Մատչելիության հղումներ

Թուրքական ընկերությունը կիրականացնի թռիչքներ Ստամբուլի եւ Երեւանի միջեւ


Թուրքական մասնավոր «Ֆլայ Էյր» ավիաընկերությունը հինգշաբթի օրվանից կիրականացնի Ստամբուլ - Երեւան թռիչքներ: Մինչեւ այժմ Հայաստանի մայրաքաղաքի ու Թուրքիայի խոշորագույն քաղաքի միջեւ թռիչքները իրականացնում էին հայկական ընկերությունները:

Ըստ պաշտոնական աղբյուրների, «Ֆլայ Էյր» ընկերությունը չարտերային չվերթեր իրականացնելու թույլտվությունը ստացել է Հայաստանի կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց վարչության ղեկավար աշխատակիցներից Խաչատուր Կիրակոսյանը, թուրքական ընկերությունը շաբաթական երկու թռիչք կիրականացնի առնվազն մինչեւ դեկտեմբերի 31-ը:

Երեւան - Ստամբուլ չարթերային թռիչքները սկսել են իրականացվել 1995 թվականից ներկայումս սնանկացած «Հայկական ավիաուղիներ»-ի կողմից: Այժմ այդ թռիչքներն իրականացնում է «Արմավիա» ընկերությունը: Ռուսաստանյան այս ընկերությանն են անցած տարի անցել «Հայկական ավիաուղիներ»-ի թռիչքների մեծ մասը: «Արմավիա»-ն ներկայումս շաբաթական երկու Երեւան - Ստամբուլ թռիչք է իրականացնում:

Կիրակոսյանի խոսքերով, հազիվ թե առկա պահանջարկը կարողանա ապահովել այդքան չվերթեր: «Ինձ թվում է, որ հինգ կամ չորս չվերթը շաբաթական ահավոր շատ է: Ժամանակը ցույց կտա», - իր անձնական կարծիքը հայտնեց Կիրակոսյանը: - «Տվյալ դեպքում դրականը մեկն է՝ մրցակցություն կլինի տվյալ գծի վրա, եւ կշահեն գնացողները: Ինձ թվում է, որ տոմսերի գինը կիջնի»:

Այնուհետեւ Կիրակոսյանը ասաց, որ Հայաստանի իշխանությունները սկզբում դեմ էին թուրքական ընկերությանը Հայաստանի շուկա մտնելու թույլտվություն տալուն, սակայն տեղի են տվել, քանի որ թուրքական կողմն էլ կարող էր մերժել մեր չվերթը:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օդային կապի ընդլայնումը տեղի է ունենում Թուրքիայի կողմից առանց նախապայմանների հայ-թուրքական սահմանը բացելու մասին խոսակցությունների ֆոնի վրա: Ներկայումս երկու երկրների միջեւ ոչ պաշտոնական առեւտուրը տեղի է ունենում Վրաստանի եւ Իրանի տարածքով:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG