Մատչելիության հղումներ

Վան Բայբուրդյան. «Մենք պետք է պահպանենք հայերի թիվը նոր խորհրդարանում»


Թբիլիսիում լույս տեսնող «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրդյանի կանխատեսմամբ՝ Վրաստանի ապագա խորհրդարանում կլինի առնվազն 6 հայազգի պատգամավոր:

«Իսկ բարենպաստ պայմանների դեպքում, հայ պատգամավորների թիվը կարող է հասնել 8-ի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում չորեքշաբթի օրը հույս է հայտնել Բայբուրդյանը:

Նոյեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 հայազգի թեկնածու: Բայբուրդյանի խոսքերով, երկու հայ պատգամավոր հաստատ կընտրվի Ախալքալակում եւ Նինոծմինդայում, որտեղ ստվար է հայ բնակչությունը:

Նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին սատարող «Հանուն նոր Վրաստանի» նախընտրական դաշինքի ցուցակում ընդգրկված են երկու հայ, ովքեր, Վան Բայբուրդյանի կարծիքով, նույնպես կարող են մտնել խորհրդարան: Նա գտնում է, որ «60-տոկոսանոց շանս ունի նաեւ Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի «Աղորձինեբա» («Գոյատեւում») կուսակցության ցուցակում ընդգրկված Արմեն Գեւորգյանը:

«Եթե Աստված տա, խորհրդարան կարող են մտնել նաեւ «Բուրջանաձե - դեմոկրատներ» բլոկի ցուցակում ընդգրկված երկու հայազգի թեկնածուները», - ասաց Բայբուրդյանը:

Նրա կարծիքով, նոյեմբերի 2-ին իշխանափոխություն տեղի չի ունենա, եւ ընդդիմությունը մեծամասնություն չի կազմի խորհրդարանում: Պարզապես իշխող ուժը կարող է զիջել իր դիրքերը 235-տեղանոց պառլամենտում:

Վան Բայբուրդյանը, որը նախորդ ընտրություններում պատգամավոր է դարձել իշխող ուժի՝ Վրաստանի քաղաքացիների միության ցուցակով, այս անգամ իր թեկնածությունն առաջադրել է Ցալկայի շրջանում՝ մեծամասնական կարգով: «Այդ ընտրատարածքում հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի Վարդեւան բնակավայրի գյուղապետ Հայկ Մելտոնյանը, եւ ես պատրաստ եմ հանել թեկնածությունս նրա օգտին, քանզի երկու հայ թեկնածուների առկայության դեպքում հայ ընտրողների ձայները կկիսվեն եւ խորհրդարան չի մտնի մեզանից ոչ մեկը», - ասաց Բայբուրդյանը: - «Նախորդ տարիներին Վրաստանի խորհրդարանում եղել է հայազգի 6 պատգամավոր, եւ մենք պետք է առնվազն պահպանենք այդ թիվը նաեւ նոր խորհրդարանում»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG