջ


Չորեքշաբթի օրը Երեւանում ավարտվեց Հայաստանի Ազգային ժողովի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից կազմակերպված համաժողովը, որտեղ քննարկվում էր առաջին ընթերցում անցած «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի նախագիծը: Համաժողովը ի հայտ բերեց Եվրախորհրդի փորձագետների եւ հայ օրրնսդիրների միջեւ քննարկվող հարցի վերաբերյալ շոշափելի տարաձայնություններ:

Համաժողովի ավարտին կայացած մամուլի համատեղ ասուլիսում օրինագծի հիմնական հեղինակ, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ), խոսելով ձեռքբերված համաձայնությունների եւ չհաղթահարված տարաձայնությունների վերաբերյալ, ասաց. - «Վեց ասպարեզներում մենք քննարկում կատարեցինք այն քննադատության կամ այն նկատառումների, որ կային օրենքի նախագծի վերաբերյալ»:

Հովհաննսիյանի փոխանցմամբ, դրանցից մեկը վերաբերում էր այլընտրանքային ծառայության ժամկետին, ինչի գծով պայմանավորվածություն է ձեռքբերվել գործածել 1.5 գործակիցը: Այսինքն՝ այլընտրանքային ծառայության ժամկետը կսահմանվի 36 ամիս (նախագծով ավելի երկար ժամկետ էր նախատեսված):

Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ որոշ «տեխնիկական» հարցեր (ծառայության ժամկետը, ծառայությունն անցնելու վայրը եւ այլն) «տեխնիկական էլ» լուծում ստանալով կմոտեցվեն եվրոպական ստանդարտներին:

«Լուրջ պրոբլեմ է հիմնականում, իհարկե, այլընտրանքային ծառայության իրավունք ստացողների կոնտինգենտը» - ասաց ԱԺ փոխխոսնակը: - «Եթե նախապես ենթադրում էինք, որ դա միայն կրոնական կազմակերպությունների անդամներ կարող են լինել, քննարկումները մեզ էլ բերեցին այն եզրակացության, որ այստեղ կոնտինգենտի ընդլայնման հնարավորությունները թերեւս սպառված չեն»:

Անհամաձայնություն կա ամենաառանցքային հարցերից մեկի շուրջ. Եվրախորհրդի փորձագետների պնդմամբ, այլընտրանքային ծառայությունը պետք է քաղաքացիական բնույթ կրի, ինչին հայկական կողմը չի համաձայնում՝ պնդելով, թե այլընտրանքայինը նույնպես զինծառայություն պիտի լինի (առանձին ստորաբաժանումներում):

Համաձայնություն ձեռք չի բերվել նաեւ արդեն զինծառայության ընթացքում այլընտրանքային ծառայության անցնելն արտոնելոււ հարցում: Եվրոպացի փորձագետները գտնում են, որ զինծառայողը այդպիսի իրավունք պիտի ունենա, իսկ հայ օրենսդիրները՝ ոչ:

Այլընտրանքային զինծառայության ներմուծումը Եվրախորհրդին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների շարքում է, եւ համապատասխան օրենքը պետք է ընդունվի մինչեւ գալիք հունվարը:

Նման պարտավորություն է ստանձնել նաեւ Ադրբեջանը, եւ այսօր Եվրախորհրդի փորձագետները խոստացան, թե նույնչափ հաստատակամ կլինեն նաեւ Ադրբեջանում:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG