Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի արժեւորմամբ՝ Ազգային Ժողովի մեր պատվիրակության լիազորությունների հարցը Եվրախորհրդում ոչ այլ ինչ էր, քան դեղին քարտի ցուցադրում մեր նախագահին։ Եվ այդ պատճառով էլ մեր իշխանությունը ԵԽ-ին պարտք է մնացել ու պարտավոր է ապահովել ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը։ Եթե անգամ դրանք հակասում են մեր ազգային շահերին ու վտանգում մեր երկրի անվտանգությունը։

Այս առումով «Առավոտ» -ը նկատի ունի մասնավորապես Դաշնակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը, թե իրենց համար անընդունելի է «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքն այն չեզոք-ժողովրդավարական տեսքով, ինչպես ընդունված է որոշ եվրոպական երկրներում։
«Առավոտ» - ը շեշտադրում է. ամեն կարգի ինքնագործունեություն ու կամակորության դրսեւորումները բացառվում են։

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն «Առավոտ» - ի թղթակցին ասել է. «Ես մնում եմ այն կարծիքին, որ հայ-թուրքական սահմանի բացման հավանականությունը մեծ է։ Մեր իրականության մեջ շատ տարօրինակ երեւույթ է կատարվում, երբ մարդիկ, ընդ որում, շատ լուրջ մարդիկ քննարկում են՝ պե՞տք է բացել հայ-թուրքական սահմանը, թե՞ ոչ։ Շատ տարօրինակ է։ Այդ մարդիկ, իրենց մեծ տեսաբան երեւակայելով, շատ էլեմենտար բան չեն հասկանում։ Չեն հասկանում, որ սահմանի բացումը կախված չէ մեզնից։ Թուրքերի գործն է՝ իրենց սահմանը բացում են, թե չեն բացում։ Իհարկե, ես կարծում եմ որեւէ նախապայման սահմանի բացման հարցում չի կարող լինել։ Եթե փորձեն նախապայմաններ դնել, այդ դեպքում ինձ համար էլ միանշանակ չի լինի, ես եւս դեմ կլինեմ»։

Վերջերս արծարծվող՝ ե՞րբ է Ղարաբաղը դառնալու իր իսկ հարցի կարգավորման բանակցային կողմ, հարցին էլ Հայաստանի պաշտպանության նախարարը արձագանքում է՝ «Բայց Ղարաբաղը միշտ էլ եղել է բանակցային կողմ, իսկ ո՞վ է ասում, որ Ղարաբաղը կողմ չէ։ Կարծում եմ, հերթական անգամ թյուրըմբռնում կա եւ մարդիկ հերթական անգամ փորձում են ինչ-որ բան գտնել այս ամբողջ պրոցեսի մեջ»։

«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով՝ մեր տարբեր մակարդակի պաշտնյաներից կողմից մի որոշ ժամանակ շարունակվելու է Եվրոպային սիրաշահելու իներցիան, ինչն ազդելու է երկրի ներքաղաքական զարգացումների վրա: Իսկ ներքաղաքական գործոններից ավելի ու ավելի մեծ կարեւորություն են ստանում «Հոկտեմբերի 27»-ի եւ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարությունը: Ըստ մեկնաբանի, փաստաբան Հովիկ Արսենյանի իրավունքների վերահաստատումը տեղի է ունեցել որոշակի ներիշխանական տարաձայնությունների պարագայում: ԷլեկտրաԷներգիայի, գազի եւ ջրի սակագների բարձրացումը կարող է կոալիցիայի տակ դրված ականի դեր խաղալ: Պետք է ենթադրել, որ կոալիցիայի դեմ ճնշում գործադրող ներիշխանական ուժերը կփորձեն ուղղորդված ճանապարհով հրահրել ժողովրդական դժգոհության հրապարակային երեւույթներ, ինչի նախանշաններն արդեն երեւում են իշխանամետ որոշ լրատվամիջոցների հրապարակումներից, նշվում է «Իրավունք» - ում:

«Տարօրինակ կլիներ, եթե արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միջազգային բարձր ամբիոնից մեր երկրի տնտեսական վիճակի հոռետեսական գնահատական հնչեցներ, բայց «կովկասյան վագր»՝ դա արդեն չափազանց է, - ՄԱԿ-ում Վարդան Օսկանյանի ելույթին է անդրադառնում այսօր «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - 1998 թվականին մեզ խոստացան, թե երկու տարուց շարքային քաղաքացիներն էլ կզգան տնտեսական աճի արդյունքները, բայց շատ ավելին է անցել , եւ նրանք միայն գների աճ են տեսնում: Գալիք ձմեռը մեր հայրենակիցների մեծ մասի համար շրջափակման տարիների ձմեռներից քիչ է տարբերվելու: Կլինի եւ լույս, եւ ջուր, եւ գազ, բայց դրանց օգտագործման համար փող չի լինի: «Մենք ապրեցինք ու դիմացանք մինչեւ ԱՊՀ-ում եւ Եվրոպայում աճի ամենաառաջավոր ցուցանիշներ, բայց պարզվեց, որ այդ ցուցանիշները ՄԱԿ -ի համար են, իսկ երկրի սովորական բնակիչներիս համար կիսաքաղց գոյությունն է», - եզրափակել է «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը:

«Հայոց Աշխարհ» թերթի խմբագիրը անդրադառնալով օրերս մամուլում ներկայացված՝ Ազգային Ժողովի նախկին փոխնախագահ Արա Սահակյանի որոշ գնահատականներին, այսօր գրում է. «Երբեք մի ասա, թե ավելի վատ չի լինում։ Սպասիր մինչեւ վաղը եւ կտեսնես, որ ավելի վատ, այնուամենայնիվ, լինում է։ Իսկ ինչի՞ նման է դժգոհությունն այն հանգամանքից, որ վարչախումբը ձգտում է երկարաձգել իր իշխանությունը։ Ունենալ իշխանություն եւ չփորձել երկարաձգել այն՝ նույնն է, թե ձեռքին բռնել օղու բաժակն ու չխմել։
Արա Սահակյանի եւ մնացած բոլորի դժբախտությունն այն է, որ չեն կարողանում սպասել, մինչեւ լավ լինի։ Իսկ այ ուրիշ երկրներում սպասել կարողանում են», - համադրում է խմբագիրը, մատնանշելով Չինաստանին ու Կուբային:

Առաջընթացի որոշ ծիլեր տեսնելու է կարծես հակված եւ «Հայկական Ժամանակ» թերթը, որն այսօր գրում է. «եթե պարզվի, որ կառավարությունն իր լիազորությունները չի գերազանցել, եթե արդարադատության նախարարի ուշադրությունից ոչինչ չի վրիպել, ապա կարելի է արձանագրել, որ «ԱրմենՏելին» մենաշնորհից զրկելու գործընթացի ավարտին մնացել են միայն մանր-մունր հարցեր:

Վաչե Սարգսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG