Մատչելիության հղումներ

Գագիկ Հարությունյանը նահանջում է իր կայացրած որոշումից


Հոկտեմբերի 4-ին Վենետիկի հանձնաժողովը եւ 8-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակից երկրների ՍԴ նախագահները պայմանագիր են ստորագրելու, համատեղ կոնֆերանսների անցկացման, տեղեկատվության փոխանակման եւ այլ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:

Հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է այսօր բացված երեւանյան 8-րդ խորհրդաժողովի մասնակիցներին:

Խորհրդաժողովին մասնակցում էին պատվիրակություններ 17 երկրներից եւ 6 միջազգային կազմակերպություններից: Մարդու իրավունքների սահմանափակման, դրանց ճանաչման եւ սահմանադրությամբ իրավունքների պաշտպանության երաշխավորման հարցերը քննարկվեցին՝ վկայակոչելով տվյալ երկրի կամ եվրոպական դատարանների պրակտիկան:

Քննարկվող խնդիրներից առանցքայինն էր, թե որքանով են Մարդու իրավունքները դառնում իշխանության սահմանափակիչներ:
«Ոչ թե իշխանությամբ պետք է իրավունքը սահմանփակվի, այլ իրավունքով պետք է իշխանությունը սահմանափակվի», ասաց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանը՝ խորհրդաժողովի ընդմիջմանն անցկացված կարճատեւ մամլո ասուլիսի ժամանակ:

Իսկ Հայաստանում ինչպե՞ս է իրավիճակը, արդյոք իրավունքով է սահմանափակվում իշխանությունը, թե՝ ընդհակառակը, պարոն Հարությունյանն ասաց, որ այստեղ էլ կան լուրջ բացթողումներ, սահմանդրական եւ օրենսդրական հակասություններ,
եւ մենք հաճախ ականատես ենք լինում իշախանության սահմանափակումների:

Մի շարք այլ հարցերի պատասխանելիս պարոն Հարությունյանը՝ անդրադառնալով ընդհանրապես աշխարհում Սահմանդրական դատարանների դերին եւ կայացրած որոշումների արժեքին, ասաց, որ
ցանկացած ՍԴ որոշում դա նաեւ իրավունքի աղբյուր է:

Բայց Հայաստանի ՍԴ- ի լիազորությունները բավականին սահմանափակ են: Հանրապետության քաղաքացիներն էլ զրկված են իրենց իրավունքները դատական այս ատյանի միջոցով պաշտպանելու հնարավորությունից:

Ապրիլի 16-ին, երբ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի հայցը քննելուց հետո ՍԴ- ն հրապարակեց իր որոշումը, մասնավորապես 6-րդ կետով առաջարկվեց հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարել եւ վստահության հանրաքվե անցկացնել, տարաբնույթ մեկնաբանություններ արվեցին, իշխանությունների ներկայացուցիչներն էլ քննադատացեին այն:

Այսօր էլ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը նույն հարցին անդրադարձել է մեկ այլ ասուլիսի ժամանակ եւ կրկնել նախկինում արված հայտարարությունները:

Սահմանադրական դատարանը, ըստ ԱԺ նախագահի, նման որակի որոշումներ կայացնելու իրավասություն չուներ, քանի որ Սահմանադրական դատարանը նման լիազորություններ չուներ, բնականաբար, այդ որոշումը չի կարող իրավական հետեւանքներ ունենալ, կարծում է Արթուր Բաղդասարյանը:

Ուստի, Արթուր Բաղդասարյանի ձեւակերպմամբ, իրենք դեմ են երկրում նման նախադեպեր ստեղծելուն:

Ի դեպ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն էլ որոշակիորեն փոխել է իր կարծիքը: Ըստ նրա, թեման ձեւի եւ բովանդակության առումով կորցրել է հրատապությունը:

Ձեւի առումով հրատապությունը կորցրել է այն չափով, որ իրավասուբյեկտները, որոնց ուղղված էր ՍԴ առաջարկությունը դե ֆակտո մերժեցին, կամ մերժելու են այդ առաջարկության ընդունումը:
Բովանդակության առումով նույնպես կորցրել է հրատապությունը , որովհետեւ այդ հարցադրումը վերաբերում է որոշակի իրավիճակներում հասարակական դիմակայության հաղթահարմանը, եւ եթե ստեղծվում է այնպիսի ճգնաժամային իրավիճակ, երբ օրենսդրական կարգավորումը բավարար չէ, ապա միջազգային պրակտիկայում կիրառվում է նաեւ իրավական՝ հանրաքվեի ճանապարհը:

Այսինքն Գագիկ Հարությունյանի խոսքով, այսօր դիմակայությունն այն աստիճանի չէ, որ այդ ճանապարհով կարելի է լուծում գտնել կամ նման առաջարկ անել:

Մինչդեռ «Արդարություն» խմբակցությունը պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ որոշման այդ կետը կյանքի կոչելու համար, «Ազգային միաբանություն» կուսակցությունն էլ նույն նպատակով՝ հասարակական աջակցություն ապահովելու համար, 1 միլիոնանոց ստորագրահավաք սկսելու մասին հայտարարություն է արել:

Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG