Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների խորապատկերի վրա «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր համադրել է. - «Հոկտեմբերի 15-ին նշանակված նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակն այնպես է լարվել, որ հետընտրական բախումների ու արյունահեղության հեռանկարը դարձել է միանգամայն իրական: Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ուժայինների եւ հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցների վերջին օրերի այցելությունները Բաքու խոսուն վկայությունն են, որ Ադրբեջանում հասունանում են լուրջ իրադարձություններ... Այս իրավիճակում տարօրինակ է թվում այն հանգամանքը, որ Երեւանում հոկտեմբերի 17-ին հայաստանյան ընդդիմությունը եւս նախատեսում է հանրահավաք հրավիրել: Անկախ նրանից, որ Բաքվում այդ ամենը կարող է ավարտվել բախումներով ու արյունահեղությամբ, իսկ Երեւանում՝ սոսկ բոցաշունչ ճառերով, բոլոր դեպքերում երկու երկրներում էլ իշխանության լեգիտիմության հարցն է լինելու զուգահեռ հանրահավաքների գլխավոր թեման», - նկատի ունի մեկնաբանը: - «Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է Ադրբեջանում ունենալ ուժեղ ընդդիմություն, որը հենց սկզբից «կփչացնի» թույլ եւ անփորձ Իլհամ Ալիեւին՝ նրան դարձնելով իր համար միանգամայն կառավարելի... Բայց զիջումներ ԱՄՆ-ը ակնկալում է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի ղեկավարությունից՝ Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հասնելու համար: Ուստի, ավելորդ չէր լինի հենց Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի իշխանություններին եւս՝ սեփական ընդդիմության բերանով հիշեցնել, որ ոչ միայն սեփական ընդդիմությունը, այլեւ ամերիկյան իշխանությունները լուրջ վերապահումներ ունեն մի քանի ամիս առաջ Հայաստանում նույնպես կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ»: Այսպես, «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը տեսնում է զուգահեռ հանրահավաքների՝ դրսում գրված սցենար:

Ադրբեջանի այս իրադրությանն է անդրադարձել եւ «Ազգ» թերթը, որտեղ ուրվագծված է. - «Գոնե առայժմ Իլհամ Ալիեւին հաջողվում է հավասարակշռություն պահպանել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ՝ երկու կողմերի հետաքրքրությունները ծառայեցնել իր նպատակներին: Դա թույլ կտա նախիջեւանյան կլանին արձակել ձեռքերը ընդդիմության հետ սպասվող առճակատումներում։ Սակայն ինչպիսին կլինի Վաշինգտոնի եւ Մոսկվայի քաղաքականությունը Ադրբեջանում ընտրություններից հետո, ոչ ոք ասել չի կարող... Իշխանության ըստ էության պահպանումը Ալիեւների կլանի ներքո ձեռնտու է երկու գերտերություններին էլ, սակայն ըստ էության դա ընդհանուր զարգացումների միայն սկիզբը կլինի։ Իլհամ Ալիեւի հետագա քայլերից է կախված լինելու իշխանության պահպանման ճակատագիրը։ Քանի որ նա ստիպված կլինի հաշվի նստել եւ՛ Ռուսաստանի, եւ՛ ԱՄՆ-ի շահերի հետ»։

Հայաստանի ներքին կյանքից որպես լարման օջախ մամուլն արդեն քանի օր է առանձնացնում է Երեւանի Աջափնյակի թաղապետի ընտրությունները: «Իրավունք» թերթը, մասնավորապես, այսօր գրում է. - «Ակնհայտ է, որ անզիջում պայքարն ընթանալու Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի եւ Աջափնյակի ներկայիս թաղապետ Արծրուն Խաչատրյանի միջեւ»: Առավել զարմանալի եւ զգուշացնող է, որ իշխող կոալիցիայի գծով հանրապետականների գործընկերները՝ Դաշնակցությունն ու «Օրինաց երկիր»-ը դեռ ասում են, որ չեն որոշել, թե ում թեկնածությունն են պաշտպանելու: «Կոալիցիայի անդամների դանդաղկոտությունը բացատրելի կդառնա, եթե հաշվի առնենք, որ Արծրուն Խաչատրյանի թիկունքին կանգնած է գլխավոր դատախազի գերազդեցիկ տեղակալ Աղվան Հովսեփյանը», - գրում է «Իրավունք»-ի թղթակիցը: - «Այսպիսով՝ իշխանության մեջ սպասվում է հերթական բախումը: Մի կողմից լինելու են Աղվան Հովսեփյանը, հավանաբար ոչ ընդգծված կերպով ՀՅԴ-ն, «Օրինաց երկիր»-ը եւ անգամ գուցե Ռոբերտ Քոչարյանը, իսկ մյուս կողմում՝ վարչապետի գլխավորած Հանրապետական կուսակցությունը... Բոլոր դեպքերում Աջափնյակում ընդգծված լիդեր չկա, եւ դա միայն կթեժացնի ընտրական գործընթացները, որոնք սպառնում են վերածվել բախումների», - ամփոփված է «Իրավունք»-ում:

«Այս օրերին կոալիցիոն կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել «Նվազագույն սպառողական զամբյուղի ու կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Կոալիցիայում ընդգրկված երեք կուսակցությունները լարեցին իրենց մտավոր կարողությունները ու երկնեցին միասնական փաստաթուղթ սպառողական զամբյուղի ու կենսապահովման նվազագույն բյուջեի անհրաժեշտության մասին։ Բայց այս հանրահայտ ճշմարտությունները կրկնելուց բացի գործն առայժմ առաջ չգնաց», - անդրադառնում է «Առավոտ» թերթը։ - «Նույն այդ սպառողական զամբյուղի պարունակության ու կառուցվածքի մասին օրինագծում ոչինչ ասված չէ»։ «Պետք է լրջորեն վերանայել հայերի սննդի ռացիոնը, եթե կան մարդիկ, որոնք շարունակում են սոված մնալ անգամ 14%-անոց տնտեսական աճի պայմաններում։ Գուցե իսկապես այդ մարդիկ սխա՞լ են սնվում: ժամանակն է, հավանաբար, որ կառավարությունը «գրանտ կպցնի»՝ գիտականորեն ճշգրիտ դիետա մշակելու համար», - դեղատոմս է առաջարկում «Առավոտ»-ը: Թերեւս այսօրինակ թերահավատ-հեգնական արձագանքների բերումով «Երկիր» թերթն այսօր խմբագրականում շարադրել է. - «Հեշտ հնչող ու արտաբերվող սոցիալական կողմնորոշում, սոցիալական քաղաքականություն բառակապակցությունները կարելի է շահարկել, ամեն առիթով արծարծել, բայց երբ հերթը արդեն հասնում է գործնականացմանը, այլեւս դժվար է լինում կենսագործումը ու առավել եւս՝ ընդդիմախոսի կողմից գործի գնահատումը: «Սպառողական նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի նախագիծն այն փորձաքարն էր, որը կառավարությունների ընդդիմանալու հետեւանքով չէին կարողանում հաղթահարել շատերը։ Այժմ արդեն կոալիցիան ներկայացնում է այն առ ի հաստատում», - արժեվորում է «Երկիր»-ը: - «Այս նախաձեռնությունը, իհարկե, կարոտ է լրամշակման, որի անհրաժեշտությունն ընդունում են նաեւ նախագծի հեղինակները։ Սակայն լրամշակում ասվածը միայն փնովելը չէ, այլ հետեւողական աշխատանքը, որին պարտավոր են մասնակից լինել բոլորը, եթե, իհարկե, նրանց խնդիրը սոցիալական քաղաքականություն ասվածը լոկ կարգախոսային վիճակում պահելը չէ», - եզրափակված է Դաշնակցության պաշտոնաթերթում։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG