Մատչելիության հղումներ

Սրվում են լրագրողական կազմակերպությունների տարակարծությունները «Զանգվածային լրատվության մասին» օրինագծի շուրջ


«Զանգվածային լրատվության մասին» օրինագիծն ու դրա շուրջ ծավալվող քննարկումները վերածվում են լրագրողական կազմակերպությունների առճակատման: Ազգային ժողովի կրթության գիտության, երիտասարդության եւ մշակույթի մշտական հանձնաժողովին օրենքի նախագծի սեփական տարբերակը ներկայացրած Երեւանի մամուլի ակումբի նախագահի խոսքերով, ստեղծված լուրջ վիճակն ու անառողջ մթնոլորտը մտավախություն են ծնում, թե օրինագիծը կարող է քաղաքական շահարկումների պատանդ դառնալ:

Խորհրդարանում առաջին ընթեցումն անցնելուց հետո Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը լրագրողական եւ հասարակական կազմակերպություններին առաջարկել էր անցկացնել «Զանգվածային լրատվության մասին» օրինագծի լայնածավալ քննարկումներ անցկացնել եւ ներկայացնել իրենց առաջարկները: Հանձնաժողովի սեղանին այսօր օրինագծի երկու տարբերակ է դրված: Առաջինը ներկայացրել է Մամուլի ազգային ակումբը, մյուսը՝ Երեւանի մամուլի ակումբը, «Ինտերնյուզ» հասարակական կազմակերպությունը եւ Հայաստանի ժուռնալիստների միությունը:

Վերջին երեք կազմակերպությունները եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հայտարարություն են տարածել, որով իրենց անհանգստությունն ու մտահոգությունն են արտահայտում, թե օրինագծի «կառուցողական քննարկումների աշխատանքին խոչընդոտում են մի շարք լրագրողների եւ քաղաքական գործիչների ոչ իրազեկ հրապարակային դատողությունները»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի մեկնաբանությամբ՝ վիճակն այնքան լուրջ է եւ ստեղծված մթնոլորտը՝ այնքան անառողջ, որ իրենք մտավախություն ունեն, թե օրինագիծը քաղաքական շահարկումների պատանդ կարող է դառնալ: Նավասարդյանի խոսքերով, արդեն ոչ մի երաշխիք չկա, որ ներկայացված առաջարկները հաշվի կառնվեն:

Ըստ Նավասարդյանի, ընդունելի եւ միջազգային չափանիշերին համապատասխան օրինագիծ մշակելու միակ հույսը Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովին կից ստեղծված խորհուրդն էր, որի քննարկումներին ակնկալվում էր շահագրիռ կազմակերպությունների ներկայացուցիչների եւ լրագրողների մասնակցությունը: Սակայն, Նավասարդյանի փոխանցմամբ, խորհրդի աշխատանքները «ուղղակի բոյկոտվում են կամ արհամարհվում են»:

Հայտարարության հեղինակները, մի կողմից, գործընկերներին կոչ են անում չսխալվել եւ ճիշտ կողմնորոշվել, հրաժարվել ամբիցիաներից ու այսրոպեական դատողություններից, առաջնորդվել խոսքի եւ մամուլի ազատության շահերով, մյուս կողմից, սակայն, նշում. - «Վերջին պահին Մամուլի ազգային ակումբի այլընտրանքային նախագծի հայտնվելը նույնպես քիչ է նպաստում օրինաստեղծ գործընթացին լրագրողական հանրության արդյունավետ մասնակցությանը»:

Հայտարարությունը, պարզ է, ուղղված է Մամուլի ազգային ակումբի ներկայացրած տարբերակի դեմ: Հայտարարության հեղինակների կարծիքով, այն իր որակով զիջում է անգամ պաշտոնական տարբերակին:

Մամուլի ազգային ակումբի ղեկավար անդամներից Նարինե Դիլբարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ երկուշաբթի օրը իրենք տարածելու են 10 լրատվամիջոցների համատեղ հայտարարություն, որում այսօրվա հայտարարության հեղինակներին որակում են որպես «իշխանության կամակատարներ» եւ մեղադրում են «լրագրողական դաշտը պառակտելու մեջ»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG