Մատչելիության հղումներ

ԱԺ Վերահսկիչ պալատը «էական թերություններ» է հայտնաբերել մասնավորեցման գործընթացներում


Ազգային Ժողովի Վերահսկիչ պալատը, ուսումնասիրելով Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունը, հայտնաբերել է մի շարք էական թերություններ ու առաջա քաշել բավական սուր խնդիրներ:

«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ են հայտնվել այդ ուսումնասիրության արդյունքները, որոնք շուտով ներկայացվելու են խորհրդարանին:

«Նշված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք էական թերություններ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վերահսկիչ պալատի փոխնախագահ Գեղամ Գասպարյանը: Երեք տարիների մասնավորեցման ցանկում ընդգրծված մոտ 1000 ընկերությունների միայն 35 տոկոսն է հաջողվել մասնավորեցնել, եւ, բնականաբար, ծրագիրը չի կարող լիովին կատարվել մինչեւ տարեվերջ:

Վերահսկիչ պալատի եզրակացության մեջ արձանագրված մասնավորեցման գները շատ ցածր են: «Փաստորեն մասնավորեցման գործընթացի շուրջ 77 տոկոսը կատարվել է ուղղակի վաճառքի ձեւով, ինչը չի ապահովում մասնավորեցման գործընթացի հրապարակայնությունը, թափանցիկությունը եւ չի նպաստում ներդրումների հոսքին», - ասաց Վերահսկիչ պալատի փոխնախագահը:

Թե մրցույթի եւ թե ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցված ընկերությունները գնորդին են հասնում գնահատված արժեքից զգալիորեն ցածր գներով՝ միջին հաշվով գնահատված արժեքի 20 տոկոսով:

Գասպարյանի փոխանցմամբ, կան ընկերություններ, որոնք հանվել կամ դուրս են մնացել ցանկից, այդուհանդերձ մասնավորեցվել են՝ իրենց արժեքից բավականին ցածր գներով (Երեւան քաղաքի հյուրանոցները, Հայաստանի հանրագիտարանի խմբագրության շենքը):

«Հիմնավորված չէ մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված մասնավորեցման օբյեկտների մի մասի ծրագրից հանվելը, քանի որ, ծրագրից հանվելով դրանք հետագայում օտարվել կամ լուծարվել են: Բացի այդ, մի քանի տասնյակ ընկերույթունների եւ պետական գույքի մասնավորեցումն ուղղակի վաճառքի ձեւով նախօրոք հայտնի գնորդներին իրականացվել է առանց օրենսդրությամբ սահմանված համապատասխան կարգի», - արձանագրված է ուսումնասիրության եզրափակիչ դրույթներում:

Տեղ գտած խախտումների պատասխանատվությունը, ըստ Գեղամ Գասպարյանի, կրում են «կառավարության համապատասխան ստորաբաժանումը կամ մարմինը, որը կոչված էր ապահովելու ծրագրի իրականացումը:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Դավիթ Վարդանյանը անցած ամիս հայտարարել էր, թե Հայաստանում սեփականաշնորհման գործընթացը մտել է եզրափակիչ փուլ եւ կավարտվի 2004 թվականի վերջին:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG