Մատչելիության հղումներ

Խոսակցությունները ՆԱՏՕ-ի մասին ձեւական բնույթ չունեն


«ՆԱՏՕ-ի նոր դերը» թեմայով սեմինարը գիտահանրամատչելի բնույթ ուներ, որը Հայաստանի լրագրողների համար անցկացվեց Հայկական ատլանտյան ընկերակցության նախաձեռնությամբ եւ ՆԱՏՕ-ի տեղեկատվության ու հասարակության հետ կապերի բաժնի աջակցությամբ:

2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո աշխարհում տեղի ունեցած փոփոխությունների, այդ թվում ՆԱՏՕ- ի դերի մասին շատ է խոսվել: Ուստի, քանի որ սեմինարի վերջին նիստին մասնակցում էր Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, լրագրողները առիթն օգտագործեցին որոշ հարցերի պարզաբանումներ ստանալու համար:

Ի՞նչ կապ ունի Հայաստանի անվտանգության համակարգն ու ՆԱՏՕ-ն, երբ ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները շատ սերտ են, Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայան կա, ԱՊՀ հավաքական անվտանգության մեջ Հայաստանն ընդգրկված է: Այս իրավիճակում արդյոք ՆԱՏՕ-ի մասին խոսելը ձեւական բնույթ չի՞ կրում, հարցին պատասխանելով՝ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանն ասաց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մեր անվտանգության կարեւոր բաղադրիչներից մեկն է:

Նրա խոսքերով, շատ մեծ տեղ ենք տալիս հայ-ռուսական համագործակցությանը, հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում համագործակցությանը, բայց նաեւ մեծ տեղ ենք տալիս ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը:

Եվ այսպես, դանդաղ քայլերով Հայաստանն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ խոսքն առաջին հերթին գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի մասին է: Բայց եթե Հայաստանը իրոք դրական վերաբերմունք ունի, այդ դեպքում ինչու ուղղակի, գոնե որպես մտադրություն, չեն ասում, թե ցանկանում ենք անդամակցել այդ կառույցին, ինչպես մեր հարեւանները:

Արթուր Աղաբեկյանի խոսքերով, մեր երկրի քաղաքական իշխանությունը որդեգրել է հետեւյալ սկզբունքը. «Հայտարարել այն, ինչ իրատեսական է»:

Նա մի հղում արեց վերջերս Վիլնյուսում անցկացված սեմինարից, որտեղ ՆԱՏՕ-ի ներկայացուցչին հարցրել է՝ «հնարավոր է, որ Հարավային Կովկասի մի երկիր անդամակցի ՆԱՏՕ-ին»: Նրա փոխանցմամբ, պատասխանը եղել է. «կամ 3 հանրապետությունները միասին կամ՝ ոչ»:

Փոխնախարարի խոսքերով, ՆԱՏՕ-ին անդամակցելը երկար ճանապարհ է, եւ առաջին հերթին պետք է հասնել եվրոպական չափանիշներին:-«Բոլոր ատյաններից մենք բարձրաձայն հայտարարում ենք,- ասաց պաշտպանության փոխնախարարը,- որ Հայաստանը համագործակցում է Ռուսաստանի հետ, ՆԱՏՕ- ի հետ, ՆԱՏՕ- ի անդամ երկրների հետ, նաեւ երկխոսություն է անցկացնում Իրանի հետ՝ տարածաշրջանի անվտանգության ճիշտ համակարգ ստեղծելու համար»:

Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG