Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթն այսօր հերթական անգամ պնդում է. - «Ա1+» հեռուստաընկերության մերժումը անխուսափելի էր, որովհետեւ այդպիսին է հանձնաժողովը ձեւավորողի, այսինքն՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հրահանգը։ Մինչեւ երկուշաբթի անհայտ էր միայն մի բան՝ կգտնի՞ Գրիգոր Ամալյանը մերժման թարմ մի որեւէ վարկած... Եվ այս անգամ նա ներկայացրեց մերժման մի այնպիսի օրիգինալ «հիմնավորում», որ, երեւի, ցնցեց անգամ ցինիկ դեմագոգիայի առումով շատ բան յուրացրած իր շեֆերին»։ Ինչեւէ, «Առավոտ»-ի ամփոփմամբ՝ «անկախ» հանձնաժողովը հերթական անգամ ցուցադրեց, որ այս հանրապետությունում ամեն ինչ կախված է միայն մեկ մարդու կարծիքից, իսկ մնացածների կարծիքի եւ օրենքի վրա, հանձնաժողովը խորապես թքած ունի։

«Ամալյանը պարզապես խուճապի մեջ է: Չորս օր խոշորացույցով ուսումնասիրելով «Ա1+»-ի մրցութային առաջարկը՝ գտել է ընդամենը երկու անհեթեթ, բոլորովին կեղծ պատճառաբանություն», - նշում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը՝ մխիթարելով. -«Խուճապի մատնվելու որեւէ առիթ չկա. քանի դեռ Քոչարյանը զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը, Ամալյանը կարող է ընդհանրապես պատճառաբանություններ չփնտրել»: Այստեղ բերված է եւ Խոսքի ազատության աջակցության հիմնադրամի նախագահ Վարդան Հարությունյանի կարծիքը, որ «Ա1+»-ն այլեւս եթեր կստանա միայն Հայաստանի ներքաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Այբ-Ֆե» թերթում ասում է. - «Անիմաստ է արդեն բազմաթիվ նախորդ մրցույթներից հետո խոսել պրոֆեսիոնալ, քաղաքական կամ այլ դրդապատճառների մասին, որոնք ստիպում են հանձնաժողովին այս կամ այն որոշումը ընդունել: Ինձ քվեարկությունից առաջ մի հարց էր հետաքրքրում՝ իրենք ամոթի զգացում ունե՞ն, թե՞ ոչ: Մնացածն արդեն անցած փուլ է: Եվ որոշումը համոզեց, որ ոչ, այն մարդիկ, ովքեր «Ա1+»-ին եթեր ստանալու հնարավորությունից հերթական անգամ զրկել են, ամոթի զգացում չունեն: Դա արդեն լուրջ կասկածներ է առաջացնում, թե որքանով է բարոյապես առողջ մեր ամբողջ հասարակությունը, որը հանդուրժում է այդ ամենը»: «Այսօր մեր պետական մարմինները մեզ դրել են մի վիճակի մեջ, երբ պետք է մեր հույսը կապենք եվրոպական կառույցների հետ», - ցավում է Բորիս Նավասարդյանը:

«Ազգ» թերթում էլ «Մրցույթ՝ կանխորոշված արդյունքով» վերնագրի տակ տրված է այսպիսի գնահատական. - «Խիստ կասկածելի էր հանձնաժողովի «անաչառությունը» «Արմնյուզի» պարագայում, առնվազն սեփական արտադրություն մատուցելու տեսակետից։ Բացի այդ, որքանով է արդար մեկ սեփականատիրոջ (Բագրատ Սարգսյան) «զիջել» միանգամից 4 կապուղի («Արմենիա», CNN, TV 5 եւ «Արմնյուզ»), իսկ «Ա1+»-ին զրկել մեկ կապուղուց, հերթական անգամ արհամարհելով հասարակական կարծիքն ու խայտառակելով մեզ օտարների առջեւ»։

«Իրավունք» թերթը «Շիկացող հոկտեմբեր» է վերնագրել այսօրվա անդրադարձը ընթացիկ զարգացումներին՝ մասնավորապես առանձնացնելով. - «Կրկին Նաիրի Հունանյանի ցուցմունքներն օգտագործվում են որպես քաղաքական լծակ այս կամ այն գործչի վրա ճնշում գործադրելու կամ վերջինիս մեկուսացնելու ուղղությամբ: Հանրահավաքից առաջ «Արդարություն» դաշինքի քարտուղարի անունը Հունանյանի շուրթերով հնչեցնելը դժվար է դիտարկել այլ կերպ, քան ճնշման սաստկացում ընդդիմության նկատմամբ»: Մեկնաբանի հայացքով, իշխանությունները այդ հանրահավաքը դիտում են որպես «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ ակտիվ գործընթացի նախերգանք. - «Վլադիմիր Պուտինից «ֆորա» ստացած Արա Աբրահամյանի կողմից ինչ-որ տեղ ցուցադրաբար լավ վերաբերմունքն էլ առ ընդդիմություն պարունակում է սպառնալից շեշտեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»: Այս առումով ուշագրավ է «Հայոց աշխարհ» թերթի առաջին էջին այսօր ներկայացվող «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի ձեւակերպումը. - «Առնվազն տարօրինակ էր Հայերի համաշխարհային կազմակերպության առաջին համագումարի հրավիրումը Մոսկվայում: Այն Մոսկվայում անցկացնելը եւ Արա Աբրահամյանին այսպես ներկայացնելը, թեկուզ անուղղակիորեն միտված է Հայաստանի իշխանության դիրքերի թուլացմանը: Մանավանդ՝ հաշվի առնելով մեր ժողովրդի նոստալգիկ ձգտումը դեպի Ռուսաստան»:

Ձախողումների ժամանակ մենք ավանդաբար «օբյեկտիվ բացատրություններ» ենք ներկայացնում, բայց ազնիվ չենք լինի, եթե այդ պատճառների թվում չթվարկենք մեր պրոֆեսիոնալիզմի պակասը, սովորելու ցանկության բացակայությունը, ծուլությունը, առանց մատը մատին խփելու աշխատավարձ ստանալու ձգտումը եւ այլն», - շեշտադրում է այսօր «Առավոտ»-ի խմբագիրը՝ թարմ օրինակ բերելով ֆուտբոլից՝ Հայաստանի հավաքականի վերջին խաղի շուրջ. - «Իսպանիային պարտվելը ամոթ չէ: Բայց հանդիսատեսը պետք է զգա թեկուզ փոքր, բայց առաջընթաց, պետք է տեսնի խաղադաշտում ոչ թե վախեցած նորելուկների, այլ հասուն պրոֆեսիոնալների: Անընդհատ մխիթարանքներ փնտրելով եւ օբյեկտիվ պատճառաբանություններ բերելով՝ մենք դուրս չենք գա գավառական ճահճից», - նախանշում է խմբագիրը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG