Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ռուսաստանի փորձագետները դեմ են Մեծամորի ատոմակայանի փակմանը


Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 30-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում Հայաստանի եւ Ռուսաստանի հեղինակավոր փորձագետները հավաստիացրին, թե Մեծամորի ատոմակայանը կարող է անվտանգ աշխատել մինչեւ 2016 թվականը։

Ռուսաստանում ատոմակայաններ շահագործող գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Հայաստանի նախագահին կից ատոմային անվտանգության խորհրդի անդամ, ակադեմիկոս Արմեն Աբագյանի համոզմամբ, մասնավորապես, Հայաստանի ատոմակայանը պետք է գործի առաջիկա երեք տասնամյակների ընթացքում՝ անկախ բոլոր քաղաքական ու այլ հանգամանքներից:

Նրա խոսքերով, 1980 թվականին շահագործման հանձնված Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ծառայության ժամկետը 30 տարի է, դրան հավելած եւս 6՝ դադարի տարիները։ «Այսինքն, ԱԷԿ-ը կարող գործել մինչեւ 2016 թվականը», - ասաց Աբագյանը՝ ավելացնելով, թե սովորաբար դրան գումարում են եւս 15 տարի: Ուստի Մեծամորի ԱԷԿ-ը, ըստ նրա, կարող է գործել առնվազն մինչեւ 2031 թվականը:

«Հայատոմ» ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը, իր հերթին, համոզված է, որ անկախ բոլոր արտաքին բնույթի քաղաքական պահանջներից ու ճնշումներից, Մեծամորի ԱԷԿ-ը առնվազն մինչեւ 2016 թվականը աշխատանքի ռեսուրս ունի: Նրա խոսքերով, ատոմակայանի անվտանգության բարձրացման նպատակով պետք է անընդհատ ծախսեր անել:

«Շուտափույթ փակելը հիմնավորված չեմ համարում», - ասաց Պետրոսյանը՝ չբացառելով նաեւ Մեծամորի ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը վերագործարկելու հնարավորությունը՝ եթե, իհարկե, արտադրված հոսանքը վաճառելու հնարավորություն լինի։

Երեւի թե այս հայտարարությունը լրիվ տեղավորվում է ԱԷԿ-ի ֆինանսական կառավարումը ստանձնած ռուսաստանյան «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության գրոծարար մտադրություների շրջանակներում, որոնց համաձայն, հայկական հոսանքը կարող է վաճառվել Թուրքիայի ընդարձակ շուկայում։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG