Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը այցելում է «Արմպրոդէքսպո - 2003» ցուցահանդեսը


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի օրը այցելեց երեկ կառավարության նիստերի մեծ դահլիճում բացված «ԱրմպրոդԷքսպո-2003» 3-րդ միջազգային ցուցահանդեսը, որի ցուցադրանքը նախագահին համոզեց, որ տարեցտարի բարելավվում է վիճակը հայաստանյան պարենային շուկայում:

«Շատ հաճելի է, որ ամեն անգամ տեսնում ես բավական հետաքրքիր զարգացումներ ե'ւ տնտեսավարող սուբյեկտների ընդլայնման առումով, ե'ւ, իհարկե, տեսականիների ու որակի առումով: Արդեն մակարդակ կա», - լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով. - «Ուղղակի պետք է կարողանանք զարգացնել այս մակարդակը եւ, իհարկե, ավելի ակտիվ աշխատել արտաքին շուկաների վրա»:

Ցուցահանդեսին մասնակցում են մոտ հինգ տասնյակ ընկերություններ: Ցուցադրանքը աներկբայորեն վկայում է, որ տեղական արտադրությունը սկսել է դնել ու լուծել ոչ միայն ներքին շուկայում հաստատվելու, այլեւ արտաքին շուկաներում հատվածներ բացելու եւ այդտեղ արմապնդվելու խնդիրներ։

Եթե 7-8 տարի առաջ Հայաստանում սպառվող սննդամթերքի 60 տոկոսից ավելին դրսից բերվածն էր, ընդ որում՝ մեծ մասամբ անորակ, ապա այժմ շուկայում հակառակ պատկերն է. տեղական թարմ սննդամթերքը վճարունակ հայաստանցու սննդի բաղադրակազմի գերակշիռ մասն է կազմում:։

Նախագահ Քոչարյանի տպավորությամբ, սննդամթերք արտադրող մեր ընկերությունները սովորել են նաեւ աշխատել մրցակցության պայմաններում ու չեն բողոքում:

«Կարծում եմ, շատ հետաքրքիր զարգացում կա այստեղ, երբ մարդիկ գիտակցում են, որ նաեւ իրենց նախաձեռնությունը, իրենց ակտիվությունը երեւի առաջնահերթ նշանակություն ունի», - բացատրեց նախագահը: - «Բացի այդ, օրենսդրական դաշտը բավական բարելավեցինք՝ ոչ ոք չի բողոքում, թե խանգարում են, ուժային կառույցների միջամտության կա եւ այլն»:

Նախագահի համոզմամբ, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը մեր գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար հավելյալ հնարավորություններ ստեղծելով հանդերձ, որոշ խնդիրներ է առաջացրել:

«Համաշխարհային առեւտրի կազմակերպության շրջանակներում նոր հնարավորություններ են բացվում: Կան այդ կազմակերպության հետ, այդ շուկաներում աշխատելու գործիքներ, որոնց դեռ լավ չենք տիրապետում ինքներս», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Սննդամթերքի արտահանման կառուցվածքում առաջատարը ոգելից խմիչքներն են՝ կոնյակը, գինին, գարեջուրը, տարատեսակ օղիները։ Վերջին տարիներին կտրուկ ավելացել է հայկական պանրի արտահանումը. անցյալ տարվա համեմատ այն ավելացել է 15 անգամ՝ հասնելով 870 տոննայի։ Երեք անգամ ավելացել է ձկնեղենի՝ հիմնականում սառեցրած իշխանի արտահանումը։ Եթե տարիներ առաջ հարյուրավոր տոննա կաթի փոշին ներկրվում էր, ապա այժմ Հայստանում արտադրվածն է արտահանվում: Լուրջ ծավալների է հավակնում նաեւ Հայաստանից արտահանվող մսամթերքը, մսի պահածոն, երշիկեղենը եւ ձուն։ Ավելին՝ թռչնաբուծության եւ ձվարտադրության ոլորտի հայ գործարարները սկսել են նաեւ կապիտալ արտահանել. այդ բնագավառի խոշոր գործարարներից մեկը թռչնաբուծական ֆաբրիկա է կառուցում հարեւան Վրաստանում։

Հարկ է նշել, որ Հայաստանի գյուղատնտեսությունը այսօր թե' ներքին եւ թե' արտաքին շուկաներում մրցունակ է նաեւ այն բանի շնորհիվ, որ գյուղմթերքների արտադրությունն ազատված է ավելացված արժեքի հարկից, այլ կերպ ասած՝ գյուղատնտեսությունը անուղղակիորեն սուբսիդավորվում է պետության կողմից, ինչը մեր ֆերմերներին արտոնյալ պայմաններ է ապահովում՝ համեմատած արտասահմանյան գործընկերների հետ։ Անդամակցելով Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, Հայաստանը պարտավորվել է 2008 թվականից գյուղատնտեսությունը եւս հարկել ավելացված արժեքի հարկով, ու անցնել այդ ոլորտի ուղղակի սուբսիդավորման համակարգի։ Այսինքն՝ գյուղացիներին օժանդակել ոչ թե հարկերից ազատելու, այլ պետական բյուջեից նրանց ուղղակի լրավճարներ տալու միջոցով։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG