Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով ռուսաստանյան լրատվամիջոցներով Հայկական համաշխարհային կազմակերպության հիմնադիր համագումարի մատուցումներին, «Առավոտ» թերթը ի մի է բերել. - «Դոլման ու կոնյակն, ինչ խոսք, հրաշալի են։ Սրանք հայերի նվերն են համաշխարհային քաղաքակրթությանը։ Այդ թվում եւ՝ ռուսներին, որոնց հայերը որոշել են հիշեցնել հայկական այս երկու ատրիբուտների մասին՝ ցրելու համար նրանց տարակուսանքը, թե այդ ինչո՞ւ են ողջ աշխարհի հայերը որոշել իրենց հիմնադիր համագումարն անել ոչ թե իրենց պատմական հայրենիքում, այլ Ռուսաստանի մայրաքաղաքում»։ Թերթի ամփոփիչ շեշտադրմամբ՝ պատճառը նախեւառաջ արժանապատվության պակասն է, որ «ունենալով անկախ պետություն, հայերի հավաք ենք կազմակերպում արտասահմանում՝ ներկայանալով օտարներին որպես տոլմա ուտողներ եւ կոնյակ խմողներ»:

«Իրավունք» թերթի մատուցմամբ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը ամիսներ շարունակ ցուցադրաբար ոտք չէր դնում Հայաստանի նախագահի նստավայր եւ իր հարցազրույցներում բավականին կոշտ էր արտահայտվում Ռոբերտ Քոչարյանի մասին, կարողացավ ապահովել Ռուսաստանի նախագահ Պուտինի ներկայությունը Մոսկվայում իր աշխատանքները սկսած հայերի համաշխարհային կոնգրեսին, եւ Ռոբերտ Քոչարյանը հարկադրված եղավ ներկայանալ Մոսկվա: «Ուշադրության արժանի են «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Գեղամյանի բավականին ջերմ հարաբերությունները Արա Աբրահամյանի հետ եւ այն փաստը, որ երկու հիմնական ընդդիմադիր ուժերի՝ «Ազգային միաբանության» եւ «Արդարության» ղեկավարներ Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը հրավիրված են Արա Աբրահամյանի կազմակերպած միջոցառմանը», - առանձնացրել է «Իրավունք»-ի մեկնաբանը՝ ավելացնելով. - «Պատահականություն չպետք է համարել նաեւ այն, ինչ կատարվում է «27»-ի դատավարությունում: Նաիրի Հունանյանը հանկարծ սկսեց հրապարակել այնպիսի բաներ, որոնք ոչ այնքան հաճելի են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար, եւ, ըստ էության, կարելի է փաստել, որ ոճրագործ խմբակի պարագլուխը դուրս եկավ կառավարելիության սահմաններից»: Ուրվագծելով նաեւ, թե իշխանական կոալիցիայի ուժերը ամեն կերպ ձգտում են սակագների բարձրացման հիմնական մեղավոր ու պատասխանատու հռչակել Ռոբերտ Քոչարյանին, մեկնաբանը խտացրել է. - «Չպետք է բացառել, որ հասունանում է ինչ-ինչ վերնախավային խարդավանք ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, առավել եւս, որ մոտենում է այն ժամանակը, երբ ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանին առաջարկելու են այնպիսի լուծում, որը, մեղմ ասած, քիչ ընդունելի է մեր հանրության համար»:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հայտարարության հետքերով, թե վստահության հանրաքվեի գաղափարը կորցրել է իր արդիականությունը, «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանն այսօր ընդգծում է. - «Այդուհանդերձ, այն մնում է ընդդիմության հիմնական զենքը՝ հասարակական լարվածությունը սրելու եւ քաղաքական սպեկուլյացիայի համար: Սահմանադրական դատարանի նախագահը ընդդիմությանը հզոր զենք է տվել եւ, անկախ ամեն ինչից, այսօր էլ ընդդիմությունը դրանով կարող է իրավիճակը ապակայունացնել: Կյանքի առաջիկա թանկացումների ֆոնի վրա դա անելը դժվար չի լինի»:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով, վստահության հանրաքվեն գլուխ բերելու ճանապարհին արմատականների գլխավոր հաշվարկը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Հայաստանի պատվիրակության լիազորությունները չճանաչելն էր։ Հիմա, սակայն, այս թեման արմատականները ստիպված են լինելու «թաղել յոթը սարի տակ» եւ «այս փուլում, թերեւս, թեմատիկ առումով ծանր հրետանի համարվի հունվարի 1-ից գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների հավանական բարձրացման խնդրի արծարծումը»: Առաջ գնալով՝ մեկնաբանը այս թեման էլ ասպարեզում եղած մի քանիսի հետ բնավ արդյունաբեր չի համարում ընդդիմության համար՝ ի վերջո եզրափակելով. - «Մնացել են «ֆարսի վերածված դատավարությունները», իսկ դրանց ձանձրալի ու սպառված շահարկումների միջոցով արմատականներին չի հաջողվի անգամ դիմակայության պատրանք ստեղծել»։

«Դավադրություն ընդդեմ վարչապետի» վերնագրի տակ «Հայկական ժամանակ» թերթն այսօր ներկայացնում է մի վերլուծական, որով խտացված է. - «Սեպտեմբերի 22-ին Ազգային ժողովը, ի հեճուկս ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցություն) խմբակցության, 67 «կողմ», 0 «դեմ», 0 «ձեռնպահ» ձայներով մեծ օրակարգում ընդգրկեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած «Հայխնայբանկերում ավանդադրված խնայողությունների վերականգնման եւ մարման կարգի մասին» օրենքի նախագիծը: Խորհրդարանում 67 ձայն հավաքվել է ոչ միայն առանց ՀՀԿ խմբակցության մասնակցության, այլեւ նրա դիմադրության պայմաններում: Այսինքն, ՀՀԿ-ն, կամ տվյալ դեպքում՝ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը, խորհրդարանում մեծամասնություն չունի կամ կարող է չունենալ, եթե ինչ-ինչ ուժեր ցանկանան, որ վերջ դրվի Մարգարյանի վարչապետությանը»: Մեկնաբանի վարկածով, սա Անդրանիկ Մարգարյանի դեմ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ հանրապետականների խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի դավադրության հետեւանք էր, եւ վարչապետը ժամանակ շահելու ու իրավիճակը շտկելու համար հիմա, մասնավորապես, փոխնախարարական պորտֆելներ բաժանելով ՀՅԴ-ին ու «Օրինաց երկիր»-ին՝ ստեղծում է մի վիճակ, որ կառավարության հրաժարականը այս պահին նրանց ձեռնտու չլինի: Ինչ վերաբերում է ներիշխանական նման լարվածության հիմքերին՝ «Մարգարյանը չի կարողանում կասեցնել ՀՅԴ-ի առաջխաղացումը ներիշխանական բուրգում: Եւ հետո. ըստ էության ձեւավորվել է ներիշխանական նոր ֆորմատ, կոալիցիայի խորհուրդ, որտեղ Սերժ Սարգսյանը, ըստ էության, որեւէ մասնակցություն չունի: Սա չի կարող չանհանգստացնել պաշտպանության նախարարին, որի քաղաքական երկարակեցության կրեդոն հետեւյալն է՝ իմանալ ամեն ինչ եւ ազդեցություն ունենալ ամենուր»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG