Մատչելիության հղումներ

Հայաստանի էներգետիկայի նախարարը Թեհրանում քննարկել է Իրան - Հայաստան գազամուղի շինարարությանն առնչվող խնդիրներ


Վերջերս Իրան կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը Իրան - Հայաստան գազամուղի շինարարության ուշացման խնդիրները քննարկել է Իրանի նավթի եւ գազի նախարար Բիժան Զազանեւի հետ: Գազամուղի մասին խոսվում է արդեն ավելի քան մեկ տասնամյակ, սակայն բանակցություններից ու այդ առնչությամբ քաղաքական հայտարարություներից այն կողմ գործը, կարծես թե, չի անցնում։

Էներգետիկայի նախարարության լրատվական ծառայության պատասխանատու Լուսինե Հարությունյանի փոխանցմամբ, Մովսեսյանի վերջին բանակցությունների ընթացքում կողմերը որոշել են մինչեւ տարեվերջ ճշտել այն սխեմաները, որոնցով աշխատելու են։ Նույն աղբյուրի հավաստմամբ, քննարկվել է նաեւ խնդիրը, որ Իրանից գազ ներկրելու դեպքում Հայաստանը վճարելու է էլեկտրաէներգիայով։

Ընդամենը 120 միլիոն դոլար արժողություն ունեցող այդ գազատարի շինարարությունը հույժ կարեւոր է՝ էներգակիրներով աղքատ ու ռուսաստանյան գազի մատակարարումներից կախված Հայաստանի էներգահամակարգի համար։

Խնդիրը, սովորաբար մատուցվում է տնտեսական հարթության վրա, մինչդեռ այն նաեւ հստակ արտահայտված քաղաքական ենթատեքստեր ունի։ Հայաստանը, հատկապես «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքով իր առանցքային էներգետիկ օբյեկտները Ռուսաստանին հանձնելուց հետո, հայտնվել է այդ երկրի հզոր վառելիքաէներգետիկ համալիրի ազդեցության տիրույթում, եւ նոր մրցակիցների մուտքը այդ գոտի Ռուսաստանը դժվար թե հանդուրժի։

Մինչդեռ, իրանցի պաշտոնյաների խոսքերից տպավորություն է ստեղծվում, թե նման խնդիր իրենց երկրի համար չի եղել ու չկա՝ Ռուսաստանը իրենց գործընկեր է: Մասնավորապես, Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնիի պնդմամբ, Իրան - Հայաստան գազատարի շինարարության ձգձգումը պայմանավորված է սոսկ բանակցությունների առարկա խնդիրների բարդությամբ ու նրբությամբ:

«Ամբողջ աշխարհում էնեգետիկայի շուրջ բանակցությունները շատ նուրբ են ու յուրահատուկ», - անցած շաբաթ հայտարարել է Քոլեյնին՝ հավելելով, թե Իրանը իրեն չի զգում իբրեւ Ռուսաստանի մրցակից։ - «Ես կարծում եմ, որ Հայաստանը գազի գնման պայմանները պետք է ավելի հստակեցնի: Միեւնույն ժամանակ, մենք պատրաստ ենք այս կողմի վրա համագործակցել բոլոր երկրների հետ, ովքեր կցանկանան համագործակցել։ Այսինքն, համագործակցությունը կարող է ե'ւ երկկողմանի, ե'ւ բազմակողմանի լինել»։

Իրան - Հայաստան գազատարի շինարարությունը երկար ժամանակ կապվում էր Հայաստանի Էներգետիկ անվտանգության ապահովման հետ։ Սակայն, «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքից հետո գազատարի շինարարության մասին կարծես թե մոռացան։ Փոխարենը Իրանի հետ էներգետիկայի ոլորտում իրագործվում են այլ համատեղ ծրագրեր։

Մասնավորապես, Հայաստանի եւ Իրանի Էներգետիկայի նախարարները Թեհրանում ամփոփել են Արաքս գետի վրա համատեղ ուժերով երկու հիդրոկայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման արդյունքները։ Ըստ այդմ՝ կկառուցվի 80 մեգավատտ հզորությամբ երկու հիդրոկայան՝ մեկը հայկական, մյուսը իրանական կողմում։ Ծրագրի արժեքը 90 միլիոն դոլար է։ Որոշ տեղեկություններով, ֆինանսական ներդրումների 80 տոկոսը անելու է իրանական կողմը, իսկ Հայաստանի ներդումային բաժնեմասը հետագայում կփոխհատուցվի էլեկտրաէներգիայով։

Իսկ Իրան - Հայաստան գազատարի շինարարությունը սկսելու ժամկետները շարունակում են անհստակ մնալ:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG