Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի աշխատակիցը «անցանկալի» է դիտում նոր էներգետիկ օբյեկտների փոխանցումը Ռուսաստանին


Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ենթակառուցվածքների գծով պատասխանատու Գեւորգ Սարգսյանի կարծիքով, Հայաստանի գեներացնող հզորությունների գերկենտրոնացումը մեկ՝ ռուսաստանյան «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ձեռքում որոշակիորեն մեծացնում է ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ, մասնավորապես, երբ «աշխատանքը այդ կառույցներում լինի ոչ թափանցիկ» եւ «պրոբլեմներ առաջանան սակագնային ձեւավորման եւ այլ հզորությունների օգտագործման խնդրում»:

Նոր պայմաններում, երբ Հայաստանի էներգետիկ հզորությունների 80 տոկոսը տնօրինում է «ՌԱՕ ԵԷՍ»-ը, ըստ Գեւորգ Սարգսյանի, հարկավոր է բարձրացնել Հայաստանի բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովի դերը, որը պետք է «ավելի ուշադիր եւ պրոֆեսիոնալ աշխատի»:

Սարգսյանի փոխանցմամբ, Համաշխարհային բանկի տեսանկյունից բավականին անցանկալի է դիտվում էներգետիկ օբյեկտների մնացած մասի հնարավոր փոխանցումը նույն այդ ընկերությանը։

«Իհարկե, անցանկալի կլիներ նմանատիպ տենդենցիայի շարունակությունը», - ասաց Սարգսյանը՝ նշելով, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ի տեղում ցանկացած այլ ընկերություն էլ լիներ, իրենք նույն մտահոգությունն էին հայտնելու. - «Կցանկանայինք, որ մնացած արտադրական հզորությունները ավելի դիվերսիֆիկացված մասնավորեցվեն, որպեսզի ավելի առողջ մթնոլորտ ստեղծվի էներգիայի արտադրման շուկայում»:

Վերջերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ի մոտակա ծրագրերի մեջ մտնում է նաեւ Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականումը։ Երբ այդ ցանցերը վաճառվում էին, շրջնառվում էր, թե «Միդլենդ Ռիսորսիզ Հոլդինգ» ընկերության ետեւում նույն ինքը՝ «ՌԱՕ ԵԷՍ»-ի ղեկավար Անատոլի Չուբայսն է։ Ճիշտ է, «ՌԱՕ ԵԷՍ»-ը հերքեց իր կապը բաշխից ցանցի ապագա սեփականատիրոջ հետ, սակայն, մարմրող խոսակցությունները մնացին։

Ինչ վերաբերում է բաշխիչ ցանցերի վերավաճառքի հնարավորությանը, ապա նման գործարքը Համաշխարհային բանկի ներկայացուցիչը, գոնե այս պահին անհնարին է դիտում:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG