Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Սրանք տանկեր չեն, սրանք ներդրումներ են»,- այսպիսի հայտարարություն արեց «ՌԱՕ ԵԷՍ»-ի նախագահ Անատոլի Չուբայսը՝ երեկ ԵՊՀ-ում ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ: «Վտանգավոր չէ՞ Հայաստանի ամբողջ էներգահամակարգը Ռուսաստանին հանձնելը», - ընդգծելով հանդիպման այս պահը՝ «Հայկական ժամանակ» թերթը հավելում է. - «Այնուամենայնիվ, նկատենք, որ տվյալ դեպքում տանկերի եւ ներդրումների կապը ուղղակի է. այն տարբերությամբ, որ դասական տարբերակում պետությունները տանկեր են շարժում իրենց ներդրումները պաշտպանելու, իսկ այս դեպքում Ռուսաստանը ներդրումներ է անում Հայաստանում ունեցած տանկերը պահպանելու համար»: Թերթի մեկնաբանը բանաձեւում է. - «Մեր էներգետիկան մի կողմից մեր պարծանքն է, մյուս կողմից՝ մեր գարշապարը. ով տիրապետում է էներգետիկային, նա էլ, կարելի է ասել, Հայաստանի տերն է»:

«Ճակատագրի հեգնանքով հենց Չուբայսի Երեւան ժամանելու օրը Ռուսաստանում «Ռուսկի ալյումինիի» տնօրենների խորհուրդը քննարկեց «Արմենալի» պահարկման հարցը», - արձանագրում է «Ազգ» թերթը: Ներկայացնելով Չուբայսի կարծիքը, ըստ որի «Ռուսկի ալյումինիի» այդ քննարկումները թելադրված են ոչ թե Հայաստանի տնտեսական իրադրությամբ, այլ ռուսաստանյան ընկերության ներսում սեփականության վերաբաժանմամբ, թերթի մեկնաբանը ձեւակերպում է. - «Ինչ էլ լինի, ինչպես ասում են ռուսները, Հայաստանում ռուսաստանյան առաջին տնտեսական բլիթը ոնց որ թե կուտ է գնում։ Բայց Չուբայսն, ի տարբերություն Օլեգ Դերիպասկու, ինչպես հայտնի է, շեկ է։ Իսկ ժողովուրդն ասում է, որ շեկերի բախտը բերում է»։

«Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը «Առավոտ»-ում մեկնաբանել է ավելի վաղ արված իր հայտարարությունները, թե կոալիցիայի մաս կազմող ուժերը այդքան «խրված չեն ապազգային գործողությունների մեջ», թե կոալիցիայի անդամ կուսակցությունների դեմ քննադատության սլաքն ուղղելը կնշանակի «ջուր լցնել» Ռոբերտ Քոչարյանի ջրաղացին: Գեղամյանը «Առավոտ»-ում այսօր նշում է. - «Հայաստանի զարգացման խոչընդոտը ոչ թե կոալիցիայի կուսակցությունների միջեւ, կամ ընդդիմության եւ կոալիցիայի միջեւ առկա հակասություններն են, (որոնք անշուշտ կան), այլ ոչ լեգիտիմ իշխանությունների՝ ամեն գնով սեփական իշխանությունը վերարտադրելու ձգտումը»: «Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության պետականությունը վտանգված է միայն եւ միայն իշխանությունը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանի եւ նրա միակ հենարանի՝ Սերժ Սարգսյանի պատճառով», - ասում է Արտաշես Գեղամյանը: - «Այս իշխանությունները՝ ի դեմս Քոչարյան - Սարգսյան տանդեմի, իրենց կարեւորությունը կկորցնեն հենց այն պահից, երբ հարկադրված լինեն ստորագրել հաշտեցման այն պայմանագրի ներքո, որը առաջարկվելու է Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից: Իսկ որ դա առաջիկայում լինելու է՝ բոլորիս համար ակնհայտ է»:

«Հայկական ժամանակ»-ի գնահատմամբ, հայաստանյան պետական քարոզչամեքենան ջանք ու եռանդ չի խնայում Իլհամ Ալիեւին ներկայացնելու որպես «մամայի բալա», ղումարբազ եւ փլեյբոյ: «Իլհամը «փլեյբոյ» չէ» վերնագրի ներքո թերթը ներկայացնում է Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքը, որը երկար տարիներ Ստրասբուրգում շփվել է կրտսեր Ալիեւի հետ. - «2000 թվականից, երբ մենք շփվում էինք Իլհամ Ալիեւի հետ, բոլորիս համար էլ պարզ էր, որ մենք գործ ունենք Ադրբեջանի ապագա նախագահի հետ: Ի դեպ, նա հենց այդպես էլ իրեն պահում էր՝ որպես թագաժառանգ եւ ապագա նախագահ: Անկեղծությունը պահանջում է ասել, որ Իլհամ Ալիեւը փայլուն կրթություն է ստացել, անընդհատ աշխատում էր իր իմիջի բարձրացման վրա, ու ինքն իրեն պատրաստում էր որպես ապագա նախագահ... Վերջին տարիների նրա պահվածքը բացարձակապես զուսպ էր, եւ նա իրեն դրսեւորում էր որպես լուրջ եւ ճկուն քաղաքական գործիչ»:

Ըստ «Առավոտ»-ի, առաջիկա օրերին կհայտարարվի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության լուծարման, եւ այն մասին, որ այն միանում է «Օրինաց երկրին»: Այդ միջոցով կկարգավորվի նաեւ այն հարցը, որ ԺԴԿ ներկայիս նախագահ Գագիկ Ասլանյանը «Օրինաց երկիր»-ի միջոցով կստանա փոխնախարարի պաշտոն: Գագիկ Ասլանյանը այս տեղեկությունների առնչությամբ առայժմ միայն ասել է. «Կուսակցությունը քննարկում է «Օրինաց երկրին» միավորման հնարավորությունը»:

Նույն թերթում բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը նշել է, որ եթե իրեն պաշտոնանկ անելու խնդիր կա՝ քաղաքական է, եւ պայմանավորված կոալիցիոն որոշակի ուժերի՝ այդ պաշտոնի նկատմամբ հավակնություններով: «Ազգ» թերթի լուրերով, «Օրինաց երկիր»-ը հարստանում է նոր կադրերով. - «Մի քանի տարի առաջ մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը «Հանրապետական» կուսակցությանն անդամակցելու համար դիմում էր ներկայացրել, որին այդպես էլ մինչեւ օրս ընթացք չտրվեց... Երկու օր առաջ պարզ դարձավ, որ Կարեն Արիստակեսյանն արդեն ընդունվել է «Օրինաց երկիր» կուսակցության շարքերը պարզ պատճառով՝ ամրապնդելու իր դիրքերը եւ նախարարի հետ ջերմ կապը»։

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագծի համահեղինակ, Հանրապետական կուսակցության անդամ Վազգեն Խաչիկյանը «Այբ-Ֆե»-ի հարցազրույցում նշում է. - «Ես Աստծո հատկություններ չունեմ կանխորոշելու ապագան, եւ բախտագուշակ էլ չեմ ասելու համար, թե այս օրենքի ընդունման ուժով վերահեռարձակման հնարավորություն կստանան «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները»: Փաստելով, որ մրցույթի դրված ծրագրերի գնահատումը Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի սուբյեկտիվ մոտեցումն է, ներքին համոզմունքներից ելնելով են դրվում գնահատականները, Խաչիկյանը նախանշում է. - «Ամեն դեպքում չեմ կարծում, թե այս օրենքում կատարվող փոփոխությունները եւս պետք է հնարավորություն ընձեռեն, որպեսզի գնահատակնները տարբեր լինեն»:

Իրանի Արեւելյան Ատրպատականի նահանգապետ Մոհամեդ Ալի Սոհբանոլահին «Հայաստանի Հանրապետություն» թերթում ասում է. - «Հայ-իրանական սահմանային շուկան գործնականում աշխատում է... Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում այդ շուկայի առեւտրատնտեսական փոխանակումների ծավալը 5 միլիոն 500 հազար դոլար է կազմել, իրանական սահմանագծին կառուցվել է արդիական չափանիշներին համապատասխանող հսկայական բեռնահամալիր,որի բացումը տեղի կունենա առաջին օրերին»; Թերթում նահանգապետը նաեւ նշում է. - «Պարզապես իրանական կողմը պահանջում է հարեւան եւ բարեկամ Հայաստանից՝ վերացնել առկա սահմանափակումները, ինչպես վարվել է Իրանը»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG