Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը սկսեց քննարկել այլընտրանքային զինծառայությանը վերաբերող օրինագիծը


Չորեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանում սկսվեցին «Այլընտրանքային զինծառայության մասին» օրինագծի քննարկումները: Նման օրենքի ընդունումը Եվրախորհրդին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների շարքում է:

Օրինագիծը ներկայացրեց Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ): «Մենք սկսում ենք ոչ թե կլասիկ եվրոպական այլընտրանքային ծառայությունից», - ասաց նա: - «Մենք սկսում ենք «զինծառայություն առանց զենքի» տարբերակից, որը այլընտրանքային ծառայության ամենախիստ, Եվրոպայում միգուցե ամենաանընդունելի ձեւն է»:

Սա նշանակում է, որ այլընտրանքային զինծառայությունը ոչ թե քաղաքացիական, այլ դարձյալ բանակային ծառայություն է լինելու, սակայն՝ ոչ մարտական: Ուստի ծառայության այդ երկու տեսակների համար էլ, ըստ օրինագծի, պիտի ապահովվի ծանրաբեռնվածության նույն աստիճանը. եթե սովորական զինծառայությունը 24 ամիս է, այլընտրանքայինը (երբ ծառայությունը ոչ թե օրական 16, այլ 8 ժամ է) պետք է տեւի 36 կամ անգամ 42 ամիս: Բացի այդ, այլընտրանքային ծառայության դեպքում ծառայողի կյանքը վտանգի տակ չի դրվում:

Դեռեւս ճշգրտվելիք հարցերից ամենակարեւորը, թերեւս, Եվրոպայի խորհրդի պահանջները, երկրի ազգային անվտանգությունը եւ մարդու իրավունքները չխախտելու պահանջները համադրելն է: Եվրախորհդի որոշ պաշտոնյաներ, օրինակ, նախկինում հայտարարել են, թե այլընտրանքային զինծառայությունը պետք է զուտ քաղաքացիական բնույթ կրի:

Օրինագիծը նախատեսում է, որ զինվորական երդում տալուց ու զենք վերցնելուց հրաժարվողները իրավունք չեն ունենալու հետագայում աշխատելու դատական եւ իրավապահ մարմիններում:

Այլընտրանքային ծառայության հնարավորությունը օրինագծով նախատեսված է բացառապես կրոնական համոզմունքների հիման վրա: Սրան դեմ հանդես եկավ Ազգային ժողովի մյուս փոխխոսնակը՝ Տիգրան Թորոսյանը (ՀՀԿ), ում խոսքերով, դա երիտասարդներին կարող է մղել դեպի աղանդավորական կազմակերպություններ: Ուստի, Թորոսյանի կարծիքով, այլընտրանքային զինծառայություն անցնելու հնարավորություն պետք է ունենան բոլորը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG