Մատչելիության հղումներ

Ստորագրվեց պաշտպանության ոլորտում հայ-բուլղարական համագործակցության 2004 թվականի ծրագիրը


Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի պաշտպանության նախարար Նիկոլայ Սվինարովը եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը ստորագրեցին համագործակցության 2004 թվականի ծրագիրը:

Համատեղ ասուլիսում Սվինարովը շեշտեց, որ համագործակցության այս ծրագիրը ռազմատեխնիկական ոլորտում ավելի ընդարձակ եւ լայն է, քան նախորդը:

«Մենք հուսով ենք , որ մեր համագործակցությունը ե'ւ պաշտպանության, ե'ւ այլ ոլորտներում ավելի մեծ ծավալ կստանա, երբ լուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը», - ասաց Բուլղարիայի պաշտպանության նախարարը: - «Երբ քաղաքական եւ միջազգային իրավիճակը նորմալանա, Բուլղարիան տարբեր տեսակի զենք եւ զինամթերք կարող է տրամադրել Հայաստանին»:

Պատասխանելով բուլղար լրագրողների հարցին, թե հատկապես ինչ զենքի ու զինամթերքի կարիք ունի հայոց բանակը եւ Հայաստանը ակնկալում է գնե՞լ, թե՞ անհատույց ստանալ բուլղարական զինամթերքը, Սերժ Սարգսյանը ասաց. - «Մենք չեն ակնկալում անհատույց տրամադրում որեւէ սպառազինության»:

Հայաստանի պաշտպանության նախարարը ավելացրեց, որ այսօր էլ աշխարհի բազմաթիվ երկրներից Հայաստանը զենք, զինամթերք ու ռազմական տեխնիկա է ստանում. - «Եվ այդ պայմանագրերը փոխշահավետ են»:

«Մենք իրոք հնարավորություն ունենք հիմա Բուլղարիայից ձեռք բերելու մեզ համար անհրաժեշտը եւ՝ չսպասելով Ղարաբաղի հիմնահարցի ավարտմանը, քանի որ դրանից հետո, ամենայն հավանականությամբ, մեր բանակին այնքան էլ զենք-զինամթերք պետք չի լինի», - ավելացրեց Հայաստանի պաշտպանության նախարարը՝ քիչ անց նաեւ հիշեցնելով, որ Հայաստանի եւ Բուլղարիայի արդյունաբերության նախարարությունների միջեւ 1996 թվականից կա պայմանագիր ռազմական արդյունաբերության բնագավառում համագործակցության մասին. -«Եվ կարծում եմ, որ բուլղարական ձեռնարկություններ էլ շատ ուրախ կլինեն իրենց արտադրանքը վաճառելու»:

Նիկոլայ Սվինարովին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Քննարկվել են Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
«Ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ հարաբերությունները լուրջ զարգացում են ապրում եւ առավել դինամիկ են դարձել, կարեւորվել է երկու երկրների միջեւ պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում կապերի սերտացումը եւ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը»« - ասված է նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG